HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էջմիածին բժշկական կենտրոն»-ի  բժշկին մեղադրանք է առաջադրվել ոչ աշխատանքային օրերին պարտականությունները չկատարելու համար

Արմավիրի մարզի դատախազությունը օրեր առաջ մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել երկու տարվա վաղեմության մի գործ։ Մեղադրյալի աթոռին հայտնվել է «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը: Վերջինս մեղադրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մաս):

Սվետլանա Պողոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և գլխավոր դատախազին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին գրավոր տեղեկացրել է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված խախտումների մասին:

Ըստ մեղադրանքի՝ Սվետլանա Պողոսյանն աշխատելով «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ որպես փոխտնօրեն, ունի բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք, միաժամանակ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու իրավունք ունեցող բժիշկ-նեոնատոլոգ, մոր և նորածնի կյանքի նկատմամբ հսկողություն իրականացնելու, ամենօրյա առավոտյան համայց կատարելու, նորածինների վիճակը գնահատելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժօգնություն ցույց տալու պարտականություն: Սակայն, վերջինս չի կատարել իր մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով նորածին Գ. Սերգոյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

Այսպես` Սվետլանա Պողոսյանը լիազորված լինելով բժշկական կենտրոնում հսկողություն իրականացնել նորածին Գ. Սերգոյանի նկատմամբ, 2017թ-ի նոյեմբերի 10-ին ՓԲԸ-ի ծննդատանը, նորածնային բաժանմունք ընդունելով նույն ծննադատանը առողջ վիճակում` Աբգարի սանդղակով 9-ից 9-ը բալ գնահատված, 4 կգ քաշով, 53 սանտիմետր հասակով լույս աշխարհ եկած երեխային, բացել և լրացրել է վերջինիս զարգացման քարտը: Ս. Պողոսյանը, ըստ մեղադրանքի՝ քարտում որպես նախնական ախտորոշում նշել է խմբային անհամատեղելիության կապակցությամբ նորածնի հետհեմոլիտիկ հիվանդության ռիսկի խմբի մեջ գտնվելու հանգամանքը:

«Նորածնի վարման քարտում նախապես լրացված Գ. Սերգոյանի մայր` Ա. Հարությունյանի արյան առաջին խումբ, դրական ռեզուս հանգամանքի մասին քաջատեղյակ լինելով` անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ: Չի կատարել համայց, պատշաճ կերպով հսկողություն չի սահմանել երեխայի նկատմամբ մաշկի գունավորման դինամիկայի վրա: Չի ձեռնարկել համարժեք միջոցառումներ արյան քննություն` հեմոգլոբինի և առնվազն ընդհանուր բիլիռուբինի մակարդակների որոշման համար, ինչից դատելով չի կատարել լավագույն և արդյունավետ բուժման մեթոդիկաներից մեկը` ֆոտոթերապիան: Այդպիսով չի կատարել մասնագիտական պարտականությունները, ինչի արդյունքում նորածին Գ. Սերգոյանի մոտ առաջացել է հետբիլիռուբինային էնցեֆալոպաթիա, սպաստիկ տետրեւապարեզ, գլոբալ զարգացման հապաղումով հիվանդությունը` որով Գ.Սերգոյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող»,- նշված է մեղադրանքում:

Նոյեմբերի 11-ին հայտարարվել է նախաքննության ավարտ և Սվետլանա Պողոսյանն ու նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը ստացել են քրեական գործի նյութերը, որոնց ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ Սվետլանա Պողոսյանի բնորոշմամբ՝ իրեն առաջադրվել է ակնհայտ ապօրինի մեղադրանք:

Նամակներում նրանք բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել են, որ 2017թ-ի նոյեմբերի 10-ը, երբ ծնվել է Գ. Սերգոյանը, եղել է ուրբաթ օր և վերջինիս ծնվելուց մինչև աշխատանքային օրվա վերջ, նորածին երեխայի առողջական վիճակը եղել է լավ, որևէ գանգատ նորածնի մոր կողմից չի ներկայացվել: Հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային` շաբաթ և կիրակի, իսկ երկուշաբթի օրը` 2017թ-ի նոյեմբերի 13-ին, Սվետլանա Պողոսյանը առավոտյան գալով աշխատանքի և տեսնելով Գագիկ Սերգոյանի առղջական ծանր վիճակը` անհապաղ միջոցներ է ձեռնարկել վերջինիս բուժօգնություն ցուցաբերելու համար:

Շաբաթ և կիրակի օրերին հերթապահ բուժքույրերի կողմից նորածնի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ Սվետլանա Պողոսյանին որևէ ահազանգ չի եղել և վերջինս տեղեկացված չի եղել, թե ինչպիսինն է Գագիկ Սերգոյանի առողջական վիճակը: Բացի այդ, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշում է, որ քրեական գործում առկա ապացույցներով` բուժքույրերի և Բ/Կ-ի տնօրենի ցուցմունքերով, ներկայացված փաստաթղթերով, ինչպես նաև իր կողմից կատարված հարցման պատասխանով, որոնք ներկայացվել են քննիչին, ապացուցվում է, որ Սվետլանա Պողոսյանի աշխատանքային պայմանագրով նախատեսված ամենօրյա համայցը պետք է հասկանալ՝ կատարել համայց միայն աշխատանքային օրերին: Նշվածը ապացուցվում է նաև այն փաստով, որ պայմանագրով Ս. Պողոսյանն աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով  և նա  չի աշխատել 11.11.2017թ.-ի շաբաթ և 12.11.2017թ.-ի կիրակի օրերին:

«Երեխայի առողջական վիճակի վատթարացումը եղել է շաբաթ կամ կիրակի օրը, որի մասին ես տեղեկացված չեմ եղել: Երկուշաբթի օրը` 13.11.2017թ-ին, առավոտյան գնալով աշխատանքի ու տեսնելով երեխայի առողջական վիճակը, անմիջապես միջոցներ եմ ձեռնարկել նրան բուժօգնություն ցուցաբերելու և Երեւան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխելու հարցում»,- ասում է Սվետլանա Պողոսյանը:

Գիվի Հովհաննիսյանի խոսքերով՝ ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար գոյություն ունի տնային հերթապահ նեոնատոլոգ, ով հանդիսացել է բժշկուհի Ռուզաննա Կիրակոսյանը: Ոչ աշխատանքային օրերին և ժամերին խնդիրներ առաջանալու դեպքում բուժքույրերը պարտավոր էին զանգահարել հենց Ռ. Կիրակոսյանին:

«Բացի այդ քրեական գործով հարցաքննված փորձագետ Մարինե Քամալյանի ցուցմունքով և ձեռք բերված բժշկական փաստաթղթերով, որոնք կցված են քրեական գործին, հիմնավորվում է, որ Հայաստանում գոյություն չունի որևէ չափորոշիչ, որով պարտավորություն է սահմանվում բժշկի կողմից որոշելու երեխայի արյան խումբը` մոր 1-ին խումբ դրական ռեզուս արյուն լինելու պարագայում, և բիլիռուբինի մակարդակը որոշելու համար պետք է առնվազն երեխայի մարմնի վրա տեսանելի դեղնություն նկատվեր: Մինչդեռ ուրբաթ օրը՝ այսինքն Սվետլանա Պողոսյանի աշխատանքի ժամանակահատվածում չի նկատվել»,-հավելում է փաստաբան Հովհաննիսյանը:

Թե Սվետլանա Պողոսյանը և վերջինիս փաստաբանը պնդում են, որ հիմնավորված չէ մեղադրանքի որոշման մեջ նշված այն միտքը, որ Ս. Պողոսյանն իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև անձին բուժօգնություն ցուցաբերելու պարտականությունը պարտավոր էր կատարել նաև ոչ աշխատանքյաին օրերին և ժամերին: Առավել ևս, երբ տեղեկացված չի եղել անձի առողջական վիճակի վատթարացման մասին: Ըստ Գիվի Հովհաննիսյանի՝ գոյություն չունի Սվետլանա Պողոսյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելու և դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հանգամանք:

Գիվի Հովհաննիսյանը պնդում է, որ քննիչի կողմից անտեսվել են իր պաշտպանյալի անմեղությունը հիմնավորող և քրեական գործում առկա փաստաթղթերը և վերջինիս ցուցմունքում նշված տեղեկությունները: Քննիչն այն չափի է Սվետլանա Պողոսյանի նկատմամբ տրամադրված և արհամարական վերաբերմունք դրսևորել վերջինիս իրավունքներին, որ նույնիսկ իրենց  ներկայությամբ կեղծիքներ է կատարել:  Փաստաբանի հայտնելով՝ 11.11.2019թ-ին Ս.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելուց և նրան որպես մեղադրյալ հարցաքննելուց հետո, որն ավարտվել է ժամը 11:10-ին, իրեն և Սվետլանա Պողոսյանին հայտարարել է նախաքննության ավարտի մասին, որից հետո արձանագրություն է կազմել քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին:

«Երբ ես և Սվետլանա Պողոսյանը ցանկացել ենք նրանից համարակալված վերցնել նաև նախաքննության ավարտ հայտարարելու և քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին արձանագրությունների պաշտճենները, քննիչ Ն. Չիչակյանը ինչ որ փաստաթղթերի մեջից հանել է տուժողի օրինական ներկայացուցչի կողմից ստորագրված, սակայն չլրացված նախաքննության ավարտի և քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին արձանագրությունները: Լրացրել է այն, ժամերը այնպես է հարմարեցրել, թե իբր Ս. Պողոսյանին առաջադրված մեղադրանքի շուրջ հարցաքննելուց հետո տուժողի օրինական ներկայացուցիչն եկել է, վերջինիս հայտարել է նախաքննության ավարտի մասին, քրեական գործի նյութերի ծանոթացման մասին արձանագրություն է կազմել, որից հետո նոր մեզ է հայտարարել նախաքննության ավարտի մասին:  Այնինչ, նման բան տեղի չի ունեցել, մենք իր աշխատասենյակից չենք բացակայել: Սվետլանա Պողոսյանին հարցաքննելուց հետո, եթե հաշվի չառնենք տուժողի օրինական ներկայացուցչի կողմից ստորագրված, սակայն չլրացված նախաքննության ավարտի և քրեական գործի նյութերին ծանոթանալու մասին արձանագրությունները լրացնելը, անմիջապես հաջորդ գործողությունն եղել է նախաքննության ավարտի մասին արձանագություն կազմելը»,- նշում է Գիվի Հովհաննիսյանը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով նաև գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային Ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հանգել է այն հետևության, որ քննիչն այն աստիճան «թքած ուներ»  Ս.Պողոսյանի իրավունքերի վրա, որ ոչ միայն առաջադրել է ակնհայտ ապօրինի մեղադրանք այլ նաև անթաքույց, իրենց ներկայությամբ, բացեիբաց կատարել է կեղծիք: Նրա կարծիքով՝ այդ ամենը միանշանակ բավարար է համոզմունք ձևավորելու, որ քննիչն ունեցել է կողմնակալ մոտեցում իր պաշտպանյալի նկատմամբ, չի կատարել օբյեկտիվ քննություն, նրա գործողությունները նպատակ չեն հետապնդել օբյեկտիվ իրականությունը պարզելուն և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

«Ուշադրության է արժանի քրեական գործով հաստատված և էական նշանակություն ունեցող այն փաստը, որ բժիշկ-նեոնատոլոգներ Սվետլանա Պողոսյանը և Ռուզաննա Կիրակոսյանը, ըստ աշխատանքային պայմանագրի ունեն նույն պարտականությունը` պայմանագրի 6-րդ կետի՝ «նորածիններին կատարել ամենօրյա առավոտյան համայց»: Մեղադրյալի կարգավիճակում է միայն իմ պաշտպանյալ Սվետլանա Պողոսյանը, իսկ Ռուզաննա Կիրակոսյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ, այն դեպքում, երբ Ռուզաննա Կիրակոսյանը հանդիսանում է տնային հերթապահ և ունի պարտականություն ոչ աշխատանքային ժամերին և օրերին ցուցաբերել բժշկական օգնություն: Համաձայն երեխայի մոր ցուցմունքի՝ Կիրակոսյանը շաբաթ օրը` 11.11.2017թ-ին, ժամը 19:00-ի սահմաներում, տեսել է իր երեխային դեղնած վիճակում, սակայն, որևէ բուժօգնություն չի ցուցաբերել` ասելով, որ որևէ դեղնուկ չկա: Կիրակի օրը առավոտյան համայց չի կատարել հիվանդանոց և չի հետաքրքրվել երեխաների առողջական վիճակով»,- գլխավոր դատախազին հայտնել է փաստաբան Գիվի Կիրակոսյանը:

Պաշտպանի և նրա պաշտպանյալի մոտ կասկած է առաջացնում, որ Ռուզաննա Կիրակոսյանն ունի հովանավոր, իսկ իր պաշտպանյալ Սվետլանա Պողոսյանին ցանկություն է առաջացել դարձնել «քավության նոխազ»:

Փորձեցինք կապ հաստատել նաև Ռուզաննա Կիրակոսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:

Մեկնաբանություններ (1)

Սեթանւշ
Ես գտնում եմ որ,Սվետլանա Պողոսյանին եթե տեղյակ պահեին երեխայի վիճակի մասին ,ապա Ս . Պողոսյանը համապատասխան օգնություն ցույց կտար ժամանակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter