HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլիմայական ճգնաժամին արձագանքը` «խելացի հաշվապահություն և ստեղծագործական PR». Գրետա Թունբերգը ցնցում է ՄԱԿ-ի վեհաժողովը

Դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության վեհաժողովը, որտեղ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներ եւ առաջնորդներ քննարկում էին կլիմայական փոփոխությունները եւ դրանց արձագանքը։
16 ամյա շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը վեհաժողովին ելույթ է ունեցել, որում քննադատում է երկրների անգործությունն ու խնդրի անտեսումը։ Ներկայացնում ենք նրա ելույթի ամբողջական թարգմանությունը։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի Time հանդեսը Գրետային ճանաչել է տարվա մարդ։

«Մեկուկես տարի առաջ ես ոչ մեկի հետ չէի խոսում, եթե իրոք ստիպված չէի դա անել: Բայց հետո ես խոսելու առիթ գտա: Այդ ժամանակվանից ես շատ ելույթներ եմ ունեցել և սովորել եմ, որ հանրային ելույթ ունենալիս բոլորի ուշադրությունը գրավելու համար ելույթը պետք է սկսել անձնական կամ հուզական ինչ-որ պատմությունից, ասել այնպիսի բաներ, ինչպիսիք են, օրինակ, «մեր տունն այրվում է», «ես ուզում եմ, որ դուք խուճապի մատնվեք» կամ «ինչպե՞ս եք համարձակվում»: Բայց այսօր ես դա չեմ անի, քանի որ մարդիկ կենտրոնանում են այս արտահայտությունների վրա: Նրանք չեն հիշում փաստերը, որոնց պատճառով էլ ես ասել եմ այդ արտահայտությունները: Մենք գիտությունը շրջանցելու այլևս ժամանակ չունենք:

Մոտ մեկ տարի ես անընդմեջ խոսել եմ, թե որքան արագ է լրանում ածխածնի արտանետումների թույլատրելի շեմը (խմբ. carbon budget): Բայց քանի որ դա դեռ անտեսվում է, ես շարունակելու եմ կրկնել: «Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի» (խմբ. IPCC) հատուկ զեկույցը, որ հրապարակվել է անցած տարի, պնդում է. եթե ուզում ենք ունենալ 67% հավանականություն գլոբալ ջերմաստիճանի մինչև 1.5 C աստիճան բարձրացումը կանխելու համար, ապա 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ մեզ մնացել է CO2-ի արտանետման 420 գիգատոն: Եվ, իհարկե, այս թիվն այսօր շատ ավելի ցածր է, քանի որ մենք ամեն տարի արտանետում ենք մոտ 42 գիգատոն СО2, ներառյալ հողօգտագործումը: Այսօրվա արտանետումների տեմպերով այդ արտանետման թույլատրելի շեմը կլրանա  մոտ 8 տարվա ընթացքում: Այս թվերը ոչ մեկի կարծիքը չեն, ոչ էլ քաղաքական հայացքները: Սա ներկայումս առկա ամենաառաջատար գիտական փաստն է: Թեեւ շատ գիտնականներ պնդում են, որ այս թվերը չափազանց համեստ են, այնուամենայնիվ, սրանք այն թվերն են, որոնք ընդունվել են հանձնաժողովի շրջանակներում:

Խնդրում եմ նկատի ունենալ այն, որ այս թվերը գլոբալ են, և, հետևաբար, ոչինչ չասեք արդարության ասպեկտի մասին, ինչը բացարձակապես էական նշանակություն ունի Փարիզի համաձայնագիրը գլոբալ մասշտաբով աշխատեցնելու համար: Սա նշանակում է, որ ավելի հարուստ երկրները պետք է շատ ավելի արագ կատարեն իրենց արդար մասնաբաժինը և շատ ավելի արագ հասնեն իրական զրոյական արտանետումներին եւ հետո օգնեն աղքատ երկրներին անել նույնը, այնպես, որ աշխարհի ավելի պակաս զարգացած մասերում գտնվող մարդիկ կարողանան բարձրացնել իրենց կենսամակարդակը:

Այս թվերը չեն պարունակում նաև հետադարձ կապի հանգույցների (խմբ. feedback loop) մեծ մասը, ոչ գծային անկման կետերը (խմբ. nonlinear tipping point) կամ լրացուցիչ տաքացումը, որը թաքնված է օդի թունավոր աղտոտման մեջ։ Մոդելների մեծ մասը ենթադրում են, որ ապագա սերունդները ինչ-որ կերպ կկարողանան օդից հարյուր միլիարդավոր տոննա CO2 հավաքել այն տեխնոլոգիաներով, որոնք պահանջվող մասշտաբով ներկայումս գոյություն չունեն և միգուցե երբեք չեն էլ ունենա: IPCC-ի կողմից տրված 67%-ը առավելագույն հավանականությունն է: Ու հիմա արդար բաժանելու համար մեզ մնացել է CO2-ի արտանետման 340 գիգաթոնից քիչ:

Ի՞նչու է այդքան կարևոր 1.5C աստիճան տաքացումը թույլ չտալը: Որովհետև նույնիսկ 1 աստիճան տաքացման դեպքում մարդիկ մահանում են կլիմայական ճգնաժամից: Որովհետեւ սա թույլ չտալն այն է, ինչը գիտությունը կոչ է անում, որպեսզի խուսափենք կլիմայի ապակայունացումից, որպեսզի ունենանք հնարավոր լավագույն շանսը խուսափելու անդառնալի շղթայական ռեակցիաներ առաջացնելուց, ինչպիսիք են սառցակույտերի, բևեռային սառույցների եւ Արկտիկայի հավերժական սառույցի շերտի հալեցումը: Մեկ աստիճանի յուրաքանչյուր կոտորակ կարևոր է:

Ահա՝ սա է իմ ուղերձը: Սա այն է, ինչի վրա ուզում եմ կենտրոնանալ: Ուստի խնդրում եմ ինձ ասեք. ինչպե՞ս եք վերաբերվում այս թվերին՝ առանց գոնե ինչ-որ խուճապ զգալու: Ինչպե՞ս եք արձագանքում այն փաստին, որ, ըստ էության, ոչինչ չի արվում՝ առանց թեկուզ եւ մի փոքր բարկանալու: Եւ ինչպե՞ս եք այս ուղերձը հղում առանց տագնապալի թվալու: Ես իսկապես կցանկանայի իմանալ:

Փարիզի համաձայնագրից ի վեր գլոբալ բանկերը 1,9 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են կատարել հանածո վառելիքի ոլորտներում: 100 ընկերություններ պատասխանատու են համաշխարհային արտանետումների 71% -ի համար: G20 երկրները պատասխանատու են ընդհանուր արտանետումների գրեթե 80%-ի համար: Աշխարհի բնակչության ամենահարուստ 10%-ն արտադրում է մեր CO2 արտանետումների կեսը, իսկ ամենաաղքատ 50% -ը ընդամենը մեկ տասներորդը: Մենք իսկապես անելիք ունենք, բայց ոմանք ավելին, քան մյուսները:

Վերջերս մի քանի հարուստ երկրներ խոստացան մինչեւ այս կամ այն ամսաթիվը կրճատել իրենց ջերմոցային գազերի արտանետումները այսքան եւ այնքան տոկոսով, այս կամ այն տարիների ընթացքում դառնալ կլիմայական չեզոք կամ զուտ զրոյական (խմբ. climate-neutral or net zero) երկրներ: Սա կարող է առաջին հայացքից տպավորիչ թվալ, բայց չնայած մտադրությունները կարող են լավը լինել, սա առաջնայնություն չէ: Սա առաջնորդել չէ: Սա ապակողմնորոշել է, քանի որ այդ խոստումների մեծ մասը չեն ներառում ավիացիան, բեռնափոխադրումները, ներմուծվող և արտահանվող ապրանքներն ու սպառումը: Այնուամենայնիվ, այս խոստումները ներառում են այն հավանականությունը, որ այս երկրները իրենց արտանետումները կանեն այլ տեղերում։ Այս խոստումները չեն ներառում հարուստ երկրների համար անհրաժեշտ տարեկան նվազեցման անհապաղ տեմպերը, ինչն անհրաժեշտ է արտանետումների մնացած չնչին շեմը չանցնելու համար: «2050-ին զրո արտանետում» խոստումը ոչինչ չի նշանակում, եթե արտանետումների արագ տեմպերը շարունակվեն նույնիսկ մի քանի տարի շարունակ. այդ դեպքում արտանետումների շեմը շատ արագ կլրանա:

Առանց ամբողջական պատկերը տեսնելու մենք չենք լուծելու այս ճգնաժամը։ COP-ը (խմբ. UN Climate Change Conference) պետք է լինի համապարփակ լուծումներ գտնելու մասին: Բայց փոխարենը, կարծես, այն վերածվել է ինչ-որ առիթի, որ երկրները կարողանան բանակցություններ վարել օրենքի մեջ եղած «ծակերի» շուրջ և խուսափել իրենց ամբիցիաները բարձրացնելուց: Երկրները գտնում են խելացի եղանակներ իրական քայլերը շրջանցելու համար, օրինակ՝  արտանետումների կրճատումը կրկնակի են հաշվում, տեղափոխում են իրենց արտանետումները այլ երկրներ և հետ են կանգնում այս հարցում ավելի ամբիցիոզ լինելու իրենց խոստումներից, հրաժարվում են վճարել լուծումներ գտնելու կամ արդեն ունեցած կորուստներն և վնասները փոխհատուցելու համար: Սրան պետք է վերջ տալ: Մեզ պետք են արտանետումների իրական, կտրուկ կրճատումներ հենց սկզբնաղբյուրում:

Բայց, իհարկե, պարզապես արտանետումների կրճատումը բավարար չէ: Ջերմոցային գազերի արտանետումները պետք է դադարեցվեն: 1.5C աստիճանով տաքացումը թույլ չտալու համար հարկավոր է, որ ածխածինը հողի մեջ մնա: Միայն հեռավոր ժամկետներ սահմանելը և այդ գործի տպավորություն ստեղծող բաներ ասելը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ վնաս կպատճառեն, քանի որ պահանջվող փոփոխությունները դեռևս ոչ մի տեղ չեն երեւում: Անհրաժեշտ քաղաքականությունն այսօր գոյություն չունի, չնայած այն խոսքերի, որ դուք կարող եք լսել համաշխարհային առաջնորդների շուրթերից:

Եվ ես դեռ հավատում եմ, որ ամենամեծ վտանգը անգործությունը չէ: Իրական վտանգն այն է, երբ քաղաքական գործիչներն ու գործադիր տնօրենները ձեւացնում են, թե իրական գործողություններ են տեղի ունենում, երբ իրականում գրեթե ոչինչ չի արվում, բացի խելացի հաշվապահությունից և ստեղծագործական PR-ից:

Ինձ բախտ է վիճակվել աշխարհով մեկ ճանապարհորդելու: Եվ իմ փորձը ցույց է տալիս, որ իրազեկության պակասը ամենուր նույնն է, և ոչ պակաս մեզ առաջնորդելու ընտրվածների մեջ: Ոչ մի հրատապության զգացում էլ չկա: Մեր ղեկավարները իրենց պահում են այնպես, կարծես արտակարգ իրավիճակի մեջ չենք: Արտակարգ իրավիճակում դուք փոխում եք ձեր պահվածքը: Եթե ճանապարհին կանգնած է մի երեխա, ում վրա ամբողջ արագությամբ մեքենաներ են գալիս, դուք չեք թեքում ձեր հայացքը, քանի որ այդ տեսարանին նայելը չափազանց անհարմար է: Դուք անմիջապես վազում եք և փրկում այդ երեխային: Եվ առանց այդ հրատապության զգացումի ինչպե՞ս կարող ենք մենք՝ մարդիկ, հասկանալ, որ իրական ճգնաժամի առջև ենք կանգնած: Եւ եթե ժողովուրդը լիովին տեղյակ չէ կատարվող բաների մասին, ապա իշխանավորների վրա ճնշում չի գործադրի եւ չի ստիպի քայլեր ձեռնարկել: Եվ առանց ժողովրդի կողմից ճնշման, մեր առաջնորդները կարող են ազատվել պատասխանատվությունից հիմնականում ոչինչ չանելով` մենք հիմա այս իրավիճակում ենք: Եվ սա անդադար կրկնվում ու կրկնվում է:

Ընդամենը երեք շաբաթից մենք կմտնենք նոր տասնամյակ՝ մի տասնամյակ, որը կսահմանի մեր ապագան: Հենց հիմա հուսահատված սպասում ենք հույսի ցանկացած նշույլի: Ես ասում եմ ձեզ, որ հույս կա: Ես դա տեսել եմ: Բայց այն չի գալիս կառավարություններից կամ կորպորացիաներից: Հույսը գալիս է այն մարդկանցից, ովքեր անտեղյակ էին, բայց այժմ սկսում են արթնանալ: Եվ հենց մենք գիտակցում ենք, մենք փոխվում ենք: Մարդիկ կարող են փոխվել: Մարդիկ պատրաստ են փոփոխությունների: Եվ դա հույսն է, քանի որ մենք ունենք ժողովրդավարություն: Եվ ժողովրդավարությունը տեղի է ունենում ամեն պահի. ոչ միայն ընտրությունների օրը, այլ ամեն վայրկյան և ամեն ժամ: Հասարակական կարծիքն է կառավարում ազատ աշխարհը: Իրականում, պատմության ընթացքում յուրաքանչյուր մեծ փոփոխություն եկել է մարդկանց կողմից: Պետք չէ սպասել: Մենք կարող ենք սկսել փոփոխությունը հենց հիմա: Մենք՝ մարդիկ։

Շնորհակալություն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter