HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետարանի՝ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների դեմ ներկայացրած հայցադիմումները

Հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան 2500 բնակչի ներկայացրած հանրագիրը համայնքի ավագանին այս տարվա մայիսի 23-ին որոշել էր հավանություն տալ համայնքի բնակիչների՝ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագումարում նշված առաջարկությանը:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 11-ին ընդդեմ Եղեգնաձորի ավագանու, դիմել է վարչական դատարան՝ ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ», անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի ավագանին ևս նմանատիպ որոշում էր կայացրել: Համայնքի ավելի քան 3000 բնակիչ ներկայացրել է հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. դեկտեմբերի 18-ին որոշել էր «հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 14-ին դիմել էր Վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն, անվավեր ճանաչելու պահանջով:

Երկու հայցադիմումների հիման վրա էլ դատարանը որոշել է վերադարձնել դրանք: Պատճառաբանությունն այն է, որ  որ վիճարկվող իրավական ակտը նորմատիվ բնույթ չունի, քանի որ դրա կարգադրագիրն անհատականացված է, վերաբերում է որոշակի թվով, ինքնությունը որոշված անձանց և համայնքին: Այսինքն՝ տվյալ իրավական ակտը իրավական նորմ չի պարունակում, այն կարգադրագիր է պարունակում որոշակի թվով և ինքնությունը որոշված անձանց համար, հետևաբար, տվյալ իրավական ակտն օժտված է անհատական իրավական ակտի հատկանիշներով:

Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ վիճարկվող իրավական ակտն ունի անհատական բնույթ, դրանով կարգադրագիր է սահմանվել կոնկրետ անձանց համար, իսկ դիմում ներկայացրած տարածքային կառավարման մարմնի դիրքորոշմամբ վիճարկվող իրավական ակտով խախտվում են պետության իրավունքները՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պատշաճ հայցատեսակ է վիճարկման հայցը: Ընդ որում, Դատարանն ընդգծում է, որ նշված հայցատեսակը ներկայացնելու դեպքում պետք է հաշվի առնել և պահպանել դրան առաջադրվող բոլոր պահանջները, այդ թվում՝ պետական տուրքի գումարի և դատավարական ժամկետների մասով:

Դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի առանցքային հատկանիշներից է անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելը կամ այլ կերպ ասած՝ իրավական նորմ պարունակելը: Հետևաբար, նորմատիվ կարող է համարվել այն իրավական ակտը, որը պարունակում է առնվազն մեկ իրավական նորմ՝ վարքագծի պարտադիր կանոն՝ ուղղված անորոշ թվով անձանց: Ընդ որում, դատարանն ընդգծում է նաև, որ իրավական նորմը կարող է վերաբերել միայն որոշակի կարգավիճակ ունեցող, որոշակի շրջանակի անձանց, սակայն իրավական նորմի առանցքային հատկանիշն այն է, որ դրանով անձնավորված, անհատականացված չեն այն անձինք, որոնց վերաբերում է վարքագծի տվյալ կանոնը և նրանց թիվն անորոշ է:

Տվյալ պարագայում, ուսումնասիրելով վիճարկվող իրավական ակտի կարգադրագիրը՝ դատարանն արձանագրում է, որ այն ուղղված է որոշակի թվով անձանց, որոնց ինքնությունը անհատականացված է: Մասնավորապես, հայցադիմումում բերված փաստերի համաձայն՝ տվյալ իրավական ակտն ընդունվել է Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքի որոշակի թվով բնակիչների կողմից ստորագրված հանրագրերի արդյունքում, հետևաբար, իրավական ակտում պարունակվող կարգադրագիրը վերաբերում է հենց հանրագիրը ներկայացրած որոշակի թվով անձանց, որոնց ինքնությունը հայտնի է: Այսինքն՝ իրավական ակտի կարգադրագիրը նաև ունի անձնավորված բնույթ:

«Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պատշաճ հայցատեսակ է վիճարկման հայցը: Ընդ որում, Դատարանն ընդգծում է, որ նշված հայցատեսակը ներկայացնելու դեպքում պետք է հաշվի առնել և պահպանել դրան առաջադրվող բոլոր պահանջները, այդ թվում՝ պետական տուրքի գումարի և դատավարական ժամկետների մասով»,- արձանագրել է Վարչական դատարանը:

Վայոց ձորի մարզպետարանը Եղեգնաձորի ավագանու գործով դիմել է Վերաքննիչ վարչական դատարան՝ բողոքարկելու հայցադիմումը վերադարձնելու ստորադաս դատարանի որոշումը: Դատարանը դեռ որոշում չի կայացրել:

 

Լուսանկարում՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։