HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենքային ինչպիսի պայմաններում են պահվում դատապարտյալներն ու կալանավորները

«Հետք»-ը վեց ամիսների ընթացքում այցելել է հանրապետության 10 քրեակատարողական հիմնարկներ՝ ուսումնասիրելու ՔԿՀ-ների շենքային պայմանները: Բացի նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ից, մյուս քրեակատարողական հիմնարկներում կապիտալ շինաշխատանքների կարիք կա:

Տարիների ընթացքում մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք միտված են եղել զուտ շենքերը փրկելուն: Կալանավորված անձինք և դատապարտյալները շարունակում են պատիժ կրել չօդափոխվող, երբեմն խոնավ խցերում: Ըստ Քրեակատարողական ծառայության 2016թ. հաշվարկների՝ 400 մլրդ դրամ է անհրաժեշտ նոր ՔԿՀ-ների ստեղծման, բարեկարգման, վերանորոգման, կահույքի ձեռքբերման և այլ հարցերի համար:

Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից միայն 6-ում է գործում մշտական ջրամատակարարման համակարգ: Դատապարտյալներն ու կալանավորներն իրավունք ունեն լոգանք ընդունել առնվազն շաբաթը մեկ անգամ: Նույնիսկ Քրեակատարողական ծառայությունն է մեր հարցման պատասխանում հայտնել, որ քրեակատարողական հիմնարկների բաղնիքները և սանհանգույցներն ունեն վերանորոգման կարիք, ինչն էլ նկատեցինք մեր այցելությունների ժամանակ: Չնայած որոշ ՔԿՀ-ներում արձանագրեցինք նաև բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ: Իսկ արտաքին և ներքին ջրահեռացման խնդիր ունի 8 քրեակատարողական հիմնարկ:

Բոլոր քրեակատարողական հիմնարկները գործում են նախորդ դարի («Գորիս» ՔԿՀ-ն՝ 19-րդ դարի) շենք-շինություններում, և ըստ ՔԿԾ-ի՝ դա է պատճառը, որ ճարտարապետահատակագծային և կոնստրուկտորական լուծումներն այնպիսին են, որ հնարավոր չէ որևէ փոփոխություն իրականացնել հիմնական կառուցվածքային տարրերում:

Չկա որևէ ՔԿՀ, որի պայմանները հարմարեցված լինեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց: Իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են այս մասին, սակայն դեռևս լուծումներ չկան: Հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդիկ ՔԿՀ-ներում շարունակում են արժանանալ անմարդկային վերաբերմունքի հենց պայմանների բացակայության պատճառով:

«Ֆինանսական միջոցների առկայության դեպքում տեղաշարժման խնդիրներ ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների բնակավայրերը կբարելավվեն, մասնավորապես, յուրաքանչյուր հիմնարկում կվերանորոգվեն երկու կամ ավելի բանտախցեր, կվերակառուցվեն աստիճանավանդակներ, կձևափոխվեն սանհանգույցներ և լոգարաններ` համապատասխան մատչելի միջավայր ապահովելու նպատակով»,- ասված է մեր հարցման պատասխանում:

Քրեակատարողական ծառայությունը վերջին 5 տարիների ընթացքում գույք է ձեռք բերել հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ի համար՝ զգեստապահարաններ, սպասքի պահարաններ, մեկտեղված նստարաններ, սեղաններ՝ խցերի և խոհանոցների համար, աթոռներ և սեղաններ՝ տեսակցությունների ու գրադարանի սենյակների համար, մետաղական մահճակալներ՝ խցերի համար, փափուկ մահճակալներ և բազմոցներ՝ երկարատև տեսակցության սենյակների համար:

Քրեակատարողական ծառայությունից փորձեցինք տեղեկություն ստանալ վերջին տարիներին իրականացված շինաշխատանքների, դրանք իրականացրած շինարարական կազմակերպությունների և ծախսված գումարների մասին:

Հարցման պատասխանին սպասել ենք 54 օր, սակայն ստացել ենք թերի տեղեկատվություն: Այդպես էլ չեն տրամադրվել ՔԿՀ-ներում շինաշխատանքներ կատարած կազմակերպությունների տվյալները:

«Քրեակատարողական հիմնարկների վերանորոգման վերաբերյալ ամբողջ փաստաթղթերը մինչև 2016թ. ՀՀ քննչական մարմինների կողմից առգրավված են, ուստի ֆինանսական տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն 2017-2019թթ. վերաբերյալ»,-պատասխանել են Քրեակատարողական ծառայությունից:

Ըստ այդմ՝ «Սևան» ՔԿՀ-ի վերանորոգման համար 2017թ.-ին հատկացվել է 25 մլն դրամ, «Երևան-Կենտրոն»-ի համար՝ 698 հազար, «Արմավիր» ՔԿՀ-ի համար՝ 300 հազար, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի համար՝ 8 մլն 306 հազար դրամ:

2018թ.-ին 21 մլն 360 հազար դրամի շինաշխատանքներ են իրականացվել «Սևան» ՔԿՀ-ում, 930 դրամի՝ «Երևան-Կենտրոն»-ում, իսկ «Նուբարաշեն»-ում 2018թ. իրականացվել են 63 մլն 700 հազար դրամի շինաշխատանքներ, 2018-ին՝ 10 մլն 700 հազար դրամի:

2019թ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերանորոգման համար հատկացվել է 10 մլն 700 հազար դրամ, 18 մլն 800 հազար դրամ հատկացվել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի վերանորոգման նպատակով, «Աբովյան» ՔԿՀ-ի համար` 15 մլն 130 հազար դրամ, «Կոշ»-ի համար՝ 30 մլն, «Հրազդան»-ին՝ 7 մլն 400 հազար դրամ, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ին՝ 9 մլն 600 հազար դրամ:

Ստորև առանձին-առանձին կներկայացնենք քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակը:

«Գորիս» ՔԿՀ

Ամենահին և ոչ բարվոք շենքը Գորիս ՔԿՀ-ինն էր: Սովետական բանտի տիպային այս շենքում կապիտալ որևէ փոփոխություն չի եղել, շենքը շահագործման է հանձնվել 1870-ական թվականներից: Այստեղ գործում է փակ ռեժիմ: Շենքը որպես բանտ որքան ազդեցիկ է, նույնքան էլ՝ բարոյապես մաշված: Դժվար է պատկերացնել կապիտալ վերանորոգում այդ շենքում:

Քրեակատարողական ծառայությունը Խնձորեսկ համայնքում 2010թ. տարածք է ձեռք բերել: «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման շրջանակներում նախատեսվում է փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ Խնձորեսկում:

Գորիս ՔԿՀ-ում 1 ընդհանուր կացարան կա, 38 խուց: Տարածքը խոնավ է, պատերի ծեփը՝ թափված: Կոսմետիկ վերանորոգման աշխատանքներն արդյունք չեն կարող տալ, քանի որ շենքը շատ հին է:

2016թ. վերանորոգվել և հարդարվել են «Գորիս» ՔԿՀ-ի կարճատև և երկարատև տեսակցությունների, աշխատակիցների հանգստի սենյակները: Վերանորոգվել և հարդարվել են առաջին մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև՝ 7 խուց: Իսկ 2017-ին վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել պահպանության խմբի հանգստի սենյակում և սանհանգույցում: Մասնակի վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ռեժիմային մասնաշենքում: Ըստ Քրեակատարողական ծառայության տեղեկատվության՝ նույն աշխատանքներն իրականացվել են նաև 2018թ.-ին:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ այստեղ 32 կալանավորված անձ կա, 51՝ դատապարտյալ:

«Արթիկ» ՔԿՀ

Այս ՔԿՀ-ն իր տեսակով տարբերվում է մնացած բոլոր ՔԿՀ-ներից, քանի որ միակն է, որտեղ պատժի կրման բոլոր 5 ռեժիմներն էլ առկա են: Քրեակատարողական հիմնարկն առանձնացված մասնաշենքեր ունի, որտեղ էլ պատիժ են կրում դատապարտյալներն ու կալանավորված անձինք:

Այստեղ 8 կացարան կա, 114 խուց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում 32 կալանավորված անձ կա, 163՝ դատապարտյալ: Վերանորոգման լայնածավալ վերջին աշխատանքներն իրականացվել են 2016թ.-ին, վերանորոգման և հարդարման աշխատանքներ են կատարվել բնակելի գոտու 5 մասնաշենքերում, բաց տիպի մասնաշենքում, մեկուսարանում, ճաշարանում, ինչպես նաև կաթսայատանը: Իսկ 2017թ.-ին վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու բանտախցերում, սանհանգույցներում և միջանցքներում: Վերանորոգվել է ճաշապատրաստման արտադրամասը: Նմանատիպ աշխատանքներ իրականացվել են նաև 2018-ին: Բացի այդ, շինարարական նյութեր են տրամադրվել արտաքին ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Տարբեր տարիների վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել նաև ՔԿՀ-ի որոշ խցերում:

                                                  «Սևան» ՔԿՀ

Այս ՔԿՀ-ում առաջին հերթին աչքի են ընկնում երկարատև տեսակցությունների սենյակները, որոնք ճոխությամբ հինգաստղանի հյուրանոց են հիշեցնում:

ՔԿՀ-ի աշխատակազմից վստահեցրին՝ թանկարժեք գույքը պետական միջոցների հաշվին չի գնվել, այլ ձեռք է բերվել բարերարների շնորհիվ: Սակայն, այդպես էլ որևէ բարերարի անուն չհիշատակեցին:

Նշենք, որ երկարատև տեսակցության նոր սենյակները վերակառուցվել են 2016թ.-ին: Հանձնուքների ընդունման նոր սենյակ կա, կառուցվել է սանհանգույց, վերանորոգվել է արգելագոտու երկու դարպաս: Իսկ 2017-ին վերանորոգվել և հարդարվել են ռեժիմային գոտու խոհանոցը և միջանցքը: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում: Ռեժիմային գոտում կառուցվել են նոր աշխատասենյակ և սանհանգույց՝ փաստաբանների համար:

2018թ.-ին վերանորոգվել են պահպանության և պոմպակայանի մասնաշենքերի` քամիների հետևանքով վնասված տանիքները: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում: Ավարտվել են հիմնարկի քողարկող պարսպի շինարարական աշխատանքները:

26.12.2018թ. պայմանագիր է կնքվել շինարարական կազմակերպության հետ՝ հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի և մաքրման շինարարական աշխատանքների վերաբերյալ: Թեև պահանջել էինք նաև շինաշխատանքներ իրականացրած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն, սակայն այդպես էլ ՔԿԾ-ն չի տրամադրել:

2017-2018թթ. «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել են 46 մլն 360 հազար դրամի շինաշխատանքներ:

Պարադոքսն այն է, որ ամենասարսափազդու պատժախցերը հենց այս ՔԿՀ-ում են: Եթե շքեղ տեսակցության սենյակից հետո դատապարտյալը տեղափոխվի նման պատժախուց, ինչ խոսք, դա իսկապես պատիժ կլինի: Սակայն, հայտնի չէ, թե արդյոք յուրաքանչյուր դատապարտյալի տեսակցության նման շքեղ սենյակ տրամադրվել է, և արդյոք յուրաքանչյուր դատապարտյալի որպես պատիժ ուղարկել են պատժախուց:

«Սևան» ՔԿՀ-ում 19 ընդհանուր կացարան կա, 12՝ խուց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևան ՔԿՀ-ում 138 դատապարտյալ է հաշվառված:

                                               «Հրազդան» ՔԿՀ

Այս քրեակատարողական հիմնարկի շենքը շատ մոտ է բնակելի շենքերին և ինչպես ՔԿՀ-ի ղեկավարներն են ասում՝ խիստ խոցելի է անվտանգության տեսանկյունից: Պատմում էին, որ եղել են դեպքեր, երբ դատապարտյալները վճարել են, և դիմացի շենքերի բնակարանների պատուհանների մոտ վերջիններիս համար մերկապար են պարել: Շատ դեպքերում դատապարտյալները պատուհանից սկսում են շփվել դիմացի շենքի բնակիչների հետ:

Կառավարությունը որոշել է փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

Նշենք, որ 2016-ին այս ՔԿՀ-ում վերանորոգվել են արտաքին ջրահեռացման ցանցի դիտահորերը: Վարչական մասնաշենքի առաջին հարկի նախասրահում վերակառուցվել և հարդարվել է 2 աշխատասենյակ՝ նախատեսված քննչական գործողությունների և փաստաբանների հետ հանդիպման համար: Խցերի սանհանգույցներում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Իսկ 2017-ին վերանորոգվել է զբոսահրապարակը: Խցերում և սանհանգույցներում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: 2018թ-ին վերանորոգվել են քամիների հետևանքով վնասված գլխավոր մասնաշենքի տանիքները: Հարդարվել է բուժսպասարկման 4 սենյակ: Իսկ այս տարվա հոկտեմբերի 25-ին սկսվել են հիմնարկի  արտաքին կոյուղու ցանցի, մասնակի ներքին ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքները:

Միայն 2019-ին այս ՔԿՀ-ի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 7 մլն 400 հազար դրամ:

«Հրազդան»-ում կացարանների ընդհանուր թիվը 4-ն է, խցերի թիվը՝ 91: Սեպտեմբերի 1-ի դրությամբ կալանավորված անձանց թիվը 70 է, դատապարտյալներինը՝ 93:

«Վանաձոր» ՔԿՀ

Միակ ՔԿՀ-ն, որի կարճատև տեսակցությունների սենյակում տեսախցիկ էր տեղադրված, Վանաձոր ՔԿՀ-ն է: Աշխատակիցների խոսքով՝ նախկինում դեպք է գրանցվել, երբ դատապարտյալ ամուսնուն տեսնելու եկած կնոջ և վերջինիս միջև միջադեպ է գրանցվել, ինչից հետո տեսակցությունների սենյակում տեսախցիկ են տեղադրել: Սակայն, մենք պարզեցինք, որ տեսախցիկը տեղադրվել է արգելված իրերի փոխանցումը կանխարգելելու նպատակով: 

2017թ-ին կապիտալ վերանորոգվել են երկարատև տեսակցության երկու սենյակ, դեղատունը: Հարդարվել են ճաշարանային մասնաշենքը, ռեժիմային մասնաշենքի միջանցքները: Ընդհանուր ջեռուցման համակարգին են միացվել ճաշարանի մասնաշենքը և գրադարանը: Ընթացիկ վերանորոգվել են խցերը և միջանցքները: Իսկ 2018-ին վերանորոգվել է պահպանության ապահովման մասնաշենքը: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու բանտախցերում, սանհանգույցներում և միջանցքներում: Հովանոցներ են կառուցվել զբոսախցերում:

Կացարանների թիվը 5-ն է, խցերի թիվը՝ 57: Սեպտեմբերի 1-ի դրությամբ 67 կալանավորված անձ կա, 95՝ դատապարտյալ:

                                            «Արմավիր» ՔԿՀ

Շուրջ 5 տարի առաջ շահագործման հանձնված այս ՔԿՀ-ն իր արտաքին տեսքով ՔԿՀ-ի նման չէ: ՔԿՀ-ի 2 կացարաններում իրենց պատիժը կիսափակ ռեժիմով կրող դատապարտյալները ցերեկը կարողանում էին տեղաշարժվել հատուկ նախատեսված տարածքում: Մթնոլորտն անմիջապես փոխվում էր ռեժիմի փոփոխության հետ, փակ ռեժիմում պատիժ կրողները, որոնք մեկուսացված էին խցում, մեզ հետ նույնիսկ խոսել չէին ցանկանում: 

Փակ ռեժիմով առհասարակ պահվում են ոչ միայն առանձնապես ծանր հանցանք կատարած անձինք, այլ նաև նրանք, ովքեր այս կամ այն պատճառներով ցանկանում են մեկուսանալ, կամ՝ իրենց կյանքը ապահովագրելու համար է ՔԿՀ-ի ղեկավարությունը որոշում փակ ռեժիմով պահել, երբեմն էլ՝ խցում միայնակ:

Թեև ՔԿՀ-ն նոր է, սակայն 2017թ-ին աշխատանքներ են իրականացվել՝ մետաղական դռների դիտանցքների և փոքրիկ դռնակների վրա անվտանգության ապահովման համար: Մասնաշենքերում իրականացվել է սանհանգույցների մասնակի վերանորոգում: Երեք մասնաշենքերի միջև կառուցվել են փշալարից նոր արգելապատնեշներ: Վերանորոգվել և փոխարինվել են ջեռուցման կաթսայի մարտկոցները: Ընթացիկ մասնակի վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվում բանտախցերում, միջանցքներում, խոհանոցում, բուժկետում և աշխատասենյակներում:

2018-ին վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել բանտախցերում, միջանցքներում, խոհանոցում, բուժկետում և աշխատասենյակներում: Վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել արտաքին ջրահեռացման համակարգի վրա:

2019-ին նույնպես վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել բանտախցերում, միջանցքներում, խոհանոցում, բուժկետում և աշխատասենյակներում, ինչպես նաև երկարատև տեսակցության սենյակներում և մանկական սենյակում:

Այս ՔԿՀ-ում չկա օդափոխման համակարգ: Կառավարությունը որոշել է 2019-2023թթ. ռազմավարական ծրագրով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Այստեղ սեպտեմբերի 1-ի դրությամբ 324 կալանավորված կա, 371՝ դատապարտյալ:

                                                      «Կոշ» ՔԿՀ

«Կոշ» ՔԿՀ-ն իր արտաքին տեսքով նմանվում էր զինվորական զորանոցի (կազարմա), ինչպես և «Արթիկ» ՔԿՀ-ի մի մասնաշենքը: Կացարանների ընդհանուր թիվը 8-ն է, խցերի թիվը՝ 15:

ՔԿՀ-ի աշխատակազմից փոխանցեցին, որ շենքերի վերանորոգման նախահաշիվն արվել է, սակայն դեռ պարզ չէ՝ վերանորոգումը երբ կիրականացվի:

2016-ին վերանորոգվել են դիտաշտարակները, դրսում տեղակայված սանհանգույցի տանիքը: Վերանորոգվել և հարդարվել է հանձնուքների ընդունման սենյակը, գրադարանի մասնաշենքին կից բացօթյա տաղավարի ծածկը: Մասնակի հարդարման աշխատանքներ են իրականացվել 1-ին և 2-րդ մասնաշենքերում:

Քայքայված հիմքերի պատճառով երկու տեղամասում  քանդվել էր արգելագոտու պարիսպը, որը վերակառուցվել և ամրացվել է 2017թ.-ին: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ճաշարանի մասնաշենքի սանհանգույցում: Իսկ 2018-ին մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել արտաքին կոյուղու ցանցում, սակայն ամբողջ ցանցը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև հանրակացարաններում:

Այս տարվա հոկտեմբերի 25-ին սկսվել են հիմնարկի ճաշարանի մասնաշենքի խոհանոցային հատվածի, ներքին և արտաքին ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի վերանորոգման աշխատանքները:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ այստեղ պահվում է 134 դատապարտյալ:      

                       «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Երևանի կենտրոնում՝ Արշակունյաց պողոտայում գտնվող փշալարերով պատված այս ՔԿՀ-ում բուժվում, երբեմն նաև վիրահատվում են առողջական խնդիրներ ունեցող կալանավորներն ու դատապարտյալները: Այստեղ առանձին գործում է 10 մասնագիտացված բաժանմունք՝ տուբերկուլոզի, նարկոլոգիական, թերապևտիկ, հոգեբուժական, ինֆեկցիոն, վիրաբուժական, կլինիկալաբորատոր, ատամնաբուժական և ռենտգենոլոգիական:

Այս ՔԿՀ-ում առկա է 5 կացարան, 92՝ խուց:

Կառավարությունը որոշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են, և ենթակա են փակման՝ տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու պատճառով: Ավելին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը տեղակայված է «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ, քանի որ շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են:

Կառավարությունը կարծում է, որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է առաջիկա տարիներին շահագործման հանձնել նոր քրեակատարողական հիմնարկ, որում հնարավոր կլինի պահել շուրջ 1200 ազատությունից զրկված անձ: Այս պայմաններում նախատեսվում է Երևան քաղաքի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար): Այս միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020-2023 թվականների ընթացքում:

Թեև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակման եզրին է, սակայն վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով 2018թ. հատկացվել է 8 մլն 306 հազար դրամ, իսկ 2019-ին՝ 18 մլն 800 հազար դրամ:

                  «Նուբարաշեն» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն տարիներ շարունակ եղել է գերբնակեցված և հիմնական բողոքները հնչել են հենց այստեղից: Բարվոք չեն ոչ միայն խցերը, այլև՝ սանհանգույցները, ընդհանուր օգտագործման տարածքները: Սակայն, սա չի նշանակում, որ «Նուբարաշեն»-ում բարվոք խցեր չկան: Նախկին դատապարտյալները պատմում են, որ վերանորոգված խցերից օգտվում են հիմնականում արտոնյալ կարգավիճակ ունեցողները:

Մեզ չհաջողվեց մուտք գործել «Նուբարաշեն», քանի որ քրեակատարողական ծառայությունից պատճառաբանում էին, թե լայնածավալ շինաշխատանքներ են ընթանում, և հնարավոր չէ շրջայցը կազմակերպել:

Նշենք, որ միայն 2018-2019թթ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերանորոգման համար հատկացվել է 74 մլն 400 հազար դրամ՝ 63 մլն 700 հազարը 2018 թ.-ին, 10 մլն 700 հազար դրամ՝ 2019թ.-ին: 

«Նուբարաշեն»-ում առկա է 4 կացարան և 120 խուց:

Հնարավորություն չի ընձեռվել շրջել նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Կառավարությունը որոշել է այս ՔԿՀ-ն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

                                              «Վարդաշեն» ՔԿՀ

Ինչպես մյուս ՔԿՀ-ները, այնպես էլ այս ՔԿՀ-ն ունի վերանորոգման կարիք: Կացարանների ընդհանուր թիվը 7-ն է, խցերը՝ 44: 

2016-ին վերանորոգվել են մեկուսարանի կարճատև տեսակցության սենյակները, մասնաշենքի տանիքը, իսկ 2017-ին՝ մասնակի վերանորոգվել և հարդարվել են մեկուսարանի բանտախցերի մեծ մասը, միջանցքներն ու աստիճանավանդակը: Վերանորոգվել է զբոսահրապարակը: Հարդարվել է խոհանոցային հատվածի միջանցքը: Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ռեժիմային մասնաշենքի բանտախցերում: 2018-2019թթ. ևս շինաշխատանքներ են իրականացվել:

                                                «Աբովյան» ՔԿՀ

Սա միակ քրեակատարողական հիմնարկն է, որտեղ իրենց պատիժը կրում են կանայք և անչափահասները: Մեր այցելության պահին այնտեղ որևէ անչափահասի չհանդիպեցինք, քանի որ դատապարտյալ անչափահաս չկար: Այս ՔԿՀ-ն տարբերվում է մյուսներից առավել բարվոք շենքային պայմաններով, գեղեցիկ, ծառաշատ այգով: Այստեղ դատապարտյալ կանանց զբաղվածությունն էլ, մյուսների համեմատ, ապահովված է: Նրանք աշխատում են ճաշարանում, կրակայրիչներ են պատրաստում, ոմանք էլ բակի բարեկարգմամբ են զբաղվում, մյուսներն աշխատում են կարի ֆաբրիկայում:

ՔԿՀ-ում կար հարդարված և սարքերով ապահովված սպորտային սենյակ, որտեղ կանայք կարող են մարզվել:

2016-2019թթ-ին ՔԿՀ-ում իրականացվել են տարբեր շինարարական աշխատանքներ: Այս տարի վերանորոգվել են պահեստային տնտեսության տանիքները, փոխվում է հիմնարկի արտաքին կոյուղու ցանցը, իրականացվում են ներքին ջրամատակարարման ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Միայն այս տարի «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգման համար հատկացվել է 15 մլն 130 հազար դրամ:

Այստեղ կացարանների ընդհանուր թիվը 7-ն է, խցերինը՝ 42:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter