HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիանի» դժբախտ Սուտը

Հայաստանում հանքարդյունաբերության Սուտն է թագավորում:  Մետաղական յուրաքանչյուր հանքավայրի քարշիչ ուժը Սուտն է: Այդ Ստի համար պայմաններ ստեղծողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններն են, իսկ գործարարները ուրախությամբ օգտվում են դրանից:

Կխոսենք հայտնի Ստերից երկուսի մասին, որոնցից մեկը, բանտում լինելու փոխարեն, իրեն արդեն երջանիկ է զգում, իսկ մյուսը մտամոլոր է ու դժբախտ:

Ճակատագրի արդար բերումով, «Լիդիանի» Սուտը տապակվում է դժբախտության մեջ, իրեն պատեպատ տալով օտարների դռներն է թակում, թե օգնե՛ք արդար ու գթասիրտ գործարարիս, որ կարողանամ Հայաստանը ծաղկուն երկիր դարձնել:

«Լիդիանի» Ստի ախորժակը առավել է գրգռվում, երբ հիշում է, որ նույն օրերին միասին սկսած գործը հաջողություն բերեց  իր նմանակ «Վալեքսի» Ստին, որը անպատիժ վայելում է իր թռցրած գումարները Հայաստանում ու Արցախում  նորանոր հանքեր է հոտոտում:

Այս երկու Սուտն էլ իրենց վարքագծով ու նպատակներով նույնն են, կարծես նույն մորից ծնված՝ ատում են բնությունը և մարդուն, չունեն հայրենիք-ազգ գիտակցում: Երկուսի մղումներն էլ  նույնական են՝ բնության թունավորման ու ոչնչացման գնով դրամ վաստակել, սակայն ներկայացնել՝ որպես Հայաստանի անվտանգության ամրապնդման, սոցիալական և էկոլոգիական վիճակի բարելավման, երջանիկ ապագայի կերտման, և ընդհանրապես, հանուն Հայաստանի բացառիկ հանրային գերակա շահի:

Եվ ահա, գաղափարական այս երկվորյակներն այժմ տարբեր կարգավիճակներում են և «Վալեքսի» Սուտը հաճախ հեգնում է «Լիդիանի» Ստին, ինչը վերջինիս զարմացնում է, չէ որ երկուսի ստացվածքն էլ համարյա նույն գանձարան պետք է հոսեր:

«Լիդիանի» Սուտը երկար պրպտումներից հետո եկավ այն եզրահանգման, որ իր դժբախտության գլխավոր մեղավորը աշխարհագրությունն է, այսինքն՝ երեք հայտնի գետերի գրկում ծվարած կենսատու սարը, սակայն զուգահեռներ անցկացնելով «Վալեքսի» Ստի և իր անցած ճանապարհների միջև, նկատեց, որ իր գործընկեր «Վալեքսի» Ստի ոչնչացրածը նույնպես բնության հրաշալիքներից էր: Նա համացանցով դիտեց Թեղուտի հանքավայրի դեմ կազմակերպված քննարկումները, երթերը և համոզվեց, որ հասարակության վերաբերմունքը Թեղուտի և Ամուլսարի հարցում նույնն է, այդուհանդերձ, Թեղուտը շահագործվեց:

Վերջապես, նա գտավ Թեղուտի կործանման պատճառը՝ դա տեղի բնակչության կողմից խնդրի թյուրըմբռնումն էր, սևը սպիտակից զատելու անկարողությունը: Բնակչության մեծամասնությունը, հավատալով «ոսկե սարերի» սին խոստումներին, աջակցեց «Վալեքսի» Ստին, որպեսզի ոչնչացնի իրենց կյանքի հենարանը: Իհարկե, այդ հարցում կարևոր դեր կատարեցին երկրի երկրորդ և երրորդ նախագահների բարձր հովանավորությունը և ինչպես ասվում էր,  այդտեղ հավանական փայաբաժին ունենալու հանգամանքը:

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ երկու Սուտն էլ ունեցել են նշված նախագահների բարձր հովանավորությունը, որ երկուսն էլ առատ «նվերներ» են բաշխել, մասնագետներ են գործուղել արտերկրներ՝ ազգն ու հայրենիքը ուրանալու, հռետորական արվեստ ձեռք բերելու և քարսիրտ դառնալու նպատակով: «Լիդիանի»  Սուտը գործնականում համոզված է, որ առանց նշված գործոնների հնարավոր չէ հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալ, առավել ևս, որ Հայաստանում հանքավայրեր այլևս չկան, մնում է միայն հանքերևակումները շահագործել որպես հանքավայր, իսկ դա նշանակում է, երկիրը տանել դեպի կործանում:

Բազմակողմանի ուսումնասիրությունը «Լիդիանի» Ստին բերեց այն հստակ համոզման, որ աշխարհագրությունը վճռորոշ չէ, քանզի Ամուլսարի նման անգնահատելի շատ տարածքներ են ոչնչացվել, և իր գլխավոր թշնամին մարդկային առողջ բանականությունն է, ինչն արտահայտվում է տեղի բնակչության գործողություններում: Այստեղ նա հիշեց մեր կրոնական հայրերից մեկի այն միտքը, թե «եկեղեցու նպատակն է կոտրել, այդ չարիքի՝ մարդկային բանականության վիզը»: Այստեղ «Լիդիանի» Սուտը դառնորեն ողբաց և անիծեց եկեղեցուն, որ հարյուրամյակներ են անցել, սակայն նա դեռևս չի կարողացել իր առաքելությունը լիարժեք ի կատար ածել:

«Լիդիանի» Սուտը հույսով է լցվում, երբ լսում է այն շշուկները, որ իբր վերջին իշխանափոխության պահին, առաջին աթոռը փոխանցելիս, աթոռին կցվել է մի փոքրիկ չհրկիզվող արկղ, որի մեջ եղած հույժ գաղտնի ծրագրում նշված է նաև Ամուլսարի խնդրում բարձրյալի հովանավորության պարտադրանքը:  Հավանաբար,սա կապանքների մեջ է պահում նորընտիր իշխանությանը:  Բացի այդ, գիտական աստիճան  ունեցող, սակայն ծախու մասնագետների օգնությամբ, «Լիդիանի» Ստին հաջողվել է մոլորեցնել մեր վարչապետին, իր թիմով հանդերձ: Սրանց համոզել են, որ իբր հանքի շահագործումը կյանքին վտանգ չի սպառնում, իսկ եթե լինի էլ՝ կառավարելի է: Ահա թե ինչու, Ամուլսարին վերաբերող վարչապետի ելույթներն անհասկանալի են և հիմնազուրկ: Այս հարցում անճարակությունը նրան ստիպում է երբեմն դիմել նույնիսկ  նենգափոխումների, տրորելով նաև այլ արժեքներ...

Նա հայտարարում է, թե կառավարությունն է վճռելու Ամուլսարի բացման կամ փակման խնդիրը, ժողովուրդ դու քո ձայնը տվել ես ինձ, ուրեմն մի խանգարիր իմ կառավարությանը և հասկացիր, ամբոխային քո ձայնը, ինչպես բազմիցս փաստվել է, գիտական ու տրամաբանական հիմք չունի, ուրեմն, ապավինիր քո ընտրյալի ձայնին: Նաև՝ վանկարկումը, թե «մենք ենք տերը, մեր երկրի»  ժամկետանց է, քանզի ձեր ձայնը ինձ տալով, արդեն ես եմ տերը մեր երկրի: Ժողովուրդ, դու ինձ զարմացնում ես քո վախկոտությամբ ու կասկածամտությամբ՝ սարսափում ես երկրաշարժից, ուրանից և մյուս ծանր մետաղներից ու նրանցով աղտոտված ջրից ու հողից: Ժողովուրդ, դու սնապարծորեն հպարտանում ես Քարահունջի պարսատիկի քարերով ու հավաբուն Գառնիի տաճարով, կառչել ես քո ավանդական վարք ու բարքին և չես ցանկանում բարեփոխություններ կատարեմ: Անհասկանալիորեն չես վստահում իմ նշանակած կադրերին, իմացիր, որ նրանք են քեզ ճահճից հանել: Սիրելի ժողովուրդ, ինձ մի շեղիր իմ գլխավոր նպատակներից... դու ե՞րբ պիտի հասկանաս, որ թավշյա մահակը հեշտությամբ կարող է վերածվել երկաթյա մահակի:

***

Յուրաքանչյուր գործ ունի իր ավարտը և իրենց վախճանին հասան նաև քննարկվող Ստերը: «Վալեքսի» Սուտը, ի վերջո, բերման ենթարկվեց, դատարանում ապացուցվեցին Թեղուտի հանքավայրի ծրագրում նրա կատարած կեղծիքները, խաբեությունները, մեքենայությունները և ընկերության կողմից Հայաստանին հասցրած տրիլիոնավոր դրամի տնտեսական վնասը: Նրանից բռնագանձվեց համապատասխան գումարը, առոչինչ ճանաչվեցին Հայաստանում և Արցախում նրա բազմաթիվ հանքավայրերի արտոնագրերը, «Վալեքսի» ղեկավարներից մի քանիսը բանտարկվեցին, իսկ ընկերությունը արտաքսվեց Հայաստանից և Արցախից:

«Լիդիանի» Սուտը նույնպես ստացավ իր արժանի գնահատականը: Վարչապետը Ամուլսարի հարցը անձամբ ուսումնասիրելուց հետո հայտարարեց, որ խնդրի լուծումը պետք է լինի անկողմնակալ: Իրավական և գիտական կառույցները հաստատեցին Հայաստանի անկախ փորձագետների, Հարություն Բրոնոզյանի գիտական խմբի և ԷԼԱՐԴ-ի եզրակացությունների հիմնավորվածությունը, որ նախագիծը կազմվել է թերություններով ու կոծկումներով, իսկ բնապահպանության նախարարությունը ոչ պատշաճ փորձաքննություն կատարելով տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն և դիտավորյալ, թաքցրել է Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները: Այս ամենը հիմք հանդիսացան հանքավայրը շահագործելու արտոնությունից «Լիդիանի» Ստին զրկելու համար և նրան պարտադրել՝ իր միջոցներով վերականգել ավերված տարածքները:

Գործը միայն սրանով չավարտվեց: Ուսումնասիրվեց հանքարդյունաբերությանը վերաբերող օրենսդրությունը, բացահայտվեց, որ վերջին 20 տարիներին ընդունվել են պետության շահը հակասող օրենքներ: Այդ օրենքներում փոփոխություններ կատարելով դրանք համապատասխանեցրին պետության շահին՝ հանքարդյունաբերական թափոնները բերվեցին հարկային դաշտ, հանքատերերին տրվեց միայն 2 % մաքուր շահույթ ստանալու իրավունք, իսկ 98 %-ը պետք է մուծվի պետական գանձարան, երբ մինչ այդ դրա հակառակն էր: Այս ամենին զուգահեռ վարչապետը ստեղծեց պրոֆեսիոնալ պետական կառավարման համակարգ, հրաժարվեց ճոխություններից ու շքեղություններից, վերացրեց պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների աշխատավարձերի խայտառակ տարբերությունը, արգելեց անբարով վարկ և վտանգավոր այլ գաղափարներ տարածող կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում, պարտադրեց հոգատար վերաբերմունք հայոց լեզվի ու մշակույթի նկատմամբ... Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում վերականգնվեց ժողովրդի սերն ու վստահությունը իշխանության նկատմամբ:

Հակոբ Սանասարյան

2019-12-04

Մեկնաբանություններ (1)

Գրետա Գաբրիելյան
Պարոն Սանասարյան, փաստորեն եթե անհասկանալի է, ինչու՞ չի ստացվում գիտականորեն հիմնավորված Ամուլսարի հանքավայրի շահագործման վտանգները տեղ հասցնել կառավարությանը, դեռևս հույս կա թատերականացված ներկայացման միջոցով այդ վտանգները ներկայացնել: Ես կարծես թե մի ներկայացում տեսա ձեր գրված սցենարով, որտեղ Լիդիանի Սուտը Թեղուտի Ստի հետ , մեկը մյուսի հետ մրցում են, թե որ՞ մեկի սուտն է ավելի ցինիկ ու ազգադավ , բեմ է բարձրանում հայ ժողովրդին ծառայող Հայաստանի Կառավարության դեմքը ներկայացնող դատավորը ու կարդում դատավճիռը՝ որը իրենից ներկայացնում է ձեր այս արժեքավոր նյութի վերջաբանը. Իսկ ավելի իրատեսական եթե լինենք, ես հավատացած եմ, որ գալու է այդ օրը, երբ ձեր կանխատեսումը իրական է դառնալու: Իսկ այսօր այդ դատավճիռը պետք է գրել մի վարդագույն թղթի վրա , որի տակ ստորագրված է ՝ Հայաստանի Հպարտ Ժողովուրդ , դնել շշի մեջ և թաղել . Որտեղ՞ թաղել.... այս է խնդիրը, կմտածենք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter