HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհային ոստիկանության ընդունած որոշումները դատական կարգով բողոքարկելու համար սահմանվել է պետական տուրք

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով պետական տուրք է սահմանվում նաև Ճանապարհային ոստիկանության ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների համար:

Գործող օրենքով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով: Ճանապարհային ոստիկանության կողմից ընդունված որոշումների դեպքում նոր ընդունված օրենքով սահմանվել է բացառություն: Սա նշանակում է, որ քաղաքացիները այսուհետ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից նույնիսկ 5000 դրամ տուգանքը վիճարկելու համար դատարանին պետք է վճարի 4000 դրամ պետական տուրք:

Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Սրանով փորձ է արվում կրճատել դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը: Այդ փաստը չի թաքցնում նույնիսկ ոստիկանությունը: Սակայն, լուրջ մտավախություն կա, որ դրանով կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծվել քաղաքացիների համար՝ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից:

Մինչև օրենքի ընդունվելը «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե տարեկան կտրվածքով որքան հայցադիմում է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության դեմ: Պարզվում է, 2017-2019թթ. (2019թ. 9 ամիսներ) Ճանապարհային ոստիկանության դեմ ընդհանուր ներկայացվել է 20.867 հայց և տարեցտարի այդ թիվը նվազում է:

Ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական ակտերը բողոքարկվում են վարչական դատարանում, ինչի պատճառով դատավորները գերծանրաբեռնվում են, և ընդհանուր գործերի քննությունը երկարում է: Մասնավորապես, ուսումնասիրելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված վարչական գործերի վերաբերյալ տեղեկությունները, պարզեցինք, որ, օրինակ՝ դեկտեմբերի 2-9-ը ընկած ժամանակահատվածում վարչական դատարան մուտք է արվել 487 գործ, որից 199-ը՝ Ճանապարհային ոստիկանության դեմ, ինչը կազմում է շաբաթվա ընդհանուր գործերի 41 %-ը:

Ճանապարհային ոստիկանության դեմ կայացված վճիռներով և վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումներով 2017-2019թթ. (2019թ. 9 ամիսներ) տվյալներով ՃՈ-ից բռնագանձման ենթակա դատական ծախսերի գումարը կազմել է 94 մլն 641 հազար դրամ, որից՝ պետական տուրքի գումարը կազմել է 48 մլն 608 հազար դրամ, իսկ 46 մլն 34 հազար դրամը՝ ներկայացուցչին փոխհատուցման ենթակա գումարը:

 

Hetq.am
Infogram

hetq.am
Infogram

Ճանապարհային ոստիկանության դեմ ներկայացվող հայցերի թվի նվազեցումը կապված է ՀՀ վարչական դատարանի իրավական գնահատականների և Ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական ակտերի փաստական և իրավական հիմնավորվածության հետ, ինչպես նաև օբյեկտիվ այլ գործոններով։

Նշենք նաև, որ նոյեմբերի 30-ին ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսվել է, որ Ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

«Սա ինքնատիպ զտիչ կարող է հանդիսանալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերադասության կարգով հայտնաբերելու, հետագայում նմանատիպ որոշումների կայացումը բացառելու և դատական քննությունից խուսափելու մասով»,- նշում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեկնաբանություններ (1)

Գրետա
Քաղաքացիները դատարան դիմելիս պետք է վճարեն պետ.տուրք։ Սակայն եթե դատարանը բավարարում ք քաղաքացու հայցը, ապա պետ. ավտոսչությունից պետք է բռնագանձել այդ գումարը և վերադարձնել քաղաքացուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter