HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿԵ նախարարն ու Ռուսաստանի դեսպանն ամփոփել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

Դեկտեմբերի 10-ին կայացել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում ՌԴ  արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։  Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով` մինչև 2026 թվականը։ Միջկառավարական համաձայնագրով նախատեսվում է հայկական կողմին տրամադրել 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, որոնք ուղղվելու են կայանի անվտանգության և շահագործման արդյունավետության բարձրացման աշխատանքներին։ 

Անդրադառնալով ատոմակայանի ռազամավարական կարևոր նշանակությանը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործվող էներգաբլոկի անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից է և գտնվում է կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում:  ՀԱԷԿ-ն էլեկտրաէներգիա է արտադրում բազիսային ռեժիմում, որը հանրապետության էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր հաշվեկշռի 30-40%-ն է կազմում, իսկ իր ողջ հզորությամբ գործելու դեպքում կապահովի Հայաստանի էներգետիկ պահանջարկի 50 տոկոսը՝ հնարավորություն տալով երկրի համար ապահովել պատշաճ մակարդակով էներգետիկ անվտանգություն և անկախություն:

«ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ, այլ նաև շարունակել լինել արտահանող երկիր։ Հարկ եմ համարում նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացումը  մշտական գործընթաց է, այն իրականացվում է վերագործարկման պահից և կշարունակվի մինչև կայանի շահագործման վերջին օրը»,- ընդգծել է նախարարը և հավելել«Մեր ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և միջազգային կառույցների տված  բարձր գնահատականը խոսում է այն մասին, որ մեր հարևանների կողմից անվտանգությունը կասկածի տակ դնող մտահոգությունները տեղին չեն»:

Խոսելով էներգետիկ բնագավառում ՌԴ ու ՀՀ համագործակցության զարգացումից՝  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է «Այս տարի մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը միջնաժամկետ հեռանկարում կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը։  Վերջին շրջանում Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է կայացնել մի շարք կարևոր որոշումներ, որոնք թույլ են տվել երկարաձգել ռուսական վարկային գծի ժամկետը, համաձայնեցնել մնացած աշխատանքների ծրագիրն ու նայել առաջ՝ առնվազն մինչև 2030 թվականը։ Դրանք կարևոր ռազմավարական որոշումներ են, որոնք ամբողջովին համահունչ են մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման վերջերս նորացված ռազմավարությանը, և թույլ են տալիս մեր հայ ընկերներին,  առավել հանգիստ պայմաններում, մի կողմից գրագետ կազմել սակագնային քաղաքականությունը, մյուս կողմից՝ երաշխավորված ապահովել բարեկամ Հայաստանի բոլոր սպառողների համար էժան և էկոլոգիապես մաքուր էներգապաշարներ։ Կարևոր է՝ նշվածն իրականացնել համաձայնեցված ժամկետներում»։

Մեդիա-տուրի շրջանակում մասնակիցներն այցելել են տուրբինային արտադրամաս, որտեղ ծանոթացել են  2019 թվականի հիմնական աշխատանքներին։ Իրականացված միջոցառումների արդյունքներով դրական եզրակացություն է տրվել ռեակտորային սարքավորումները մինչև 2026 թվականը շահագործելուն։ Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով։ 

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի խոսքերով՝  արդեն իսկ ընթանում են կայանի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի քննարկումները, և ուսումնասիրվում է 5 կամ 10 տարով երկարաձգելու հարցը։ Արդիականացվել են ղեկավարման ու պաշտպանության համակարգի էլեկտրասարքավորումները և կատարվել է ռեակտորի իրանի գործիքային հետազոտություն՝ համաձայն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) ներկայացրած պահանջների: Բոլոր աշխատանքները կատարվել են ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման և  էլեկտրաէներգիայի արտադրության (10-12%) արդյունավետության բարձրացման նպատակով՝ առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter