HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

131.4 մլն եվրո արժողությամբ 4 վարկային համաձայնագիր` բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար

Խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում չորս վարկային համաձայնագիր կա, ինչն առաջացրեց պատգամավորների վրդովմունքը: Տեղեկացնենք, որ 4 վարկային միջոցներն էլ ուղղվելու են 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանը: Վարկային համաձայնագրերի ընդհանուր արժեքը 131.4 մլն եվրո է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված միանգամից չորս վարկային համաձայնագրի վավերացումն արտահերթ նիստով օրակարգ ներկայացնելը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն արձագանքեց` չորս վարկային համաձայնագրերը նախատեսված են եղել 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով, որը ընդունվել է 2018-ին:

«Այսինքն 2019-ի բյուջեով ունենք ֆինանսական հոսքերի դեֆիցիտ, որի ֆինանսավորման համար նախատեսվել է արտաքին աղբյուրներից ֆինասնական միջոցների ներգրավում, և ֆինանսական միջոցների էն մասը, որը բաց է մնացել, փորձել ենք դոնորների հետ քննարկելով հասնել այն արդյունքին, որ կարողանանք բացը փակել: Հրատապությունն այն է, որ կարևոր է 2019 թվականի պետական բյուջեի իրականացումը, և երկրորդ՝ ունենալու ենք էդ միջոցների բաց, եթե դա տեղի չունենա, ստիպված ենք լինելու այլ աղբյուրներից լրացնել, որը ֆինանսական անկայունության կարող է հանգեցնել»,- ասաց փոխնախարարը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով` դեֆիցիտը կանխատեսվել է շուրջ 180 միլիարդ, ինչը նշանակում է, որ ճիշտ այդքան գումար է անհրաժեշտ, եթե պետությունը պարտք վերցնի, այլապես գումարը չի բավարարի պետական կարիքները բավարարելու համար:

«Բայց սա այն պարագայում, երբ տնտեսությունը աճում է, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում, որն է պատճառը փողի պակաս արձանագրելու և այն լրացնելու»,- հետաքրքրվեց նա:

Փոխնախարարն արձագանքեց` հարկային եկամուտների ավելացում կա 62 միլիարդի չափով, սակայն այն ծրագրավորվել է ծախսերի համար, հետևաբար ֆինանսական պահանջը մնացել է նույնը դեֆիցիտի մասով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ 2019-ի ավարտին մնացել է 18 օր, ինչու է Կառավարությունը նոր գիտակցել վարկային համաձայնագրերի կարիքը:

Փոխնախարարն արձագանքեց` ընթացակարգային խնդիր է, միակողմանի չէ հարցը, կա նաև հակառակ կողմը` ֆինանսավորող կառույցը, իրենք էլ իրենց ընթացակարգերն են անցնում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք սա վերջի՞ն բյուջետային վարկն է, թե՞ հնարավոր է մյուս տարի ևս լինի:

Փոխնախարար Ալավերդյանն ասաց, որ խորհրդարանն արդեն հաստատել է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով էլ արձանագրել է, որ վարկային միջոցներով բյուջետային դեֆիցիտ չի ֆինանսավորվելու:

Վարկային ծրագրերը հետևյալն են.

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիր (45.8 մլն եվրո գումար):

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին (9,1 մլն եվրո գումար):

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր (40 մլն եվրո):

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր (36,5 մլն եվրո):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter