
Ոստիկանության հարցաքննությունները կտեսաձայնագրվեն. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանում այսօր արտահերթ նիստում քննարկվեց Ոստիկանության մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որի ընդունումը նպատակ ունի կանխարգելել խոշտանգումների հնարավոր դեպքերը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի խոսքով` առաջարկվում է ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերն ապահովել: Ոստիկանությունը Եվրոպական միությունից բյուջետային օժանդակություն է ստանձնել` խոշտանգումները կանխարգելելու նպատակով համապատասխան իրավական կարգավորումներ ստեղծելու համար:
«Ոստիկանությունն այս փոփոխություններով պարտավորություն է ստանձնում մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում ներդնել հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր, ինչով էլ պայմանավորված է նախագծի ընդունման հրատապությունը»,- ասաց փոխոստիկանապետը:
Վերջինիս խոսքով` առաջարկվում է ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար նախատեսված սենյակները կահավորել տեսագրող և տեսաձայնագրող սարքերով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն արձագանքեց` իր տեղեկություններով ոստիկանությունում առանձին սենյակներ հարցաքննության համար նախատեսված չեն:
«Ցանկացած օպերլիազոր կամ տեսուչ հարցաքննություն իրականացնում են իրենց աշխատասենյակներում, սրանից հետևում է արդյոք, որ բոլոր աշխատասենյակներում տեղադրվելու են տեսախցիկներ, և արդյոք որևէ մեկն օնլայն հետևելու է հարցաքննություններին»,- հարցրեց պատգամավորը:
Փոխոստիկանապետն արձագանքեց, որ այսուհետ հարցաքննության համար հատուկ սենյակներ են նախատեսվելու, կահավորվեու են համապատասխան միջոցներով, և միայն այդ սենյակներում է թույլատրվելու հարցաքննություն:
Հարցաքննությանն օնլայն տարբերակով հետևելու սահմանափակ թվով անձինք իրավունք կունենան, սակայն ոստիկանապետի հրամանով՝ որոշ դեպքերում դրանք կարող են գաղտնագրվել, և դիտողների շրջանակն ընդլայնել:
Պատգամավորն արձագանքեց` նոր իրավիճակում խոշտանգումները նվազել են, սակայն եթե ոստիկանության աշխատակիցը միտում ունի հարցաքննող անձին խոշտանգելու, դա կարող է իրականացնել մեկ այլ սենյակում, ապա հարցաքննել դրա համար նախատեսված սենյակում:
«Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել, բայց որպեսզի սահմանափակվի նման դեպքերը մենք քայլ ենք անում»,- ասաց Եսայանը` հավելելով, որ սրանով չեն սահմանափակվելու, և բոլոր ռիսկերը վերանայվելու են:
Նախագծի քննարկումներն ավարտվեցին, այն ընդունվեց 107 կողմ ձայնով: Նախագիծը վաղը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել