HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի և Հովիկ Աբրահամյանի «լուռ մենամարտը» շարունակվում է

Արդեն մի քանի ամիս է` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի ակտիվի հետ հանդիպումներ է ունենում մարզերում եւ երբեմն «խմբակային» ձեւով ՀՀԿ-ի անդամատոմսեր հանձնում երիտասարդներին: Այսօր էլ հերթը Արարատի մարզի երիտասարդներինն էր: Ակնհայտ է, որ վարչապետը «ակտիվի հետ հանդիպման» քողի տակ նախընտրական քարոզչություն է իրականացնում մարզերում: Մասնավորապես, վարչապետը խոսում է ՀՀԿ-ի ծրագրերի, արված գործի եւ այլնի մասին: Այսօր էլ մարզկենտրոն Արտաշատում Տիգրան Սարգսյանը խոսել է կրթության, առողջապահության մատչելիության եւ այլ ոլորտների մասին:

Նշենք, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստով որոշեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը: Ըստ դրա՝ մեծամասնական թեկնածուների կողմից փաստաթղթերի ներկայացումն իրականացվելու է մարտի 12-22-ը, իսկ ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը:

Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նմանատիպ հանդիպումների ժամանակ շարքային հանրապետականներն ու ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե վարչապետի ելույթի բովանդակությանը, այլ նրան ուղեկցող անձանց:

ՀՀԿ-ականներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ տարիներ շարունակ Արարատի մարզ այցելող ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հետ մարզ են այցելել նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, սակայն այսօր նշված երկու անձինք էլ վարչապետին չեն ուղեկցել: Տ. Սարգսյանին ուղեկցել են Արարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, պատգամավոր Գագիկ Մինասյանը, նախարարներ եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ:

Ուշադրության կենտրոնում է հատկապես Հովիկ Աբրահամյանը: Նա է ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը եւ տարօրինակ է, որ այս օրերին չի մասնակցում ՀՀԿ-ականների հետ հանդիպումներին: Այն, որ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, մամուլը գրել է բազմիցս, եւ այսօր Հովիկ Աբրահամյանն իր գործողություններով ապացուցում է, որ իրականում վարչապետի հետ տարաձայնություն ունի եւ նախընտրական շրջանում դրանք ավելի են խորացել:

Այս ամենն ուշագրավ է նաեւ նրանով, որ, ըստ լուրերի, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը լինելու է 3-րդ կամ 4-րդ տեղում: Հավանաբար Հովիկ Աբրահամյանը վարչապետի մասնակցությամբ կազմակերպված միջոցառումները բոյկոտում է նաեւ այս համատեքստում՝ իր անհամաձայնությունը հայտնելով վարչապետի «առաջխաղացմանը» ՀՀԿ-ի շարքերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter