HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ

2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական չորրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրը (անգլերեն` Forbearance agreement): Ի թիվս այլ հարցերի այս համաձայնագրով պարտատերերը համաձայնվել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: Սա ենթադրում է, որ եթե այս պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից: Այլապես նրանք հերթական համաձայնագիրը պետք է կնքեն` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը:

Սույն թվականի դեկտմբերի 20-ի հնարավոր շրջադարձային կետ լինելու հանգամանքը ավելի հավանական է դառնում, երբ տեղեկանում ենք, հետևյալ իրադարձությունների շարքին.

  • Նոյմբերի 17-ին Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ փակ (չլուսաբանված) հանդիպում են նախաձեռնում Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Կառավարության համապատասխան մարմինների մի շարք ներկայացուցիչներ: Սրա շուրջ շատ արագ և հիմնականում բացասական արձագանքների արդյունքում, նրանցից մի քանիսը տարածեցին հաղորդագրություն, որում հանդիպման նպատակի մասին ասվում էր հետևյալը. «Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները»։ Չնայած այս հայտարարությանը, այս հանդիպումը ավելի շատ «Իմ Քայլը» քաղաքական ուժի ղեկավարության կողմից ուղղորդված գործողության էր նման` նաև հաշվի առնելով, որ հանդիպմանը մասնակից պատգամավորները նախկինում այս ծրագրի շուրջ բացահայտ դրական դիրքորոշում չեն ցուցաբերել, սակայն մինչ այս պահը տեղացիների հետ նման հանդիպումների և քննարկումների մեջ չէին ներգրավվել:
  • Այս հանդիպումների ուղղորդված լինելու և նպատակադրված լինելու կասկածները ավելի են սրվում, երբ Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպում են Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը մասնակից Ջերմուկ համայնքի որոշ բնակիչների հետ և նրանց առաջարկում են բացել Ամուլսար տանող ճանապարհները և թույլ տալ, որ Լիդիանը ձմեռացման աշխատանք կատարի։
  • Նաև լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետը ակտիվորեն փորձում է տեղացիներին համոզել, որպեսզի բացեն Ամուլսար տանող ճանապարհները:

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ նախքան այս իրադարձությունները երկրի վարչապետը սեպտմեբերի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում տեղացիներին բացել Ամուլսար տանող ճանապարհները: Մինչ Կառավարությունը ջանքեր չի խնայում Ամուլսարի ծրագիրը գործարկելու ուղղությամբ, «Լիդիան» ընկերությունը ժամանակ չի կորցնում իր դիրքերը ավելի ամրապնդելու համար:

Մասնավորապես, Կանադական արժեթղթերի ադմինիստրատորներ կազմակերպության (Կանադայում արժեթղթերի կարգավորումներով զբաղվող կազմակերպությունների միություն) պաշտոնական կայքում (sedar.com) շարունակաբար տեղեկատվություն է տարածվում, որ Ամուլսար տանող ճանապարհները անօրինական շրջափակված են և այդ հաղորդագրություններից կարելի է նաև եզրակացնել, որ Կառավարությունը պատշաճ ջանքեր չի գործադրում օրենքի գերակայություն ապահովելու համար:  Վերջին նմանատիպ հաղորդագրության մեջ, որ հրապարակվել է նոյեմբերի 11-ին ասվում է, որ Ամուլսար տանող ճանապարհների շրջափակման արդյունքում «Լիդիանի» երկու դուստր ընկերությունները (որոնք, ի դեպ, վերջերս են գրանցվել) 2019 թվականի մարտի 11-ին պաշտոնապես տեղեկացրել են ՀՀ կառավարությանը անգլիական և կանադական երկկողմ ներդրումային համաձայնագրրեի շրջանակներում գոյություն ունեցող վեճերի մասին: Այստեղ ասվում է նաև, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 19-ից կրկնվող հայտարարություններ է տարածել առ այն, որ «Լիդիանի» մուտքը Ամուլսարի տարածք պետք է վերականգնվի:

Այս ընթացքում, «Լիդիանը» նախաձեռնում է նաև Ամուլսարի ծրագրի նոր Իրագործելիության վերլուծություն, որի տեխնիկական հաշվետվությունը (Feasibility study technical report) հրապարակվում է այս տարվա հոկտեմբերի 15-ին: Այս հաշվետվության մեջ առկա են մի շարք ուշագրավ ֆինանսական գնահատականներ և ծրագրի գործառնական տվյալներ: Մասնավորապես.

  • Հանքի կյանքի տևողությունը նախկին 10-ից վերագնահատվել է 12 տարվա:
  • Պաշարները վերագնահատվել են և նախկինում գնահատված 102.6 միլիոն տոննայի փոխարեն այժմ հայտարարվում է 119.3 միլիոն տոննա:
  • Վերոնշյալի հիման վրա, կորզման ենթակա ոսկու պարունակությունը վերագնահատվել է 2.46 միլիոն ունցիայի (նախկինում գնահատվածից 192,000 ունցիա ավել, որը հավասար է 5,443.1 կիլոգրամի): Սա շուրջ 69,740 կիլոգրամ է, որը այս պահի շուկայական գնով (1 ունցիան 1,473 ԱՄՆ դոլար, ինչը վերջին 6 տարիների ընթացքում գտնվում է ամենաբարձր կետում) կազմում է շուրջ 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այս իրագործելիության վերլուծության մեջ կիրառված գնով (1 ունցիան 1,300 ԱՄՆ դոլար) հաշվարկելիս կազմում է շուրջ 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար:
  • Պետությանը կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը գնահատվել են 189.7 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա ներկայացվել էր 150.06 միլիոն ԱՄՆ դոլար:
  • Պետությանը վճարման ենթակա ռոյալթի վճարները գնահատվել են 304 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա հաշվարկվել էր 236.37 միլիոն ԱՄՆ դոլար:
  • Մեկ ունցիա ոսկի կորզելու ծախսերը, այսպես կոչված All-in sustaining costs (սա կարելի է մեկ ունցիա ոսկի կորզելու ինքնարժեք համարել), գնահատվել են 744 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար: Սա ներառում է նաև փաստացի աշխատուժի գծով ծախսերը և բոլոր սպառման ենթակա նյութերը, նաև հայկական ծագում ունեցող` նախաարտադրական փուլի վառելիքը: Նախկին գնահատման մեջ այդ ցուցանիշը (All-in sustaining costs) ներկայացվել էր 579 ԱՄՆ դոլար:
  • Ծրագրի մեկնարկի և ոսկու կորզումը սկսելու համար գնահատվել է, որ անհրաժեշտ է 168.6 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ծախսեր իրականացնել (ներառյալ շրջանառու կապիտալը):
  • Հաշվետվության հրապարակման դրությամբ Չվերկանգնվող կապիտալ ծախսերը (Sunk Capital Cost) գնահատվել են 361.9 միլիոն ԱՄՆ դոլար: Սրանք այն կապիտալ ծախսերն են, որ հնարավոր չէ վերականգնել, եթե կազմակերպությունը որոշի դադարեցնել իր գործունեությունը:
  • Պահպանման, շահագործման և փակման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը կազմելու են 180.4 միլիոն ԱՄՆ դոլար:

Վերոնշյալ երեք խումբ կապիտալ ծախսերը միասին կազմում են 710.9 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախկինում գնահատվել էր 497.7 միլիոն ԱՄՆ դոլար:

  • Առաջին հինգ տարում նախատեսվում է տարեկան միջինում կորզել 246,000 ունցիա ոսկի, իսկ դրանից հետո մինչև հանքի կյանքի տևողության ավարտ (ինչպես վերևում նշել ենք գնահատվել է 12 տարի)` միջինում տարեկան 204,000 ունցիա:
  • Հարկերից հետո ծրագրի Զուտ ներկա արժեքը (հաշվարկած 5% դիսկոնտավորման գործակցով) գնահատվել է 362.6 միլիոն[1] ԱՄՆ դոլար: Նախկին` 2015 թվականի գնահատման մեջ այս ցուցանիշը կազմում էր 347.3 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս իրագործելիության վերլուծությունը իրականացվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում գրանցված JDS ENERGY & MINING INC. կազմակերպության կողմից: Վերջինս այս հաշվետվությամբ եզրակացնում է, որ ծրագիրը իրագործելի է և «Լիդիանը» պետք է շարունակի աշխատանքները առաջին իսկ հնարավորության դեպքում:

Այս ընթացքում մի շարք այլ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ներկայացված են ստորև:

  • 2019 թվականի սեպտեմբերի 11-ին հաղորդագրություն տարածվեց, որ սեպտեմբերի 10-ին Լիդիանի խոշոր բաժնետերերից Օրիոն ընկերությունը (անգլերեն` Orion Co-IV (ED) Limited, որը կառավարվում է Orion Mine Finance Management I Limited ընկերության կողմից) համաձայնության է եկել վաճառելու «Լիդիանում» իրեն պատկանող թվով 98,836,000 հատ բաժնետոմսերից (սա կազմում է «Լիդիանի» թողարկած բաժնետոմսերի 13%) 10,000,000 հատը` 10 կանադական ցենտով (0.10 կանադական դոլար): Այս հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Օրիոն ընկերության վերջին Վաղ զգուշացման հայտարարագրի պահից սկսած (անգլերենով` early warning report), նա իրեն պատկանող մասնաբաժինը Լիդիան ընկերությունում նվազեցրել է 16.9%-ից մինչև շուրջ 11.7%-ի:
  • 2019 թվականի հուլիսի 2-ին «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ երկրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրն է կնքում (անգլերեն` Forbearance agreement): Սրա համաձայն «Լիդիանը» թողարկելու է 23,036,136 հատ վարանտ (անգլերեն` warrant, բառացի նշանակում է երաշխիք, որը ածանցյալ ֆինանսական գործիք է և կրողին իրավունք է տալիս որոշակի ֆիքսված գնով կազմակերպության արեթղթեր գնել` որոշված ժամանակահատվածի ընթացքում) AB Svensk Exportkredit շվեդական արտահանման պետական կազմակերպության համար և թվով 4,746,324 վարանտ Ameriabank CJSC-ի («Ամերիաբանկ» ՓԲԸ) համար: Եվ եթե այս իրավունքը իրացվի, ապա տվյալ պահի դրությամբ ձեռք բերված արժեթղթերը կկազմեն բոլոր թողարկված հասարակ բաժնետոմսերի 3.5%-ը: Յուրաքանչյուր թողարկված վարանտի դիմաց իրավունք է տրվում ձեռք բերել «Լիդիանի» մեկ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 0.1495 կանադական դոլարով:
  • 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան» ընկերությանը նամակ է ուղղում, որով տեղեկացնում է, որ Կեչուտ-Զառիթափ (Գնդեվազ) ոռոգման խողովակաշարի միջոցով Արփա գետից ջուր օգտագործելու վերաբերյալ վերջինիս հայտը մերժվել է: 2019 թվականի հուլիսի 4-ին «Լիդիան» ընկերությունը դիմում է Դարփ գետից ջուր օգտագործելու թույլտվություն ստանալու համար և սույն թվականի հոկտեմբերի 31-ի նախարարության գրությամբ մերժում է ստանում: «Լիդիանը» մտորում է կամ կրկին դիմել նախարարությանը կամ դատարանում բողոքարկել ստացված մերժումը:
  • «Լիդիանը» հրապարակել է 2019 թվականի իննը ամիսների համար իր ֆինանսական հաշվետվությունները (այս հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվել): Նշված է, որ այս ժամանակահատվածում շուրջ 91 միլիոն ԱՄՆ դոլար վնաս է ճանաչվել (սրանից 60.3 միլիոնը կազմակերպությունը համարում է Ամուլսար տանող ճանապարհների փակման պատճառով առաջացած վնասներ), որի արդյունքում գրանցված կուտակված վնասը հասել է շուրջ 314.5 միլիոն ԱՄՆ դոլարի: Սրա հետևանքով սեփական կապիտալը նվազել և դարձել է բացասական 45.7 միլիոն ԱՄՆ դոլար: Այս հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 395.3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակտիվները 349.6 միլիոն դոլար են կազմում: Հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմակերպության կանխիկը կամ դրան հավասարեցված միջոցները կազմել են շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս իրադարձությունները և տեղեկատվությունը ամփոփելով, կարող ենք ենթադրել, որ Կառավարությունը ավելի մեծ ջանքեր է գործադրելու Ամուլսար տանող ճանապարհները բացելու համար: Միաժամանակ, ներկայացված քայլերի հաջորդականությունը հուշում են, որ «Լիդիանը» պատրաստվում է արբիտրաժային վեճի և հավանաբար սա է հիմնական պատճառը, որ ծրագրի իրագործելիության վերագնահատում է արվում, որով ենթադրյալ ոսկու պաշարների գնահատման թվերը ավելի են մեծացվում: Սրանք հնարավորություն են տալիս, մի կողմից Կառավարության վրա հոգեբանական ավելի մեծ ճնշում գործադրելու առ այն, որ ծրագիրը տնտեսապես շահավետ է, և մյուս կողմից ավելի «հիմնավոր» փաստաթղթեր են պատրաստում արբիտրաժում Հայաստանի դեմ իրենց հնարավոր հայցով ներկայացվելիք ֆինանսական պահանջը հիմնավորելու համար:

Այս ամենով հանդերձ, մտահոգիչ է Կառավարության անգործությունը Ծրագրի իրագործելիության տեխնիկական նոր հաշվետվությամբ վերագնահատված պաշարների և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ արձագանքի բացակայության առումով: Մասնավորապես.

  • Ինչքանո՞վ են հավաստի պաշարների վերաբերյալ նոր գնահատականները, եթե արդեն շուրջ քսան ամիս է, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են, և տարածքից նոր նմուշներ վերցնելու հնարավորությունը տեխնիկապես անհնարին է (իսկ եթե նախկինում վերցված նմուշներն են վերագնահատվել, ապա որն է երաշխիքը, որ վերագնահատումը ճիշտ է արվել, այսինքն ինչպես է ստացվում, որ դրանցում ոսկու պարունակությունը ավելին է դառնում):
  • Ինչքանո՞վ են հավաստի նոր ֆինանսական գնահատականները, մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ ընդհանուր կապիտալ ծախսերը գնահատվել են 710.9 միլիոն ԱՄՆ դոլար (ներառյալ արդեն իսկ կատարված կապիտալ ծախսերը), ինչը նախկինում գնահատվել էր 497.7 միլիոն ԱՄՆ դոլար, ո՞րն է այս շեղման պատճառը:
  • Ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ունցիա ոսկի կորզելու ծախսերը (All-in sustaining costs, սա կարելի է մեկ ունցիա ոսկի կորզելու ինքնարժեք համարել) գնահատվել են 744 ԱՄՆ դոլար, այնժամ երբ նախկինում սա գնահատվել էր 579 ԱՄՆ դոլար:
  • Ո՞ր մարմինն է ստուգելու և հետևելու այս և այլ տվյալների (օրինակ, արդյոք այս նոր գնահատման մեջ հաշվի են առնվել ELARD-ի կողմից բարձրացված ռիսկային գործոնները կառավարելի դարձնելու հետ կապված ծախսերը) հավաստիությանը:

Այս ամենով հանդերձ, ինչու՞ տեղացիների ձայնը լսելի չի դառնում ժողովրդի հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարությունում, և նրանք շարունակում են այս ծրագիրը իրականություն դարձնելու իրենց ջանքերը ի հակադրություն տեղացիների կամքի և ի հակադրություն քաղաքացիների առողջ ապրելու իրավունքի:

Եվ վերջապես, կարծես իրադարձությունների ներկա զարգացումը այս խնդրի արբիտրաժային լուծումը ավելի հավանական է դարձնում: Իսկ այս պարագայում, արդյո՞ք մեր կառավարությունը պատրաստ է նման ելքի և արդյո՞ք ներկայի իրենց գործողություններով կամ անգործությամբ չեն թուլացնում հնարավոր հաղթական ելքի հավանականությունը:

Սրանք այն բոլոր հարցերն են, որոնց տրված պատասխանների բնույթով է պայմանավորված Ամուլսարի խնդրի լուծումը ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչը կնշանակի` ի շահ Հայաստան պետության:

[1] Այս վերլուծության մեջ իրականացված հաշվարկներում ոսկու շուկայական գինը վերցվել է 1,300 ԱՄՆ դոլար մեկ ունցիա ոսկու համար և 16.0 ԱՄՆ դոլար մեկ ունցիա արծաթի համար:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Հայաստանը հանգիստ թողեք.չարժե մի երկու դոլար գրպանելու համար կասկածի տակ դներ հայ սերնդի գոյատևումը. Ակնկալիք այդ մի քանի միլիոնն դոլարը՝ ցանկության դեպքում կարող եք բռնագանձել հայրենասեր ձևացող օլիգարխիայից: հակառակ դեպքում՝ շահագործման ջատագովների բնակարաննորն օտարել և բնակեցնել հենց գործող հանքի տարածքում՝ որպես անվտանգության երաշխիք ( կամուրջը կառուցելուց հետո , վարպետը՝ իր ընտանիքով նստում էր կամրջի տակ, մինջև փորձարկման ավարտը)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter