HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»

Ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը, որը, ըստ նրա, բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով

Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ: «Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովագրության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:

Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը: «Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:

Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ և մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ

«Մենք պատրաստ ենք առողջապահության  նախարարության մեր գործընկերների հետ քննարկել ներկայացված նախագիծը, որովհետև այս համակարգի ներդրման դեպքում տնտեսական մրցունակության առումով մենք խնդիր ենք ունենալու: Տնտեսական համագործակցության  և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների նկատմամբ Հայաստանում  միջին վիճակագրական  ընտանիքը ավելի շատ է հարկվում և հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման մասնակիցները հիմնականում մտահոգություններ են հայտնել ներկայացված համակարգի վերաբերյալ: Լսելով մտահոգություններն ու հնչած առաջարկները, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել և ներկայացնել քննարկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter