HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օրն է

2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ:

Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ԱՀԿ-ի սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում: Այս փաստաթղթերը շեշտում են բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովման կարևորությունը: Համապարփակ առողջապահական ծածկույթը հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր անձ անկախ գտնվելու վայրից և ժամանակից օգտվի որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարությունների:

Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:

«Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի»,- նշել է առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով. «Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի ընթացքում 12 միջազգաին գորածակալություններ մեկնարկեցին «Ավելի ուժեղ համագործակցություն, ավելի լավ առողջություն» համատեղ պլանը` առաջիկա 10 տարվա ընթացքում առավել արդյունավետ և համախմբված  աջակցելու երկրներին` արագացնելու առաջընթացն առողջապահական Կայուն զարգացման նպատակներին հասնելու (SDG- ների) ուղղությամբ»:

«Հայաստանում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ​​ծախսերը ցածր՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ​​ծախսերը ՝ բնակչությանը ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- ընդգծել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter