HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Եթե անձն ունի շաքարային դիաբետ և հրաժարվում է ինսուլին ստանալ, դրա համար պետությունը մեղավոր չէ»,- Մանվել Գրիգորյանի գործով դատախազ

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հետաձգեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Այն կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 5-ի որոշումը:

Գրիգորյանի պաշտպանների ելույթների տրամաբանությունն այն էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառը նրա կալանքի տակ գտնվելն է:

Պաշտպաններից Կարեն Քամալյանը կարծիք հայտնեց, որ այն առողջական վիճակով, որն ունի Մանվել Գրիգորյանը, ավելորդ է խոսել կալանավորման մյուս հիմքերի՝ Գրիգորյանի կողմից քննությանը խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ քննությունից խուսափելու ռիսկի մասին:

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի գործով միայն թղթի թափոններ են ավելանում, իսկ արդարադատություն չի իրականացվում:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը, հիշեցնելով, որ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերն անջատվել են, նշեց, որ դրա պատճառը նույնպես Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելն է:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը շուրջ 6 ամիս է՝ քաղաքացիական հիվանդանոցում է:

Դատավոր Նարինե Հովակիմյանն, ով նախկինում քննել է Գրիգորյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքներից մեկը, հիշեց, որ ամիսներ առաջ, երբ ինքը քննում էր գործը, Գրիգորյանը ոտքերի հետ կապված առողջական խնդիր չուներ: Ստացվում է, որ, թեև Գրիգորյանը ոչ թե կալանավայրում, այլ քաղաքացիական հիվանդանոցում է գտնվում, նրա մոտ նոր առողջական խնդիր է ավելացել:

Դատավորը նաև կարծիք հայտնեց, որ Գրիգորյանը բուժում է ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, որն ունի լավագույն մասնագետներն ու հագեցած է բուժսարքավորումներով: Դատարանը ցանկանում էր պարզել, թե նման պայմաններում ի՞նչն է խնդիրը, նա հարցեր ուղղեց նաև, թե արդյոք Մանվել Գրիգորյանը ցանկություն հայտնե՞լ է հիվանդանոցի տարածքում նրան հսկող ոստիկանների ուղեկցությամբ զբոսնել և նրան թույլ չեն տվել՝ նկատի ունենալով, որ պաշտպանները բարձրաձայնում են այն մասին, որ Գրիգորյանին բնական լույս, մաքուր օդ է պետք:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու պայմաններում հնարավորություն չի ունենում, օրինակ՝ Արզնիում բուժում ստանալ:

Մեղադրող Վահե Դոլմազյանը դիրքորոշում հայտնելիս առարկեց բողոքի դեմ: Նա նշեց, որ առկա են Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքեր և պայմաններ: Դատախազի խոսքով՝ Գրիգորյանի գործով հերթական նիստերից մեկում դատարանն արձանագրել է որ պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքը՝ նկատի ունենալով, որ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու տասից ավելի նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացվել ու քննության չի առել այդ օրը ներկայացված գրավի միջնորդությունը:

Դատախազը նաև նշեց, որ մոտ մեկ տարի առաջ, երբ դատարանը Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, ՔԿՀ-ից դուրս գալիս Գրիգորյանն, առողջ և առույգ մարդու տեսք ուներ, իսկ երբ նորից կալանավորվեց, պաշտպանները կրկին սկսեցին խոսել նրա առողջական խնդիրների մասին:

Վահե Դոլմազյանը նաև ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը պարզելու համար ստեղծված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նա չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որն ընդգրկված է Կառավարության 825 որոշմամբ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում:

Դատախազը նաև ընդգծեց, որևէ բժշկական փաստաթղթում չկա խոսք այն մասին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկայի պատճառը կալանքի տակ գտնվելն է: Նա տրամաբանական համարեց, որ պետք է վատթարանա անձի վիճակն, ով ամենօրյա դեղորայքային բուժման կարիք ունի, բայց հրաժարվում է դեղորայք ընդունել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի դեպքում նման իրավիճակ եղել է:

«Եթե անձը ունի շաքարային դիաբետ և դրա դեմ հրաժարվում է ինսուլին ստանալ, դրա համար պետությունը մեղավոր չէ»,- ասաց Դոլմազյանը:

Դատական նիստն ավարտվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter