HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը, որը ներկայացրել էին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Թեդ Քրուզը։

Նշենք, որ Սենատը ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատն է։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել նաև Ներկայացուցիչների պալատը։

Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևը ընդունելուց հետո երեք անգամ փորձ է արվել ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներառել նաև Սենատի օրակարգում, սակայն երեք փորձերն էլ ձախողվել էին, քանի որ սենատորներ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը օգտվել էին իրենց վետոյի իրավունքից և արգելափակել էին հարցի օրակարգ մտնելը։

Հիմա, փաստորեն, սենատորներից և ոչ մեկը չի խոչընդոտել բանաձևի քվեարկությանը, որն էլ ինչպես արդեն նշեցինք, միաձայն ընդունվել է։

Արձագանքելով ԱՄՆ Սենատի որոշմանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այս որոշումը վճռական քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ Այս որոշումը վճռական քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեզին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում:

USA Today-ը բանաձևի ընդունումը պատմական է որակել՝ շեշտելով, որ այս որոշումը կսրի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները։

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան լոբբիստների բանակ է պահել այսպիսի սցենարը կանխելու համար, սակայն հինգշաբթի օրը դրանք հաջողությամբ չավարտվեցին․․․սենատոր Ռոբերտ Մենենդեսը սկսել է լաց լինել, երբ խոսել է Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներից»,- գրել է USA Today-ը։

Լուսանկարը՝ Samuel Corum/Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter