HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Օզանյան. «Եթե 18 տարեկան լինեիր, ես քեզ ինձ հետ կտանեի»

«Հայրս Անդրանիկ զորավարի զինվորի զենքը գողանալու իր պատճառն ուներ»,- ժպիտով ասում է զենք գողացող Արտաշեսի որդին՝ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ, 80-ամյա Մարկոս Եղոյանը:

Այս պատմության մասին Ազատեկ գյուղում բոլորը գիտեն: Լսել են իրենց մեծերից: Այսօր արդեն միակ ականատեսը գյուղում ապրող ծեր ընկուզենին է: Այդ ծառի շուրջն էր բանակ դրել Անդրանիկ զորավարը:

Պատմությունը ներկայացնում ենք Մարկոս Եղոյանի խոսքով.

«Անդրանիկ զորավարը զորքով Նախիջևան էր գնում: Գիշերելու նպատակով կանգ է առնում մեր գյուղում: Գյուղի մեծերից լսել եմ, որ զորավարին շատ էին սիրում: Յուրաքանչյուրն իր տանն ունեցած համեղ ուտելիքներից (դե, էն ժամանակ ինչ որ ունեին) հյուրասիրում էր զորավարին, ապուր էր պատրաստում նրա համար: Այդ մեկ գիշերվա ընթացքում հորս հաջողվում է գողանալ Անդրանիկի զինվորի զենքն ու փախչել սար: Մի քանի ժամ անց արդեն գյուղում գիտեին, որ զինվորից մեկը զենք է գողացել: Գյուղի նահապետը պարզում է, որ Ազատեկից բացակայում է միայն Արտաշեսը: Գյուղացիները սկսում են փնտրել Արտաշեսին: Հորեղբայրներս սար են բարձրանում ու գտնում են հորս՝ զենքը ձեռքին: Համոզում են, որ գյուղ իջնի ու զենքը վերադարձնի: Արտաշեսին ստիպելով իջեցնում են: Նահապետը խնդրում է հորս, որ իրեն տա զենքը Անդրանիկին հանձնելու համար: Բայց հայրս ինքն է ներկայանում զորավարին: Առաջին հարցը, որ Օզանյանը տալիս է հորս՝ քանի՞ տարեկան ես: Հայրս պատասխանում է՝ 14: Զորավարն ասում է. «Ափսոս, եթե 18 տարեկան լինեիր, ես քեզ ինձ հետ կտանեի»: Անդրանիկը զենքը հորս է նվիրում: Հայրս էլ պատմում է, որ զենքն իրեն պետք է, որ վախեցնի այլ գյուղերից իրենց գյուղ եկող մարդկանց, որոնք գալիս էին զենքով, մարդկանց ստիպում իրենց տալ տանն ունեցած վերջին ուտելիքները: Ազատեկ գյուղում այդ ժամանակ զենք ոչ ոք չուներ»:

Անդրանիկ զորավարը հաջորդ օրը շարունակում է Նախիջևան տանող ճանապարհը՝ ազատեկցիներին թողնելով զենքն ու մինչ օրս պատմվող այս պատմությունը:

Մարկոս պապն այս ամենի մասին լսել է իր հորից: Որպես հուշ և ապացույց՝ մինչ վերջերս տանը պահպանում էր Անդրանիկ զորավարի զինվորի զենքը, իսկ այժմ զենքը տանը չէ: Ինչո՞ւ: Տխուր պատմություն է. չպատմեց…

Նունե Հովսեփյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (3)

Tanya
that was an awesome story:)
Mesrop Mesropyan
Նունե ))
Mesrop Mesropyan
Ապրես Անուշ ջան... շատ անուշ պատմություն էր:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter