HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկի քաղաքապետարանն ընթացք չի տալիս ազատամարտիկի անունով փողոց անվանակոչելու դիմումին

Իշխանությունները համարժեքորեն չեն գնահատում Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը: Այս մասին հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը Երևանում որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում:

Ծնունդով արթիկցի, ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պտտվում:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը' հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողել է ադրբեջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ և տեղափոխել հայկական զինուժի կողմ:

Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում զայրույթով նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ' Խաչատուր Վարաքյան) ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին:

Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել ՀՀ-ի և Արցախի պաշտպանության նախարարությունները:

Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում Երևանում պատրաստվում է տալ մամուլի ասուլիս և լրատվամիջոցներին իրազեկել հերոսների հիշատակի հանդեպ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքի մասին: Այս մասին նշվում է Արցախյան պատերազմի վետերան Արսեն Մինասյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter