
Դատավոր Լուսինե Աբգարյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը, դեկտեմբերի 16-ին նիստ է նշանակվել
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատարանի աշխատակազմից «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:30-ին, գործով դատական նիստ է նշանակվել:
Հիշեցնենք, որ դատավոր Մխիթար Պապոյանն, ում մակագրվել էր Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը, դեկտեմբերի 9-ին բավարարել է մարտի 1-ի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո գործը մակագրվել է Լուսինե Աբգարյանին:
Խափանման միջոցի գործով բողոքը ներկայացրել են Քոչարյանի պաշտպանները: Նրանք բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Գրավի միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին նոր որոշում է կայացրել: Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպաները միացել դրան:
Նշենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:
Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար:
Մեկնաբանել