HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի դարձան «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» մրցույթի հաղթողների անունները

Ամփոփվեց «Dasaran.am» կրթական ծրագրի ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված Չարլզ Դիքենսի 200-ամյակին նվիրված «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը:

Մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում, ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչն, ով հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Միջոցառման մշակութային մասն ապահովեց Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը, ինչպես նաև հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ավազային նկարչության հետաքրքիր ցուցադրություն: Միջոցառման ընթացքում անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում աշակերտները փորձեցին Մեծ Բրիտանիային և Չ.Դիքենսին վերաբերող իրենց գիտելիքները: 

Մրցույթի կազմակերպման աջակիցներն են «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն և «NURCARD» կուտակային ծրագիրը: 

«Ի՞նչ կգրեր Դիքենս այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը մեկնարկել էր 2011թ. դեկտեմբերի սկզբին և նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ: Մրցույթին մասնակցել էին 130 դպրոցների աշակերտներ, և ներկայացված 1000-ից ավելի աշխատանքներն ունեցել էին հետևյալ խորագրերը.

  • «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»,
  • «Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ …»,
  • «Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»,
  • «Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արփի Գևորգի Հարությունյանը (118-րդ դպրոց, 11-րդ դաս.) ստացավ notebook համակարգիչ, երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբինա Հովհաննեսի Դավթյանը (105-րդ դպրոց, 12-րդ դաս.)` Kindle Reader ընթերցիչ և երրորդ հորիզոնականում հայտնված Միքայել Երվանդի Հարությունյանը (ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց, 11-րդ դաս.)` DVD-նվագարկիչ:  Առցանց քվեարկության հաղթող ճանաչվեց Սուսաննա Տիգրանի Ավագյանը (155-րդ դպրոց, 8-րդ դաս.)` ստանալով կրկին Kindle Reader: Եվս 40 աշակերտներ, որոնց  շարադրությունները հայտնվել էին լավագույնների ցուցակում, «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների: 

«Կարող եմ վստահ հայտարարել, որ մրցույթը կայացավ, քանի որ աշակերտների մասնակցությունը բավական ակտիվ էր: Ուրախ եմ, որ շարունակական բնույթ կրող այս մրցույթը կարողացավ ևս մեկ անգամ ոգևորել մեր դպրոցականներին»,-շնորհավորելով հաղթողներին՝ ամփոփեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Լուս.` dasaran-am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter