HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Մարմնի Բազար

Թեթև ու անլուրջ էսսե ժամանակակից արվեստի ու հանրության բախման մասին

«Սաղ գժվել են»,- քթի տակ մրմնջաց դրսից բռնած տաքսու վարորդն, ում դեմով հենց նոր անցավ բոյով ու շատ բարակամարմին երիտասարդ՝ բրուտալ կաշվե հագուստներով ու աչք ծակող նրբագեղ կանացի փոքրիկ պայուսակով: Այս տղային ես հաճախ եմ տեսնում տարբեր տեղերում: Նա երևի մոդել է, որովհետև կազմվածքով հետաքրքիր է ու իր պայուսակից առավել աչք ծակող: Նրա պայուսակն ամեն անգամ ուրիշ է՝ ավելի գրավիչ, հետաքրքիր ու ուշադրությունն իրա վրա կլանող: Թվում է, թե փոքր դետալ է, բայց էդ դետալով՝ կանացի պայուսակով դուրս գալը, տղա լինելով հանդերձ, հիմա լուրջ քայլ է, որը ոչ միայն ինքնավստահություն է պահանջում, այլ նաև ոնց կասեին անցած տարի՝ դուխ:

Երիտասարդը քայլեց անցավ, իսկ տաքսիստը դեռ լարված էր: Ես էլ, դրանից օգտվելով, սկսեցի իրեն բզել՝ հարցնելով, թե ինչի ներվայնացավ տղային տեսնելուց, ինչին նա արձագանքեց կիսամեղանչող տոնով, որ խնդիր չունի երիտասարդի ու նրա պայուսակի հետ, որովհետև «գոնե նա չի գնում մետրոյի տակ պարում-մարում»:

Հաշվի առնելով, որ արդեն գրեթե դեկտեմբերն ենք կիսում, միանգամից գլխի չընկա, որ տաքսիստը նոյեմբերին, իսկ ավելի կոնկրետ նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» փերֆորմանսի մասին էր խոսում, իսկ երբ հասկացա՝ հարցրի, թե ինչ գիտի դրա մասին՝ պարզաբանելով, որ ես էլ չեմ եղել ու  ուզում եմ իմանալ՝ ինչ է դա:

«Ինչ-որ ծես են արել, սատանիստական բան-ման»,- հանգիստ ասաց տաքսիստը, հետո շեղվեց այլ թեմաների վրա, վերջում եզրահանգելով, որ կանանց չարժե մեքենա վարել, ինչին ես հանգիստ տոնով ասացի, որ կանայք տարբեր են լինում: Նա համաձայնվեց ու շարունակեց առանց լարվելու քշել՝ արդեն արտահայտվել էր, բողոքները կիսել, կանանց սորտավորել, ուրեմն ներսը խաղաղ էր: Իսկ ես դեռ շշմած էի, որովհետև սա առաջին դեպքն էր, երբ ժամանակակից արվեստի մասին անդրադարձ եմ լսում տաքսիստից:

Իհարկե, «ՀուԶանք ու Զանգ»-ն օբյեկտիվ շատ պատճառների հետևանքով է այսպես լայն տարածում ու քննադատական արձագանք ստացել: Չնայած անկեղծ լինելու համար պետք է նշել, որ ոչ մի ադեկվատ մասնագիտական քննադատական արձագանք աչքովս չի ընկել, փոխարենը բոլորը ներվի ու հիստերիայի վրա հիմնված երկկողմ վիրավորական քլնգումներ են՝ թե այսպես կոչված ազատամիտների կողմից, և թե նրանց, ովքեր ավելի պահպանողական դիրքերից են խոսում: Արդյունքում նույնն է՝ գործը դրվում է մի կողմ ու ծառայում հարթակ՝ իրար ուտելու ու սխալ հանելու, տեսնելու, թե հայի որ մի տեսակը մյուսին պետք է խեղճացնի: Լրիվ տեսակի պայքար է, որտեղ հաղթողը կստանա հասարակության կողմից ընդունելի/չընդունելիի սահմանն ինքնուրույն գծելու իրավունքը:

Ամեն դեպքում շատ պատճառներ կային, ըստ որի՝ այս գործն արժանացավ նման արձագանքի: Օրինակ վայրը՝ հանրային վայր, որտեղ հասանելիության պայմաններում արտիստը ոչ միայն կարող է վտանգել իր գործի ընթացքը, այլ նաև իրեն: Նման վայր ընտրելու անելու դեպքում ընդհատվելու ու շեղվելու հավանականությունները շատանում են: Այս դեպքում կարևոր է դառնում արտիստի ռեֆլեկտիվությունն ու ունակությունն աշխատելու ստացված ռեակցիաների հետ: Նման կերպ կոնֆլիկտը որպես այդպիսին ոչ թե դառնում է արվեստի գործին վնասող մի բան, այլ դրա օրգանական մասը:

Իհարկե, հեշտ է կպնել նրանց, ովքեր իրենք են իրենց ոտքով էկել ու «օկուպացրել» հանրային տարածքը, ում գործը ոչ թե պատից է կախված կամ գրքի էջերում թաքնված, այլ հենց իր մարմինն է ու մարմինն էլ՝ ձեռքիդ տակ: Մարմնականին կարող ես քննադատել հենց հիմա, ոչ թե կարդալուց ու մարսելուց հետո: Դրան կարող ես վախացնել, ծեծել, մորթել, բայց լռեցնել չես կարող, որովհետև մարմնականն արդեն հանրային տարածքում է ու հանրային հիշողության մեջ՝ դոկումենտացված, հետևաբար և կարող է մտնել արխիվ ու պատմություն՝ քո պատմություն:

Սա, անկախացումից հետո դեռևս լղոզված ձևակերպումներով ապրող հանրության համար մեռնելուց ավելի սարսափելի է, իսկ կիսատ-պռատ ձևակերպված իդեոլոգիայի համար առհասարակ՝ վտանգավոր: Ոնց թողել մի բանը վերահսկվող պատմություն ու արխիվ, եթե վստահ չես, թե ինչ հարցեր է այն բարձրացնում կամ ինչպես դրանց պատասխանել:

«ՀուԶանք ու Զանգ»-ը առհասարակ եկել էր երկխոսելու մի խնդրի շուրջ՝ կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալման, որը դեռևս վիճաբանությունների առիթ է: Ինչու, որովհետև հայու գենի կրող կինն ավելի քան քաղաքականացված կառույց է, հետևաբար և նրա վարքը, և մտքի ու ազատության դրսևորումները պետք է կառավարվեն ու համաձայնեցվեն մեծամասնության կողմից: Դեռևս գոյատևողական մտածելակերպով ապրող մարդկանց համար կինը դեռ միավոր է, որը պահում է ու շատացնում ազգը: Նշանակում է կնոջը պետք է հսկել: Մեջբերեմ ակտիվիստներից մեկի խոսքերն, ով փորձեց ընդհատել փերֆորմանսը. «Դուք առաջին հերթին կին եք, եւ կնոջ համար առաջին առաքելությունը երեխա ունենալն է ու դաստիարակելը»։

Նման թեմային անդրադարձը, արվեստային երկխոսության դաշտից տեղափոխվեց քաղաքացիական ընդվզման, որտեղ բոլոր հարցերը դեռևս լուծվում են անձնական վիրավորանքների ու իմպուլսիվ, ռեակցիոն վարքի միջոցով ու մեկ-մեկ էլ՝ իրար վրա «զելյոնկա» ցփնելով:

Չտեղեկացված հանրության կողմից ռեակցիոն վարքը սպասելի է, բայց տեղեկացված արտիստի կողմից նույն ռեակցիոն վարքի ցուցաբերումը կարող է սրել կոնֆլիկտը: Սա, նշանակում է, որ մեդիան էլ իր հերթին ամենը կուռճացնի՝ արտիստի ու հանրության չստացված երկխոսությունը հասցնելով ապոկալիպտիկ աստիճանի: Այդ խառնաշփոթի լուծման ու հարթման միակ տարբերակն է քննադատական արձագանքը՝ մասնագիտական ու առանց ներվի գրված:

Արտիստ-հասարակություն կապը, կամ երկխոսությունը, հենց արվեստաբանության ու գրաքննադատության արձագանքի միջոցով է հաստատվում ու, եթե վերջինս զբաղված է միայն բարդ ստորադասական վիրավորանքներ մտածելով՝ ուղղված հանրությանը կամ ոնց շատերն ասում են՝ ՄԱՍՍԱՅԻՆ, ապա հանրությունը կամ նույն ՄԱՍՍԱՆ կշարունակի ընդվզել, իրեն նսեմացննել փորձող արվեստագետի դեմ, ով խոսում է անհասկանալի լեզվով ու չի էլ պատրաստվում թարգմանել ասածը:

«ՀուԶանք ու Զանգ»-ը՝ 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) էքսպերիմենտալ վերընթերցումն է, իր հետ այլ հարցեր էլ նորից հետ բերեց ու այդ խնդիրները հասկանալու համար պետք է նախ մի քանի կարծիքից մեջբերում անել:

Այսպես օրինակ Ռադիովան-ում տեղադրված նյութում բերվում է հետևյալ ցիտատը գրաքննադատ Հարություն Սուխությանից՝ «Եթե իմ մաշված կոշիկը արվեստ կդառնա, Վշտունու կռռանքն ու զռանքն էլ պոեզիա կդառնան»:

Նույն հոդվածում Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանն ասում է․ «Իրականում Վշտունին ու Աբովը նախորդ դարի 20-ականների միջակություններն են, ովքեր ոչ միայն հետք չեն թողել հայ պոեզիայի զարգացման հարցում, այլև ժամանակակիցների ու շատ շատերի պնդմամբ հնարավորինս փորձել են իրենց գրվածքներով այլանդակել, փչացնել ու եղծել հայ դասական գրականությունը»:

Միգուցե նեղ շրջանակներում՝ խոհանոցում, արված այս տեսակի մեջբերումները կաշխատեին ու «կուտվեին», բայց ավելի լայն հանրությանը ներկայանալու համար պետք է գոնե բերել հիմնավորումներ, թե ինչու է այս կամ այն գործը անվանվում ԿՌՌԱՆՔ կամ ինչ չափանիշներով է որոշվում, թե ով է միջակություն, իսկ ով՝ ոչ: Հանրային ամեն տեսակի արձագանք պատասխանատվության տարր է կրում, քանի որ ընթերցողի մոտ կարող է ձևավորել ոչ միայն կարծիք, այլ նաև մոտեցում:

Գրականագետների նման մոտեցումները որքան էլ սխալ են թվում, հասկանալի են, եթե դրանք դիտարկել այլ տեսանկյունից: Երբ արվեստն իդեոլոգիայի կողմից է դիտվում, այն անխուսափելիորեն ենթարկվում է՝ ԲԱՐՁՐ ու ՑԱԾՐ բաժանումների: Երբ հերթը հասնում է անցյալը պատմություն սարքելուն, և այդ պատմությունից ներկա գաղափարախոսության համար հարմար հենարաններ ընտրելուն, ապա անցյալի շատ բաղադրիչներ մոռացվում են կամ ֆիլտրվելով կորում:

Որպես օրինակ կարող ենք կրկին մեջբերել Ծովինար Խաչատրյանի խոսքերը․«Ցավալի է, որ Չարենցը միացավ նրանց, սակայն ինչպես գիտենք այդ միացումն ու առավել ևս ոգևորությունը շատ կարճ տևեց, ինչին հաջորդեց Չարենցի «Տաղարան» ժողովածուի ստեղծումը` «Ես իմ անուշ Հայաստանի» բնաբանով, ինչը ոչ միայն մեղքերի քավության լավագույն ձևն էր»։

Դրանց համաձայն Չարենցին չի կարելի այլ կերպ ընկալել, քան «Ես իմ անուշ»-ի հեղինակ ու այն ամենն, ինչ նշված գրողից չի համապատասխանում նրա ստեղծված ու շահարկվող կերպարին, պետք է մերժել ու անտեսել:

Իհարկե, ընտրվելով իդեոլոգիայի կողմից՝ Չարենցի ժառանգությունը փրկվում է ու արժանանում  ավելի լավ պահպանման, վերհիշման: Բայց միևնույն է, այդ ժառանգությունը միաժամանակ դատապարտվում է նաև տափակեցման, քանի որ Չարենցի ստեղծագործական այն հատվածները, որոնք համապատասխան չեն իդեոլոգիային՝ կմնան մութ կամ կհերքվեն՝ կրկին դասվելով ՑԱԾՐ-ի շարքին:

Իդեոլոգիան ֆիլտրում է պատմությունը, ընտրում պահպանվողն ու մերժում իր համար ավելորդը:

Մերժվածները նրանք են, ովքեր չեն անցել պատմության ֆիլտրերն ու անհարմար են եղել գործածման համար, բայց նրանց պատմությունն էլ (այս դեպքում Վշտունու ու Աբովի) զուգահեռ ապրում է այն կերպարների պատմության հետ, ովքեր Վշտունու ու Աբովի՝ մի ժամանակվա համախոհ, Չարենցի պես ընդունվել են որպես իդեոլոգիային համապատասխանող:

Բայց դե ամենը մի կողմ, տաքսիստային դեպքը հետաքրքիր էր թեկուզ և նրանով, որ «բռնեց» ֆուտուրիստական կոնցեպտի հետ, որին հարողներն ուզում էին մեկ բան՝ գրականությունը, պոեզիան բացել, ապակոդավորել ու հանել դրան ինտելեկտուալիզացիայի դաշտից, թուլացնել, դարձնել ավելի հասանելի, այնպես, ինչպես օրինակ կենցաղում այլ բաներն են հասանելի ու մասսայական:

Ֆուտուրիզմի կոնցեպտուալ հիմնադիրներից մեկի՝ Մարինետտիի համար ֆուտուրիստական գրականության մեջ կարևոր տեղ էր գրավում անալոգիան՝ իրերի ու երևույթների շաղկապվածությունը: Եթե նայենք շաղկապվածության տեսանկյունից, ապա այս ներկայացումը, միգուցե առանց դիտավորության, մեկը մյուսին շաղկապված հարցեր է վերհանում ու նորից նետում մեյդան: Այն  հնարավորություն է տալիս նորից սկսելու 20-ականներին արդեն սկսված, բայց կիսատ մնացած դիալոգն ու դրան ավելացնելու այլ խնդիրներ, որոնք ապրիլյան «թավշյա»-ից հետո միևնույն է բարձրանալու էին ու պահանջելու էին պատասխաններ:

Թավշյա լինի, թե այլ, մեզ հայտնի կտորների անվանմամբ, հեղափոխություն նշանակում է ոչ թե իշխանափոխություն կամ այլ բան, այլ հնի, կարծրացածի և արդեն ավելորդի քանդում, վերաձևակերպում ու հարմարեցում նոր գաղափարներին, նոր աշխարհահայացքին ու նոր ուղուն: Սա հնարավոր է միայն, եթե մարդիկ չվախենան ծանոթը, սովորականն ու ընդունվածը հարցադրելուց, ինչով պետք է ակտիվորեն զբաղվի մշակույթը: Մշակույթը կառույցներ է ստեղծում ու քանդում՝ հասարակության հետ համագործակցելով կամ հակառակը՝ հակադրվելով դրան:

ՀՈՒԶԱՆՔԸ ռադիկալ երկխոսության առաջարկ էր արվեստագետների կողմից, որը հանրությունը հնարավոր է ընդուներ, եթե երկուսի արանքում ընկած միտքը՝ տեսաբանը, քննադատն ու արվեստաբանը, սահուն միջամտեր՝ թույլ տալով արվեստագետին ու հանրությանը երկխոսել ու ՄԻԱՍԻՆ հասկանալ այն, ինչ պետք էր միգուցե հասկանալ դեռ անկախացումից հետո:

Ստացվեց, որ ֆուտուրիզմի մասին երկխոսությունը վերականգնվելուց վերականգնվեց նաև ատելությունը դրա հանդեպ ու անհանդուրժողական մոտեցումն այն ամենին, ինչն ընդունված ֆորմային ու ձևին հակասում է: Միշտ այդպես է՝ հաղթվածների ու մերժվածների պատմությունը հետ բերելուց, հետ ենք գալիս նաև դրանց չլուծված խդիրներն ու չավարտված երկխոսությունները:

Միգուցե այս փերֆորմանսն էլ, որը ռիսկ էր արել անդրադառնալու ու հետ բերելու մերժվածներին նույնպես ժամանակի հետ կթաղվի արխիվներում... բայց քանի այն կա, հնարավոր է դա գործածել կուտակված խնդիրների շուրջ երկխոսելու համար:

Հիշեցում՝

«ՀուԶանք ու Զանգ»-ը կատարողական արվեստի նախագիծ էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին, Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում:

Ներկայացումը հղացվել էր այդ ընթացքում Երևանում գտնվող գերմանացի վիզուալ և փերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ: Այն 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) էքսպերիմենտալ վերընթերցումն էր՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։ Իրականացվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Մասնակից արտիստների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակի պատճառով, որի ժամանակ ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել է արվեստագետների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։

Նախագծի մասին ավելին կարդացեք այստեղ՝ huZANQ u ZANG

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter