
«Ես հավատում եմ Տարոնին». Ռուբեն Հախվերդյան (վիդեո)
«Արդեն 30 տարի է, ինչ այդ այգին զիբիլանոց է, ինչո՞ւ մեկը հարց չէր տալիս` ինչու էդ զիբիլանոցը չեք սարքում այգի: Հախվերդյան Ռուբիկը էդտեղ ծնվել, մեծացել է, դու էդտեղ այգի տեսե՞լ ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցրեց ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Ոչ»,- պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը:
Նա միացել էր այգու համար պայքարող ակտիվիստներին քաղաքապետարան այցելության ժամանակ, բայց իզուր են բնապահպան ցուցարարները կարծել, թե Հախվերդյանն իրենց համախոհն է: Պուրակում կառուցվող շինությունների դեմ պայքարը Ռուբեն Հախվերդյանը որակում է որպես «մեծ աղմուկ ոչնչից». «Դա բնապաշտպանության հետ այդքան էլ առնչություն չունի: Եթե պայքարում են, թող պայքարեն այն անճաշակ «նարեկիզմների» դեմ, որ գծվել է հրապարակի հետևում: Այդ այգին աղբանոցի էր վերածվել»:
Մաշտոցի պուրակում, Մանվել Բադեյանի խոսքով, «որևէ ծառ, որևէ ճյուղ, որևէ խոտ» չի տուժել. «Թող բնապահպանները ինձ ցույց տան մի հատ կոտրված ճյուղ: Դուք հիշում եք Աբովյան փողոցի խայտառակ վիճակը, հիշում եք` մեր մշակութային գլխավոր փողոցը ինչի էր վերածվել, վերջապես ընդունվեց այդ կրպակները կենտրոնական փողոցից հանելու քաղաքական մի որոշում: Եվ կա նաև մի սոցիալական հարց. այդ կրպակատերերը մարդ են, ընտանիք են պահում: Պիտի տուն պահե՞ն, թե՞ չէ: Պետք է նրանց մի հնարավորություն տրվի՞, թե՞ չէ, որ նրանք իրենց տունը կարողանան պահել. դա կոմպրոմիսային որոշում էր, այն էլ` ժամանակավոր»:
Երկու տարի հետո, պատգամավորի խոսքով, Մաշտոցի այգում կառուցվող կրպակաշարը ապամոնտաժվելու է «Հին Երևան» ծրագրի շրջանակներում: Եթե այդպես չլինի, ինքը խոստանում է հրաժարական տալ:
«Ես հավատում եմ Տարոնին: Տարոնը իր խղճի դեմ գնացող մարդ չէ: Ժողովուրդը չի վստահում կառավարությանը, իսկ ես Տարոնին վստահում եմ, տեսել եմ իր թաղամասը. հոյակապ թաղամաս է»,- ավելացրեց Ռուբեն Հախվերդյանը:
Իսկ թե արդյոք քաղաքապետարանը մեղավոր չէ, որ Մաշտոցի այգին նախկինում աղբանոցից չի տարբերվել, Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Քաղաքապետարանն էլ կարող էր մաքրել, բայց գնացել էր Զանգվի ձորն էր մաքրում»:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել