HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աղքատ ու հպարտ. վիճակագրություն՝ մեր մտածելակերպի մասին

Աղքատությունը բազմաբնույթ երևույթ է։ Այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ գնահատականներով։ Օրինակ՝ վիճակագրորեն հաստատված չափանիշների համաձայն՝ քաղաքացին կարող է աղքատ համարվել, բայց երբ նրան են հարցնում, նա պատասխանում է, որ իրեն աղքատ չի համարում։ Հայաստանում, այդ գնահատականները խիստ տարբեր ու հետաքրքիր են, որի մասին վկայում է Վիճկոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ աղքատության վերաբերյալ վերջին զեկույցը։ Այն ամփոփում է 2018 թվականը։ Իրականում, այն ամենը, ինչ կտեսնեք հոդվածում, պարզապես թվեր չեն։ Մանրամասն ուսումնասիրելու դեպքում կարելի է սրանցով պատկերացում կազմել մեր բնակչության հոգեկերտվածքի ու ապրելու դժվարությունների մասին։ Ընդ որում՝ դրանց վերլուծությունը ևս շատ սուբյեկտիվ է։ Հետևաբար, ներկայացնում ենք միայն տվյալներն՝ առանց մեկնաբանությունների։

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5 %-ն աղքատ է։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ Աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ 42 621 դրամ ամսական։ Սա նշանակում է, որ երկրի բնակչության ամեն չորրորդը ամսական 42 621 դրամից քիչ է ծախսել։

Սակայն, կան քաղաքացիներ, ովքեր աղքատությունը գնահատելու սեփական չափանիշներն ունեն, կամ ելնելով կողմնակի այլ գործոններից՝ հարցումների ժամանակ նշում են, որ իրենց աղքատ չեն համարում՝ նույնիսկ, երբ իրենց ամսական սպառումը նշված գծից ներքև է։ Վիճկոմիտեի հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում 2018 թվականին բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականները (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները) 2.5 անգամ ցածր են օբյեկտիվ գնահատականներից։ Մասնավորապես, եթե ըստ Վիճկոմիտեի գնահատման՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2018 թվականի տվյալներով կազմել է 23.5 %, ապա ըստ իրենց բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականների՝ ընդամենը 9.4 %:  

Այլ խոսքով՝ Հայաստանում աղքատների կեսից ավելին իրեն աղքատ չի համարում։ Այս երևույթը նոր չէ մեր հասարակության մեջ։ Նախորդ տարիների զեկույցները ևս վկայում են, որ աղքատների մի զգալի մաս իրեն բոլորովին աղքատ չի համարում։ Օրինակ, եթե 2017 թվականի պաշտոնական տվյալներով աղքատ էր Հայաստանի բնակչության 25.7 %-ը, ապա ըստ քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականների՝ իրեն աղքատ էր համարում բնակչության ընդամենը 13.1 %-ը։

Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատներին, ապա 2018 թվականի տվյալներով՝ իրենց ծայրահեղ աղքատ են համարել 0.9 %-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին, որը 1 % է:

Հայաստանի բնակչության մեծ մասը, փաստորեն, իրեն համարում է կամ միջին, կամ միջինից ցածր կենսամակարդակ ունեցող։ Իսկ միջինից բարձր և հարուստ քչերն են իրենց համարում։ Մասնավորապես, 2018 թվականի հարցումների համաձայն՝ 45.9 %-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է։ Միջին կենսամակարդակ մատնանշել են հարցվածների 40.6 %-ը։ 4 %-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ։ Իրենց հարուստ են համարել հարցվածների 0.1 %-ը։

«Շատ լավ ապրելու համար ամսական մեկ հոգուն մոտ 590 հազար դրամ է պետք»

Որպեսզի մեկ անձը Հայաստանում կարողանա շատ լավ ապրել, ապա նրան հարկավոր է ամսական մոտ 590 հազար դրամ գումար, ավելի կոնկրետ՝ 588 965 դրամ կամ 1 220 ԱՄՆ դոլար։ Նման արդյունքներ են ցույց տվել Վիճկոմիտեի 2018 թվականի հարցումները։ Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։

Իսկ պարզապես լավ ապրելու համար մեր քաղաքացին «պահանջում է» ամսական 245 515 դրամ կամ 509 դոլար։ Գոյատևելու համար էլ մեկ հոգուն ամսական 99 039 դրամ է պետք կամ 205 դոլար։

Այսինքն՝ պարադոքսալ պատկեր է ստացվում։ Մի կողմից աղքատ քաղաքացիների կեսն իրեն աղքատ չի համարում, բայց մյուս կողմից էլ՝ գտնում են, որ ամսական մոտ 100 hազար դրամով կարելի է ընդամենը գոյատևել։

Ինչի կարիք ունի հայաստանցին

2018 թվականի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ: Ամենամեծ խնդիրը, պարզվում է, ոչ պարենային առաջնային կարիքներն են։ Մասնավորապես, հարցվածների 29.7 %-ը առաջնային խնդիր է համարում ոչ պարենային առաջնային կարիքները։ Սուր է նաև բնակարանային հիմնահարցը. հարցվածների 27.6 %-ն էլ սա է առաջնային խնդիր համարել։

2018 թվականին 2017 թվականի նկատմամբ բնակարանային հիմնահարցը մեղմացել է 2 տոկոսային կետով, իսկ ոչ պարենային առաջնային կարիքներն ավելացել են 3.6 տոկոսային կետով: Սննդի ապահովման խնդիրը ևս տեսանելի է՝ 9.1 %:

Հարցվածների 7.7 %-ն էլ առաջնային խնդիր է համարում առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելը։ Իսկ 2.9 %-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, 23 %-ը նշել է այլ առաջնային խնդիրներ:

«Թող Կառավարությունն ապահովի ինձ» կամ «Ես պլաններ չունեմ»

2018 թվականի հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ հարցումների ժամանակ 16 և բարձր տարիքի քաղաքացիների 36.2 %-ը նշել է, որ իրենից ոչինչ կախված չէ, Կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով։ Եվ սա ամենատարածված պատասխանն է, քանի որ մյուս տարբերակներն ավելի քիչ են նշվել։ Մասնավորապես, հարցվածների 21.7 %-ը նշել է, որ պլաններ չունի։ Միայն 15.1 %-ն է նշել, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ 9.7 %-ի համար իր կենսամակարդակն ընդունելի է։

Հարցվածների մի մասն էլ՝ 8.8 %-ը, չգիտի՝ ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։

Հայաստանից դուրս եկամտաբեր աշխատանք է փնտրում 3 %-ը։ 2.8 %-ն էլ սպասումներ չունի ընդհանրապես, «ստիպված է հեռանալ Հայաստանից»։

Հարցվածների 2.2 %-ը նշել է, որ ցանկանում է սկսել սեփական գործ Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս սեփական գործ ուզում է սկսել միայն 0.5 %-ը:

Հավելենք, որ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2018թ.» զեկույցը, որի մաս են կազմել նաև այս հարցումները, կազմվել է 5 184 տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունից հավաքված տվյալների հիման վրա։

Ի դեպ, այս զեկույցի տիտղոսաթերթում, դիմելով մեծահարուստներին, Վիճկոմիտեն խնդրում է մեծահոգություն ցուցաբերել և մասնակցել այս հետազոտություններին. «Սույն հետազոտությանը մասնակցելուց Ձեր հրաժարվելը բացասաբար է անդրադառնում մեր կողմից հավաքված տվյալների որակի վրա: Այս տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը կարևոր է հանրության համար, քանի որ այն կոչված է «լույս սփռելու» ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների վրա»:

Կոմիտեն նաև վստահեցնում է, որ գաղտնիությունը երաշխավորվում է. «Վստահեցնում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված (68/261 բանաձև, 29.01.2014թ.) պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների և դրանց վրա խարսխված «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, վիճակագրական նպատակով տրամադրվող բոլոր սկզբնական անվանական տեղեկություններ տրամադրողներին երաշխավորվում է այդ տեղեկությունների գաղտնիությունը (Հոդված 14)»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter