HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում ձկան պաշարները նվազել են․ Բարդուխ Գաբրիելյանն ամփոփում է տարին

Սևանա լճում այս տարվա ձկնային պաշարները, նախորդ տարիների համեմատ, նվազել է։ Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճի խնդիրներին, կենսառեսուրսների պաշարներին և ընդհանուր վիճակին։

«Ինչպես գիտեք՝ ամեն տարի պատվեր ենք ունենում նախարարությունից, իրականացնում ենք ուսումնասիրություններ կենսառեսուրսների պաշարների, բազմացման վայրերի վերաբերյալ, և այս տարի պետք է նշեմ, որ ի տարբերություն այլ տարիների՝ ավելի վատ վիճակում ենք, ձկնային պաշարների ու խեցգետնի պաշարների վերաբերյալ մենք վերջնական ստացանք մեր արդյունքները ու ներկայացրինք Շրջակա միջավայրի նախարարություն»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

Վերջին 4 տարվա ընթացքում սիգ ձկնատեսակի պաշարներն ավելացել էին, ըստ պրոֆեսորի՝ կարող էին ավելի լավ արդյունքներ լինել, եթե պատշաճ պահպանություն լիներ։

Նրա խոսքով, ձկնատեսակի պահպանություն բացարձակ գոյություն չունի, քանի որ ամենուրեք վաճառվում է և՛ ձկնկիթ, և՛ բազմացող առանձնյակներ, նման կերպ շարունակվելու դեպքում կվերադառնա այն վիճակը, երբ կար խզված պաշար։

«Մյուս մեր կարևորագույն կենսառեսուրսը, որը արդյունագործական մեծ նշանակություն ուներ, խեցգետինն է, և երկար տարիներ մենք պնդել ենք, որ եթե ոչ կառավարելի որս կատարվի, մենք կունենանք նույն վիճակը, ինչն ունենք մեր արժեքավոր ձկնատեսակների դեպքում։ Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ Սևանա լճում ունենք խեցգետնի խզված պաշար»,- ասում է Բարդուխ Գաբրիելյանը։

Խեցգետնի պաշարների նվազման պատճառներից մեկը, ըստ պրոֆեսորի, գերորսն է։ Բ․ Գաբրիելյանը նշեց, որ պատրաստվում են առաջարկել նախարարությանը, որ 2020 թվականին խեցգետնի որսը Սևանա լճում արգելվի։

«Վերջին 2 տարիներին մենք ունեցել ենք Սևանի կապտականաչ ծաղկում, որը արտառոց երևույթ էր, հենց այս երևույթի վրա ենք կենտրոնացրել մեր ուսումնասիրությունները։ Բացի այդ, ուսումնասիրություններ ենք կատարում նաև Հայաստանի տարբեր ջրամբարների վերաբերյալ»,- ասաց պրոֆեսորը։

Բարդուխ Գաբրիելյանը նշեց նաև, որ ամեն տարի ուսումնասիրում են Սևանա լիճը, բայց ուսումնասիրություններն ամեն տարի ունենում են տարբեր օբյեկտներ՝ ելնելով խնդրի հրատապությունից։

Գայանե Հովսեփյան, Անյա Սարկիսովա

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter