
Արևիկ Անափիոսյանը՝ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական փոփոխությունների մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ հանրակրթության չափորոշիչների փոփոխություններին։ Նշեց, որ Եվրամիության «Հանուն նորարարության» ծրագրի շրջանակում լրամշակվում են հանրակրթության պետական չափորոշիչը և ՍՏԵՄ (Science, technology, engineering, and mathematics)` բնագիտական և մաթեմատիկայի ոլորտի առարկայական ծրագրերը, իսկ մյուս ոլորտի առարկայական ծրագրերը բարելավվում են Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցով։ «Այս ծրագրերի բարեփոխումների շրջանում վերանայվում են առարկայական ծրագրերը։ Կարևոր է, որ իրականացնենք հնարավորինս ինտեգրացված դասընթացներ։ Մենք գիտենք, որ աշակերտները մի շարք առարկաներ են ուսուցանում, որոնք նաև ներդրվել են ինչ-որ գերատեսչությունների, կառույցների հետաքրքրությունը բավարարելու տեսանկյունից»,- նշեց փոխնախարարը։ Ըստ Անափիոսյանի՝ կրթությունը պետք է կառուցել մի քանի թեմաների շուրջ, և տեսնել, թե որ առարկաների միջոցով են կարողանում խնդիրները հասցնել աշակերտին։
Ասուլիսի ընթացքում փոխնախարարը նշեց, որ կբարեփոխվեն դասավանդման նյութերը, դասի պլանները, որոնք հնարավորություն կտան զարգացնելու քննադատական մտածողությունը, վերլուծական մտածողությունը։
«Մշակվելու են ուսուցիչների վերապատրաստման համար մոդուլներ, որոնք կվերաբերեն առարկաների դասավանդման բովանդակությանը, ինչպես նաև մեթոդներին, ուսուցիչների շարունակական մենթորություն է տրամադրվելու»,- հավելեց փոխնախարարը։
Բարեփոխումների ծրագիրը նախատեսվում է փորձնական իրականացնել Տավուշի մարզի դպրոցներում։
Առարկաների թեմաների խիտ և դժվարընկալելի լինելու մասին փոխնախարարն ասաց, որ երկու մոտեցում կա, առաջինն այն է, որ պետք է հասկանալ՝ թեմաները հանրակրթության ոլորտում ուսումնասիրելու համար են, թե մասնագիտացված կրթություն ստանալու համար։ Իսկ երկրորդն այն է, որ չկա միջառարկայական կապ։
«Ծրագրերը ծանր են, չկան միջառարկայական կապեր և աշակերտները չեն կարողանում հասկանալ, որ այն ջուրը, որն ուսումասիրում էի աշխարհագրություն, քիմիայի, ֆիզիկայի առարկաների ժամանակ, իրականում նույն ջուրն է, և դա պետք է իրենք կարողանան կապել, սակայն միջառարկայական կապերը դրված չեն։ Ամենամեծ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, թե ինչպես ենք թեմաները ընդգրկելու և թեթևացնելու առարկայական ծրագրերը»,- հավելեց նախարարի տեղակալը։
Փոխնախարարը նշեց, որ դասավանդվող առարկաների թիվը կկրճատվի, սակայն ժամաքանակը կպահպանվի, կփորձեն բալանս ապահովել բնագիտական և հումանիտար առարկաների միջև, հավելեց, որ փոփոխության կենթարկվեն բոլոր առարկաները։
Հայոց լեզվի դասավանդման որակի բարձրացման վերաբերյալ Անափիոսյանը նշեց, որ պետք է ոչ միայն վերափոխել գրքերի բովանդակությունը, այլև՝ դասավանդման մեթոդաբանությունը։ «Հայոց լեզուն արձան չէ, զարգացող օրգանիզմ է, ու պետք է բովանդակությունը և մեթոդը տարիների ընթացքում փոփոխվի»,- խոսքը եզրափակեց փոխնախարարը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել