Օ՜, սրիկաներ, ահա Քաղաքը: Խուժեք կայարան…
Օ՜, սրիկաներ, ահա Քաղաքը: Խուժեք կայարան…
Արեւմտանիստ սուրբ Քաղաքին էլ վերջապես հասանք:
Ա. Ռեմբո
Արտագաղթը սկսվում է Մաշտոցի պուրակից: Ինձ համար այգու, ծառի արժեքը հավիտենական է, եւ չի կարող ստորադասվել որեւէ այլ խնդրի: Այգին օրեցօր տրոհվող քաղաքում միակ վայրն է, որ պահպանում է մարդկային դիմագիծը, եւ այդ մարդկային դիմագիծը հնարավոր է` հաղորդվի այդ պուրակներով զբոսնող, քայլող մարդկանց…
Այգին միակ տարածքն է, որը կրում է աստվածայինի եւ հավերժականի դրոշմը: Մեկ ծառը ավելի մեծ արժեք ունի թե բոլոր մարդ էակների եւ թե տիեզերքի համար, քան Հյուսիսային պողոտայի սառը եւ ճնշող դիմագիծն ամբողջությամբ:
Ինձ համար այգին տարանջատված չէ մյուս այգիներից ու բնությունից առհասարակ, սակայն կյանքի բերումով չորս տարեկանից ապրել եմ հենց այս նույն այգու հարեւանությամբ, մանկությանս մեծ մասն անցկացրել եմ հենց Մաշտոցի պուրակում, ինձ ծանոթ է ամեն ծառը, թուփը, որոնցից շատերն արդեն վաղուց ոչնչացվել են: Ձախ թեւում գտնվող հսկա կաղնու տակ թաղել եմ թութակներին, որոնց ժամանակին պահում ու խնամում էի տանը….
Այս այգին իմ մանկության մի մասն է: Մեզ համար այն եղել է թե ֆուտբոլի դաշտ, թե մարտադաշտ, թե ժամադրավայր…
Բազմաթիվ ծառեր կտրվեցին սեւումութ տարիներին, սակայն բնակիչների ջանքերով նաեւ պահպանվեցին դրանցից շատերը:
Այդ իսկ պատճառով էլ իրավասու եմ վկայել, որ տեղադրված կրպակներն իննսուն տոկոսով տեղադրված են կանաչ տարածքներում, եւ միայն աննշան մասով` այգու բետոնե քայլուղում:
Այգի չսիրող ագրեսիվ մշակույթի լավագույն օրինակը Հյուսիսային պողոտան է. քանդվեց քաղաքի հին մասը, որտեղ խարխուլ եւ հողաշեն տների կողքին կային նաեւ լուրջ հետքրքրություն ներկայացնող եւ բուն երեւանյան տներ, սակայն ամենակարեւորն այն է, որ չկար մի տուն, որը շրջապատված չլիներ ծառերով: Այդ ամենի փոխարեն կառուցվեց անապատ` դեկորատիվ ծառերով:
Նույնը կատարվեց Ժուռնալիստների միության շենքի հարեւանությամբ՝ Մաշտոցի 7 հասցեում, հանրային գրադարանին հարող պուրակում, Խանջյան փողոցի ամբողջ երկայնքով... : Բետոնն անխնա ոչնչացրեց բնությունը, եւ այդ ամենն արվեց լրջագույն, աննխադեպ ճնշումների միջոցով` երեւանցիների շահերը բացահայտորեն ոտնահարելով:
Քաղաքում շենքերը զրուցում են իրար հետ, ինչպես հատուկ է քաղաքին, քաղաքայինին:
Զրույցի մշակույթն այնքան հատուկ է քաղաքին: Եւ զրույցում իր բնական տեղն ունի այգին. այն շենքերի միջեւ զրույցի խոսուն միջնորդն է, զրույցի կայացման երաշխիքը:
Հերթական այգու ոչնչացումը խաթարում է ճարտարապետական խոսքը:
Քանի որ բնական միջնորդն օտարված է, քաղաքից ու քաղաքայինից դուրս օտար մարմին է:
Մի շենքից հորդող խոսքը բախվում է առեւտրական մշակույթի հիսուն տոկոսանոց զեղչի մասին հայտարարող բետոնե պատին ու հետ գալիս: Զրույցը վերածվում է աղմուկի, անհաղորդ խոսքը դառնում է բողոք, ագրեսիա:
Այգին պետք է մնա այգի: Այգում մեկ սմ կանաչ տարածքի փոխարեն անգամ հույժ կարեւոր ինչ-որ բան կառուցել չի կարելի: Քաղաքն ինքն իրենով արդեն իսկ առանձին մշակույթ է, կենսոլորտ, որն օժտված է ուրույն էներգետիկայով:
Որքան քաղաքում բնությունն է իշխում, որքան գերիշխում է բնական ծառերի կանաչը, որքան խնամված են ծաղկանոցներիը, այնքան քաղաքի էներգետիկան դրական է, որքան շատ է բետոնը, սուր անկյունները, շենքերի սրությունը, որոնք Հյուսիսային պողոտայում դանակի շեղբերի նման մխրճվում են հոսող անցորդների անպաշտպան շարքերով, այնքան այդ մշակույթը դառնում է անտանելի, դառնում է բացասական մարդու համար, եւ նրան մղում սկզբնական հայացքից չպատճառաբանված ագրեսիայի:
Աստիճանաբար քաղաքը դառնում է առեւտրային մի տաղավար, մի մեծ տոնավաճառ, որտեղ բնությունն օտարված է:
Տարիներ առաջ քաղաքային տեսարանի էսքիզներ անելու համար կերպարվեստի բուհերի ուսանողներից շատերն իրենց օրն անց էին կացնում հենց Մաշտոցի այգում: Էսքիզներից շատերը լուսանկարչական ճշգրտությամբ ֆիքսել են կանաչը: Այգու գույնն այլեւս կրպա՞կն է լինելու:
Հոգեւորի զեղչման մասին է խոսում այսօրվա վիճակը: «Բուծիկները» միգուցե այսօրվա Երեւանի էության մեջ ավելի են տեղավորվում, քան բնությունն ու ծառերը: Այն քաղաքում, ուր անգամ ավտոմեքենաների ճոխությունը հասել է աներեւակայելի մետաղամրցավազքի, «բուծիկները» պետք է գրավեն անգամ օպերային թատրոնի, Փարաջանովի թանգարանի, կառավարության շենքի տեղը… «Բուծիկներ»` ռոբոտների և մարդանման զոմբիների համար և հանուն...
Քաղաքայինը մշակույթ է կերտում նաեւ արվեստի իմաստով: Քաղաքայինը մշակույթ է, ու եթե առեւտրականը չի գնահատում դա, մտավորականը պետք է տեսնի դա: Մտավորականը պետք է նայի ու տեսնի, եթե միայն նա արքունի չէ:
Մտավորականը մշտապես եղել է, եթե անգամ նրան գլխատել են, հասարակության շարժիչը: Պատերազմի ժամանակ զենք վերցրել, խաղաղ ժամանակ արարել կամ գնահատել ուրիշի արարածը….
Մաշտոցի պուրակի վերջին օրերի զարգացումներն անփոխարինելի լակմուսի թուղթ են մտավորականին մտա-վորականից տարբերելու համար: Նաեւ ժամանակ է, երբ ճիվաղներն ի ցույց են դնում իրենց իրական դեմքը՝ ծպտյալ ճիվաղությունը, որ քողարկել էին մտավորականի շղարշով: Լսեցի տեսակետներ, որոնք ինձ ուղղակի ապշեցրեցին:
Լսեցի կարծիք, թե դա այգի չէ, այլ կեղտի մեջ կորած տարածք: Ի դեպ, վայ ու շատ խո՜րը մտա-վորականը այգու մասին անցյալ ժամանակով է խոսում` հաշիվները արդեն մաքրած համարելով այգու հետ, ինչպես ժամանակին Մաշտոցի 7-ում գտնվող մեկ այլ կանաչ զանգվածի հետ… Գենետիկ կապ կա, խո՜րը կապ… Կեղտի մեջ կորած տարածքը պետք է վերացնել` ծառ տնկելով, այլ ոչ թե էժանագին, հոտավետ «բուծիկներ» տեղադրելով եւ ընդմիշտ բետոնով ծածկելով հողը:
Պարզվում է, որ այդ կեղտն իրականում մարդկանց մեջ է բնակվում ու փթթում, դա նրանց հոգու կեղտն է, էության նեխվածքն ու գարշահոտությունը:
Արտագաղթը հասնում է մտքին, օտարացումն սկսվում` ներսում…
Երբ որ տեսնեմ, որ քաղաքը լրիվ անապատի է վերածվում, երբ կորցնեմ իմ Երեւանը, ստիպված պետք է այլ վայրում իմ Երեւանը փնտրեմ, որովետեւ օրգանապես շատ հզոր ու խորը արմատով եմ կապված Երեւանի հետ, եւ ինձ համար Երեւանի կորուստը մահվան նման բան է...
Երեւանից փշրանքներ են մնացել, բայց պատրաստ եմ անգամ այդ փշրանքներով բավարարվել, որովհետեւ դրանք իմ Երեւանինն են, բայց այդ փշրանքն էլ կորցնելով` այլեւս կառչելու տեղ չի մնա:
Հասարակությո՛ւն, ամեն ինչ նախկին իր տե՜ղը ընկավ:
Խնջույքն է մաղում հին պոռնկատան խռմփոցն իր հին,
Եւ զառանցելով, գազի լապտերը` կարմիր պատից կախ,
Իր չարագուշակ կրակն է ուղղում աղոտ լազուրին:
Ա. Ռեմբո, մայիս 1871թ.
Հեղինակներ՝ Վահե Արսեն, Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել