HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքապետը մանկապարտեզի տնօրենին ազատել է աշխատանքից փոխքաղաքապետին «խոզապահ» ասելու համար

Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի երեխաների ծնողներն այս պահին համայնքապետարանի շենքի մոտ են հավաքվել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համայնքապետի որոշման դեմ, ըստ որի աշխատանքից ազատել է մանկապարտեզի տնօրենին:

Տնօրենը՝ Թամարա Ավետիսյանը, մանկապարտեզում էր: Նա պատմեց, որ վիճարկելի հարցի շուրջ իրեն հրավիրել են համայնքապետարան: Աշխատանքային քննարկման ժամանակ համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանը փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին ներկայացրել է, թե իբր իրեն Թ. Ավետիսյանը «բանատեղ չի դնում»:

«Այդ խոսակցության վրա փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը տեղից թռավ և իմ վրա գոռաց, թե դուռը բացի, դուրս գնա, քեզ կարգի հրավիրի, արի: Նեղվեցի, ասում եմ՝ ինչ իրավունքով, որպես կին, տնօրեն ինչո՞ւ եք ինձ վիրավորում: Դուրս եկա և զանգեցի քաղաքապետին: Հարցրեց, թե ինչի համար եմ զանգել, ասացի, որ փոխքաղաքապետի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով և բարկությունից ասացի, որ չմոռանա, թե որտեղից է եկել՝ խոզապահ: Այդ բառի համար երեք օր է՝ կռիվներ է, զեկուցագիր են գրում, թե պիտի ազատենք աշխատանքից»,-ասում է Թամարա Ավետիսյանը:

Նա այսօր էլ բարձրացել է քաղաքապետարան, բացատրել է իրավիճակը, որ վիրավորելու ցանկություն չի ունեցել, բարկացած ժամանակ է ասել: Սակայն բացատրությունները չեն ընդունվել: Թամարա Ավետիսյանը նշեց, թե Արմավիր քաղաքում մոտ 15 օր խոսակցություններ են շրջում, որ քաղաքապետի ընկերոջ կինն է թիվ 8 մանկապարտեզում աշխատելու: 

«Ոչ քրեական հանցագործություն եմ արել, ոչ կաշառք է եղել, ոչ մի նմանատիպ բան»,- ասում է Թ. Ավետիսյանը և հավելում, որ սուտ բան չի ասել և որևէ մեկին վիրավորելու ցանկություն չի ունեցել, պարզապես նշել է այն, որ փոխքաղաքապետը խոզ է պահում:

Թամարա Ավետիսյանն ասում է, որ համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանը մանկապարտեզների տնօրեններին «իր բռի մեջ հավաքելու» սկզբունքով է աշխատում:

«Հին ձևերը շարունակվում է: Ասում եմ՝ ինչու եք հին ձևերով աշխատում, առաջ էլ էր այդպես: Չէր թողնում քաղաքապետի մոտ բարձրանայինք յուրաքանչյուր հարցով, ասում է՝ ես կասեմ»,- նշում է Թ. Ավետիսյանը՝ հավելելով, որ դեռ աշխատանքից ազատվելու հրամանը չի ստացել:

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Թամարա Ավետիսյանին աշխատանքից ազատելու որոշումն արդեն ստորագրել է, իր սեղանին դրված է: Օրվա ընթացքում այդ մասին կտեղեկացնեն նաև Թամարա Ավետիսյանին և օրվա ընթացքում կփոխանցվի նաև հանձնման-ընդունման կարգադրությունը:

Դավիթ Խուդաթյանը պատմեց, որ աշխատանքային քննարկման ժամանակ Թամարա Ավետիսյանն իրեն թույլ է տվել մանկավարժին ոչ հարիր կեցվածք, չի կարողացել կառավարել իրեն: Դրանից հետո պարզաբանում ներկայացնելու նպատակով, Թամարա Ավետիսյանն իր նախաձեռնությամբ զանգահարել է իրեն (քաղաքապետին, հեղ.) և հեռախոսային խոսակցության ժամանակ ոչ հարիր բառապաշարով է խոսել կրթության բաժնի պետի, փոխքաղաքապետի մասին, ինչը հիմք է օրենքով սահմանված կարգով լուծել աշխատանքային պայմանագիրը:

«Ամբողջ հարցն այն է, որ մեր ուսումնական հաստատություններում ցանկանում ենք տեսնել մարդկանց, որոնք հունից դուրս չեն գալիս, իսկ հունից դուրս եկած ժամանակ փորձում են էթիկայի տարրական կանոնները պահել: Ի՞նչ է նշանակում մարդու մասին, պետական պաշտոնյայի, Արմավիրի փոխքաղաքապետի մասին նման անվայելուչ արտահայտություններ թույլ տալ: Այսինքն մենք քննարկում ենք, թե ով ինչո՞վ է զբաղվել նախքան հեղափոխությունը և ով ո՞նց է պահել իր ընտանիքը նախքան հեղափոխությունը»,- հավելեց Դավիթ Խուդաթյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թիվ 8 մանկապարտեզում աշխատանքի է անցնելու իր ընկերոջ կինը, Դավիթ Խուդաթյանը նշեց, թե նմանատիպ խոսակցություններ եղել են նաև թիվ 5-րդ դպրոցի հետ կապված, ինչն իրականություն չի դարձել:

«Բոլորին թվում է, թե մենք մարդկանց գործի տեղավորելու խնդիր ունենք: Ավելին ասեմ, մոտ 8 ամիս, այս պահին էլ, ունենք մանկապարտեզի տնօրենի թափուր հաստիք, մենք մարդ տեղավորելու, ընկերոջ կնոջ տեղավորելու հարց չունենք»,- ասում է Դավիթ Խուդաթյանը, նշելով, որ իրենք նախապատվությունը տալիս են «ներսի մարդկանց» և պետական կառավարմանը:

Մեկնաբանություններ (1)

Իզաբելա
Պարոն քաղաքպետ շատ մեծ սխալ եք գսրծում ազատելով աշխատանքից Թամարա Ավետիսյանին ասեմ իմանաք։ իսկ ինչ վերաբերվումա Արաքսի Դոլինյանին սկզբից թող կարանա Թամար Ավետիսյանի նման լավ գործեր անել սովորի և նոր մարդկանց վրա բղավելով խոսա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter