
Խորհրդարանը քննարկեց «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ կոնվենցիան ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի, այն մշակվել է Եվրոպական խորհրդի և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության անդամ երկրների համատեղ ջանքերով: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2018 թվականի հունվարի 24-ին:
Կոնվենցիան նպատակ ունի հարկային ոլորտում միջազգային համագործակցությունը և հարկի ցանկացած տեսակին վերաբերող հարցերով վարչական աջակցության բոլոր ձևերն ուժեղացնելու և հարկատուների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու:
Փոխնախարարի խոսքով` կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության հիմնական երեք ուղղություններ է պարունակում, որոնցից առաջինը տեղեկությունների փոխանակումն է:
«Առաջին մակարդակը հարցումների մակարդակում տեղեկությունների փոխանակումն է, երբ անհրաժեշտություն է առաջանում այս կամ այն գործընկեր երկրի հարկային մարմնից ստանալ տեղեկություն որևէ հարկ վճարողի վերաբերյալ, կատարվում է հարցում, նշվում հետաքրքրող հարցերի շրջանակը: Երկրորդը տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընթացակարգն է, որի համաձայն՝ կոնվենցիայի կողմերը կարող են գալ համաձայնության և փոխանակել նախապես համաձայնեցված ընթացակարգով և պարբերականությամբ տեղեկություններ»,- ասաց փոխնախարարը:
Պողոսյանի խոսքով` տեղեկությունների փոխանակման վերջին մակարդակը տեղեկությունների ինքնաբերաբար փոխանակման գործիքակազմն է, որը ենթադրում է որոշակի հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ տեղեկությունների` նախաձեռնողականության սկզբունքնով արդեն իսկ փոխանակում:
«Համագործակցության երկրորդ ուղղությունը բռնագանձման ընթացակարգերն են, էությունն այն է, որ հարկային մարմինները փոխադարձաբար օժանդակություն են ցուցաբերում այս կամ այն երկրի քաղաքացու կամ ռեզիդենտ հարկ վճարողի նկատմամբ` պարտավորությունների կատարումն ապահովող այս միջոցը կիրառելու հարցում»,- ասաց Պողոսյանը:
Ֆինանսների փոխնախարարի ներկայացմամբ` վերջին աստիճանը փաստաթղթերի հանձնումն է, ինչը ենթադրում է, որ հարկային մարմինները փոխադարձաբար մեկը մյուսին օգնելու են այս կամ այն հարկ վճարողին հասցեագրված փաստաթղթերը իրենց կողմից տեղորոշված հասցեով տեղ հասցնելուն:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք կոնվենցիան գործում է օֆշորային գոտիներում: Փոխնախարարն արձագանքեց` նման բառ կիրառել չի կարող, տվյալ երկրների կողմից կարող է սխալ ընկալվել, ապա հավելեց.
«Համաձայնագրին միացած են և կիրառում են 100-ից ավելի երկրներ, որոնց մեջ կան այնպիսիները, որոնց հարկման համակարգերը կարող են բնութագրվել արտոնյալ, բայց բացառություն չի նախատեսվում, որ եթե երկիրն ունի արտոնյալ կարգավորումներ, տեղեկություններ չպետք է հաղորդի: Սակայն կա մի առանձնահատկություն` յուրաքանչյուր երկիր իր ազգային օրենսդրության շրջանակներում է տեղեկություններ փոխանցում»,- ասաց Պողոսյանը:
Մեկնաբանել