HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը կաշառքով փորձել է եղբորորդուն ազատել զինծառայությունից. հարուցվել է քրեական գործ

Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը փորձել է եղբորորդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտե մեր ուղարկած հարցման պատասխանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք այն մասին, որ Ապարանի ոստիկանապետի եղբորորդին ներգրավվել է քրեական գործում՝ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով:

Երբ ոստիկանության կայքում նկատեցինք, որ Ապարանի ոստիկանապետն այլևս Հայրապետյանը չէ, դիմեցինք Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե արդյոք ոստիկանապետ Հայրապետյանը փորձել է պաշտոնեական դիրքը չարաշահելով ազդել քրեական գործի ընթացքի վրա: Քննչական կոմիտեից հայտնեցին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նոր հանցագործության դեպք:

«Ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ու եղբայրը՝ Հրաչիկ Հայրապետյանը, վերջինիս որդուն՝ Ապարանի զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Վաչագան Հայրապետյանին առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2017 թվականի ամառային զորակոչից կաշառքի դիմաց ազատելու հարցերի շուրջ համաձայնություն են ձեռք բերել Ալֆրեդ Մխիթարյանի ու Ժիրայր Աբգարյանի հետ և նրանց տվել կաշառք»,- ասված է հարցման պատասխանում:

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Անդրանիկ Օհանյանը եղբորը՝ Աշտարակի զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Վարդգես Օհանյանին առողջական վիճակի հիմքով նույն զորակոչից ազատելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ալֆրեդ Մխիթարյանի հետ և նրանց տվել է որոշակի գումար: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի՝ պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի հատկանիշներով:

Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պաշտոնից ազատվել է վերոնշյալ քրեական գործի հարուցումից հետո

Գրավոր հարցմամբ դիմել էինք ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու է պաշտոնից ազատվել Ապարանի ոստիկանապետը, արդյոք վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը ադեցություն ունեցե՞լ է պաշտոնից ազատման հարցում և եղե՞լ են արդյոք տեղեկություններ, որ վերջինս փորձել է ազդել քրեական գործի ընթացքի վրա:

Ոստիկանությունից միայն պատասխանել են, թե վերջինս ինչու է ազատվել պաշտոնից, պարզվում է՝ սեփական դիմումի համաձայն:

«Ոստիկանության նախկին ծառայող, պաշտոնաթող ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի՝ 22.10.2019-ի թիվ 3091-Ա հրամանով անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հարցման պատասխանում:

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ քրեական գործի մի մասն առանձին վարույթով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (կաշառք տալու փորձի հատկանիշներով):

ՀՔԾ-ից մեզ փոխանցեցին, որ գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter