HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեկան 1 կարճատև հանդիպում էր, այն էլ՝ դատախազի թույլատվությամբ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Շարունակում եմ «առաջին անգամ»-ների շարքը: Արդեն պատմել եմ բանտային առաջին զբոսանքի, առաջին անգամ արևի լույս տեսնելու, առաջին հեռուստացույցի, առաջին անգամ տնից ուտելիք ստանալու թույլտվության: Այս անգամ կպատմեմ առաջին հանդիպումների մասին:

Չզարմանաք, բայց ընտանիքիս հետ 3 անգամ է եղել «առաջին» հանդիպում… 

Երբ 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատավոր Զինավոր Ղուկասյանը կայացրեց մահվան դատավճիռը, հաջորդ օրը մահվան խցից ինձ իջեցրին առաջին հարկ, որտեղ երկշերտ կեղտոտ ապակիների հետևում սպասում էին ծնողներս ու եղբայրս: Ողջ բանտի շարժը կանգնեցրել էին, գրեթե բոլոր աշխատակիցները տեսակցությունների այդ միակ սենյակում էին լցվել: Ինձ ներս բերեցին` սև սպեցովկայով, գլուխս սափրած: Իրար մոտենալ չէին թույլատրում: Մեկ մետր հեռավորության վրա էինք, կեղտոտ ապակիների հետևից, հեռախոսները չէին աշխատում, ստիպված շատ բարձր էինք խոսում, որ լսեինք միմյանց: Հիշում եմ հուսադրող խոսքեր, որ մահապատիժը Հայաստանում ի կատար չեն ածում` քաղաքակիրթ աշխարհի պարտադրանքն է մեր պետությանը, որը առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել… Հայրս էր կազմակերպել մեր այս հանդիպումը… երկար նայում էի ծնողներիս աչքերին, դեմքերի ամեն մի արտահայտությանը, հետո` ձեռքերին… ուշադիր նայում էի եղբորս, նա էլ` ինձ: Ի՞նչ կանեի ես, եթե տեղերով փոխված լինեինք…

Եկավ հրաժեշտի պահը, ծնողներիս ու եղբորս ուղեկցում էին դեպի ելք: Հաջորդ անգամ մեկ տարի հետո կարող էինք հանդիպել, դատախազի թույլատվությամբ: Ամբողջ մեկ տարի առանց հեռախոսակապի, առանց նամակագրության իրավունքի, առանց… «Նուբարաշեն» բանտի 5-րդ հարկի 5 մահվան խցերում, որ երկու կողմից առանձնացված էին պատերով ու սև դռնով, տարվա մեջ մահանում էին 2-5 բանտարկյալ: Մոտավորապես այդքան էլ ավելանում էին:

Երկար տարիներ բոլոր բանտարկյալներին խաբում էին, թե իբր կարճատև տեսակցություններն առավելագույնը մեկ ժամով են: Երկարատև տեսակցություններ օրենքով առհասարակ սահմանաված չէին: Միամիտ էինք, ուսադիրներով մարդկանց հավատում էինք. հո սուտ չե՞ն ասի… բայց ընդամենը մի քանի տարի առաջ, ուշադիր կարդալով օրենքները` իմացա, որ կարճատև տեսակցությունները թույլատրվում են մինչև 4 ժամ: 

2004 թվականի գարնանը Գորիսի բանտում էի: Առավոտ էր, ասացին, որ պատրաստվեմ` հյուրեր ունեմ… չթույլատրեցին, որ քաղաքացիական հագուստով լինեմ, ստիպված սև սպեցովկայով էի, ոտքերիս էլ մեկ չափ մեծ պետական սապոգներ`առանց կապիչների: Բանտի աշխատակիցն ասաց, որ կթույլատրեն իրար կողքի նստենք, բայց ոչ ոքի այդ մասին չասեմ: Նեղլիկ տեղ էր՝ նստարաններով: Գրկախառնվեցինք, երկար իրար բաց չէինք թողնում: Մերոնց հետ ինձ այցելության էին եկել համակուրսեցի ընկերներս`մեկը Գորիսի բնակիչ, մյուսը՝ Երևանից: Իրոք անսպասելի էր` զարմացա և ուրախացա: Հիշում եմ` եղբայրս սպեցովկայի թևքերը վեր բարձրացրեց, նայեց ձեռքերիս, զարմացավ. 

-8 տարի դժոխքում ես ու ոչ մի նակոլկա չկա մարմնիդ, խոսքիդ մեջ ոչ մի բանտային ժառգոն …

Շնորհակալ եմ Գորիսի բանտի աշխատակիցներին, իմ ուսանողական ընկերներին: Ի դեպ, թե՛ Գորիսի, թե՛ «Նուբարաշեն» բանտի աշխատակիցները փախուստների գործով դատավարություններին Սողոմոնին ու ինձ լավ էին բնութագրում: Բազմիցս նրանցից լսել եմ այս խոսքերը. «Դուք ոչ մեկին մատով չկպաք, չենք էլ իմացել ոնց եք գնացել…հալալ ա, ձեր ազատության ու արդարության համար եք կռիվ տալիս…»:

2005 թվականին օրենքով սահմանվեց` ցմահ ազատազրկվածները կարող են տարվա մեջ առնվազն մեկ անգամ մինչև երեք օր երկարատև տեսակցություն ունենալ մերձավոր ազգականների հետ: Ամառ էր, մեր առաջին հանդիպումը` հանգիստ, առանց շտապեցնողների, գրեթե տնային պայմաններում… բայց տարեկան մեկ հանդիպումով ընտանիք կարող է գոյատևե՞լ:

Ըստ օրենքի, 2016-ից պիտի թույլատրվեր արդեն ոչ թե տարեկան 1, այլ 6 երկարատև նաև 3-ի փոխարեն 12 կարճատև հանդիպում, ինչպես 20 տարի պատիժ կրող ցանկացած դատապարտյալի: Բայց իմ պարագայում մեկ տարուց ավելի ապօրինի չէին վերացնում կարճատև ու երկարատև տեսակցությունների սահմանափակումը, որը բոլոր ցմահների պարագայում վերացվում էր 20 տարի պատիժ կրելուց հետո: Իրենց ապօրինությունը փորձում էին բացատրել նրանով, թե իբր ցմահ ազատազրկման սկիզբը երկրորդ փախուստից հետո նոր է սկսվել, իսկ մինչ այդ նստածը չեն հաշվում: Մեր առաջին դատական հաղթանակն էր` բանտի վարչակազմին դատարանը պարտավորեցրեց վերացնել տեսակցությունների սահմանափակումը և ճանաչեց մեր իրավունքների խախտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter