Զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված բժիշկ-մասնագետների զորակոչ հայտարարվեց
Դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը հայտարարվեց զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը մինչև 74 բժիշկ-մասնագետ է, նրանց ծառայության ժամկետը երկու տարի է։
«Մինչև արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանանք զորակոչել այդքան քանակով, փաստացի չդառնա, որ որոշումը չի կատարվել»,- Կառավարության նիստին հայտնեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Վարչապետը հետաքրքվեց, թե ինչը կարող է պատճառ դառնալ, որ այդ քանակի բժիշկ-մասնագետի զորակոչ չապահովվի։ Դրան ի պատասխան պաշտպանության նախարարը պարզաբանեց՝ նեղ մասնագիտություններ ունեցող բժիշկների պակասը։
Նախարարը մանրամասնեց, որ երկու ուղղությամբ է կատարվում զորակոչը։ Առաջինը՝ համալրվելու է հոսպիտալային օղակը, որտեղ նեղ մասնագետների պահանջարկը կա և զորային օղակը, որը զորամասերի բժիշկներն են։ «Խոսքը գնում է նեղ մասնագետների վերաբերյալ, որոնց զուտ պակաս ենք ունենում»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստին հայտնեց, որ այժմ կան զորակոչվող բժիշկներ, ովքեր աշխատում են մարզային հաստատություններում․ «Հատկապես խոսքը անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասին է, և մենք փորձելու ենք զորակոչից հետո ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, եթե հնարավոր լինի մոտակա զորամասում ծառայող անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին թույլ տալ համատեղել նաև քաղաքացիական հիմնարկում աշխատանքը»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Մեկնաբանել