HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառքի վերաբերյալ մեղադրանքը Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց, իսկ փոխնախարար Արսեն Դավթյանը՝ ոչ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր սկսվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ դատական նիստը:

Արսեն Դավթյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Այսպես, Արսեն Դավթյանը, 2018 թվականի մայիսի 23-ից զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մշտապես իրականացրել կազմակերպական, տնօրինական,  վարչատնտեսական գործառույթներ: Որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ Դավթյանը լիազորված է եղել նաև իր համակարգած ոլորտի վերաբերյալ նախարարին ներկայացնել առաջարկներ:

Դավթյանն առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն ի պաշտոնե համակարգել է նաև մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքներն ու առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց,  վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով,  ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին  որոշակի գործողությւոն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի»  2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ  հնարավորին քիչ կրճատելուն,  ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և  բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն  և վերաբաշխելուն: Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար:

Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:

Մեղադրանքներն ընթերցելուց հետո փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մյուս ամբաստանյալը՝ Ռազմիկ Աբրահամյանը, դիրքորոշում հայտնեց, որ մեղադրանքը ընդունում է որոշակի վերապահումներով, որոնց մասին հետագայում կխոսի իր պաշտպանը:

Դատարանն այսօր սահմանեց նաև ապացույցների հետազոտման կարգ: Նախ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, լազերային սկավառակներն ու իրեղեն ապացույցներն, ապա կհարցաքննվեն վկաները, որից հետո՝ ամբաստանյալները:

Դատարանն առաջարկեց գործում առկա լազերային սկավառակներն ու դրանց բովանդակության թղթային տարբերակով վերծանումները զուգահեռ հետազոտել: Մինչ սկսելն Արսեն Դավթյանի պաշտպան Ալեքսան Թումասյանը միջնորդեց սկավառակների հետազոտման ընթացքում արգելել լրատվամիջոցներին տեսանկարահանում և ձայնագրություն իրականացնել, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը միջնորդեց դռնփակ հետազոտել այդ ապացույցները: Պաշտպանները հղում էին անում անձնական տվյալների, անձնական կյանքի գաղտնիության վերաբերյալ իրավունքին: Դատարանը, թեև դռնփակ նիստ անցկացնելու որոշում չկայացրեց՝ լրագրողներին արգելեց ոչ միայն տեսագրություն, այլ նաև ձայնագրություն իրականացնել:

Գործում առկա ապացույցների մի մասի հետազոտումից հետո նիստը հետաձգվեց մինչև 2020-ի հունվարի 16-ը:

Ռազմիկ Աբրահամյանը՝ ծննդատներից օտարերկրացիների նորածիններ որդեգրելու մասին

Նշենք, որ մինչ դատական նիստի մեկնարկը Ռազմիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև նորածիններին արտերկրի քաղաքացիներին որդեգրման հանձնելու գործին, որում, հիշեցնենք, շոշափվում էր նաև «Հանրապետական ծննդատան» անունը:

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն, ոչ մի առնչություն»,- ասաց Աբրահամյանը:

Դիտարկմանը, որ շոշափվում էր նաև «Հանրապետական» ծննդատան անունը, Աբրահամյանն ասաց. «Դա կատարում են Արդարադատության նախարարությունը, Սոցապ նախարարությունը, իրավապահ մարմինները, մանկատները»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները՝ խնամքն ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում, որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց՝ որպես կաշառք, գումար ստանալուց։

Լուսանկարում՝ ձախից Ռազմիկ Աբրահամյանը, Արսեն Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter