
Գործադիրը 2 միլիարդ դրամ տրամադրեց Գյումրու ավտոմաքսատան կառուցման և կահավորման աշխատանքների համար
Կառավարությունն այսօրվա նիստին 2 միլիարդ դրամ հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում Հյուսիսային մասքատուն-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների համար։
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ այդ գումարի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական և տնտեսական մասնաշենքերի երկաթբետոնե հատակներ, արտաքին պատեր և տանիք, մոնտաժել մետաղական կոնստրուկցիաները, կատարել ներքին հարդարման աշխատանքներ, ձեռք բերել ներկառուցվող կահույք, դռներ և պատուհաններ, ներքին ինժեներական կոմունիկացիաներ, կառուցել հսկիչ տաղավարներ։ Բացի այդ, կառուցվելու է 30 բնակարաններով ծառայողական բնակելի շենք, հիմնանորոգվելու է Թբիլիսյան խճուղի մայրուղու 800 գծմ հատվածը և գնվելու են անհրաժեշտ սարքավորումներ։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է նաև, որ Գյումրիում Հյուսիսային մասքատուն-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտի համար անհրաժեշտ է ևս 1 միլարդ 642 միլիոն դրամ:
Մեկնաբանել