HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնել

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը։

Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել։

Հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:

Քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:

«Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- նախագծում է նշել է Արդարադատության նախարարությունը։

Նախարարությունը ընդգծել է, որ մինչ 2015 թվական Հանրային հեռուստաընկերություն իրավունք ուներ հեռարձակելու առևտրային գովազդ, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը և հանդիսանում էր հեռուստաընկերության՝ օրենքով նախատեսված եկամտի աղբյուրներից մեկը: Հեռարձակվող գովազդի շնորհիվ հեռուստաընկերությունը հնարավորություն ուներ իր եկամուտները համալրելու տարեկան 600.000-800.000 դրամով, ինչը հանդիսանում էր հեռուստաընկերության բնականոն աշխատանքն ապահովելու լրացուցիչ երաշխիք:

Սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխության հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադրելու հնարավորությունից հիմնավորմամբ, որ առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար։

Նախարարության հաղորդմամբ՝ դրանից հետո Հանրային հեռուստաընկերության եկամուտները կտրուկ նվազեցին: Թեև հաջորդող տարիներին Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց առևտրային գովազդ հեռարձակելու արգելքի պատճառով Հանրային հեռուստաընկերության կրած կորուստները, սակայն, Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ հատկացված փոխհատուցումը բավարար չէ Հանրային հեռուստաընկերության արդի մարտահրավերներին (տեխնիկական վերազինում, եթերացանցի վերանայում և այլն) պատշաճ արձագանքելու համար:

«Գովազդի հեռարձակման օրենսդրական արգելքը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև ֆինանսական միջոցների սղության հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը հաճախ ստիպված է լինում հրաժարվել առավել հետաքրքիր նոր նախագծերի կյանքի կոչման գաղափարից կամ իրագործում է այդպիսի նախագծերը առկա ֆինանսական միջոցներով հնարավոր ծավալով՝ նախագծի գաղափարով նախատեսված վերջնաարդյունքի փոխարեն հեռուստադիտողին մատուցելով Հանրային հեռուստաընկերության միջոցներին համապատասխան առավելագույն հնարավորը»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter