HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նախկին մեղադրանքի տառատեսակը փոխել ու կրկին են փորձում»,- Վահագն Հարությունյանի պաշտպանը՝ նրա մեղադրանքի մասին

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան։ Նախորդ երկու միջնորդությունների վերաբերյալ առկա են դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, համաձայն որոնց՝ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժվել են։ Դատարանում մի քանի օր է՝ սկսվել է Հարությունյանին կալանավորելու երրորդ միջնորդության քննությունը։ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում միջնորդության վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել։

-Պարո՛ն Պողոսյան, Վահագն Հարությունյանն ասում է, որ իրեն կալանավորելու միջնորդության հիմքում դրվել են դեռ փետրվար ամսից հայտնի հանգամանքներ։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Օրենքը պարտադրում է, որ անձին նույն մեղադրանքով չի կարելի կալանավորել, եթե առկա չեն նոր հանգամանքներ, որոնք քննիչին հայտնի չեն եղել նրան կալանքից ազատելու պահին։ Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է լիներ նոր մեղադրանք, նոր հանգամանքներ, ընդ որում՝ այնպիսիք, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չլինեին անձին կալանքից ազատելու պահին։ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը մերժելու մասին որոշումը առաջին ատյանի դատարանը կայացրել է հունիսի 3-ին։ Քննիչի կողմից որպես մեղադրանքի հիմնավորում որևէ նյութ չի  ներկայացվել, որը ձեռք է բերվել հունիսի 3-ի որոշումից հետո՝ բացառությամբ կես էջանոց մեկ ցուցմունքի։ Դա նշանակում է, որ մնացած նյութերը, որոնք ներկայացրել է քննիչը, հունիսի 3-ին արդեն իսկ եղել են գործում։ Այս պայմաններում Հատուկ քննչական ծառայության գործողություններն իսկապես զավեշտի են վերածվել։ Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե այս փաստական տվյալներին ՀՔԾ-ն փետրվար ամսից տիրապետում է, ինչո՞ւ է միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, նոր ներկայացնում դատարան։ Այսինքն՝ դիտավորյալ, այդ փաստական տվյալներն ունենալով՝ քննիչը չի ներկայացրել նախկինում՝ արհեստական հիմքեր ստեղծելով՝ հետագայում կրկին կալանքի միջնորդություն ներկայացնելու համար։ Այս պարագայում կապ չունի՝ դատարանն ինչ որոշում կկայացնի։ Ես համոզված եմ, որ հետագայում Հատուկ քննչական ծառայությունը նոր ինչ-որ հորինվածք է ստեղծելու ու կրկին փորձելու հասնել Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշմանը։ Այս գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում։ Հաշվի առնելով  նաև դատական համակարգում տիրող իրավիճակը ամեն անգամ փորձում են․ միգուցե այս անգամ մեկ այլ դատավոր մեկ այլ որոշում կայացնի։ Այսինքն՝ հերթով փորձում են դատավորներին։

-Նշեցիք, որ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին հունիսի 3-ի դատարանի որոշումից հետո գործում կես էջանոց ցուցմունք է ավելացել։ Այդ ցուցմունքը Վահագն Հարությունյանի դե՞մ է, ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը։

-Ո՛չ, Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք չէ։ Կրկնում եմ․ դրվագները, որոնք վերագրվում են Վահագն Հարությունյանին, քննիչին հայտնի են եղել մինչև հունիսի 3-ը։

-Դատական նիստերի ընթացքում քննիչն ինչպե՞ս է հիմնավորում Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, ինչպե՞ս է հակադարձել ձեր կողմից նշված հանգամանքներին։ Գուցե հայտնել է, որ միջնորդության հիմքում դրված տվյալները իրեն նախկինում հայտնի չե՞ն եղել։

-Քննիչը չի կարող այդ պարագայում հակադարձել, որովհետև տվյալներ են ներկայացվում, օրինակ՝ փետրվարի 11-ի կամ 12-ի ցուցմունքի արձանագրությունից։ Նախկին մեղադրանքում լեզվական խմբագրական փոփոխություններ են իրականացրել ու դա ներկայացնում են որպես նոր մեղադրանք։ Այսինքն՝ մեղադրանքի ծավալը, հոդվածները բացարձակապես նույնն են, նույնիսկ ենթադրյալ արարքների կատարման ժամանակահատվածները նույնն են։ Պատկերացրեք՝ այսպիսի իրավիճակ․ նախկինում հրապարակվել է, որ Վահագն Հարությունյանը 1000 պարկուճ փոխելու համար է մեղադրյալ ներգրավել, հիմա էլ մեղադրում են 1010 պարկուճ փոփոխելու համար։

-Դա այն է, ինչ իսկապես փոխվե՞լ է մեղադրանքում, թե՞ օրինակ եք բերում։

-Օրինակ եմ բերում։ Այս պահին ավելի առարկայական ես չեմ կարող խոսել․ նախ այն պատճառով, որ հասկանալի էլ չէ փոփոխությունը։ Մենք դատարանում համեմատական վերլուծություն ենք կատարում նախկին և այս մեղադրանքի միջև։ Հարցը հասել է այնտեղ, որ ես կարծում եմ՝ այս մեղադրանքի տեքստային մասում տառատեսակն է փոխված։ Գուցե Հատուկ քննչական ծառայությունը տառատեսակի փոփոխությունն է որպես նոր հանգամանք համարում։ Մեղադրանքի փոփոխության մի հատվածը նախկին մեղադրանքի տեքստում տառասխալների ուղղում է, տառատեսակի փոփոխություն․ ուղիղ գրվածները դարձել են շեղատառ։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ ՀՔԾ-ն նոր է ներկայացնում փաստերը, որոնց Ձեր պնդմամբ վարույթն իրականացնող մարմինը տիրապետել է ամիսներ առաջ։

-Քանի որ իմ գնահատմամբ՝ անձնական հետապնդում է իրականացվում Վահագն Հարությունյանի նկատմամբ՝ տեսնելով, որ իրավական ճանապարհով չեն կարողանում հասնել նրա կալանավորման որոշմանը, մտքերի ձևակերպումները, տառատեսակը փոխում ու կրկին են փորձում՝ ակնկալելով, որ այլ դատավոր կքննի և նրան հնարավոր կլինի ճնշումների ենթարկել։

-Վահագն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Գեղամ Պետրոսյանին գլխավոր դատախազը հանձնարարել էր, և նա ոստիկանության զորքերի սպառազինությունում եղած զենքերով, այո, կրակոցներ արել է եւ տրամադրել»։ Կմանրամասնե՞ք, թե ինչի համար են արվել այդ կրակոցները։

-Ես նախկինում գործի քննությանը մասնակից չեմ եղել, և չեմ կարող ասել, թե ի՞նչ հանգամանքներ են քննության առարկա դարձել։ Վահագն Հարությունյանը, երևի նկատի է ունեցել նախկինում քննված հանգամանքներ, որոնք, կարծում եմ, պետք է ճշտել գործի քննությանը նախկինում մասնակից եղած անձանցից։

-Հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ մերժել է ձեր կողմից ներկայացված դիմումը, որով խնդրել եք դադարեցնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որպեսզի նա վերադառնա Հայաստան։ Դիմումից հետո քննարկումներ եղե՞լ են, դրվե՞լ են որոշակի նախապայմաններ ձեր կամ իրենց կողմից, թե՞ ուղղակի մերժվել է այն։

-Բացարձակապես որևէ նախապայման չի առաջարկվել, որևէ քննարկում չի եղել։ Մենք մինչև այժմ էլ պնդում ենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ անօրինական կարգով հետախուզում է իրականացվում՝ նրա նկատմամբ խափանման միջոց չլինելու պայմաններում, և օգտվելով մեր իրավունքներից՝ միջնորդել էինք նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնել։ Գլխավոր դատախազությունը «ոչինչ չնկատելու» քաղաքականության շրջանակներում դիմումն ուղարկել էր քննիչին՝ այն պարագայում, երբ դրա մեջ նշել էինք, որ մեկ օրինակ էլ քննչական մարմին է ներկայացվել, որ մեզ հետաքրքիր է ՀՀ իրավապահ համակարգի դիրքորոշումն այս հարցում։

-Եթե Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումն ընտրվի որպես խափանման միջոց, բացառվա՞ծ է, որ նա ցանկություն հայտնի ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին ու ներկայացնի այն հանգամանքները, որոնց համար ցանկանում էր կիսատ թողնել բուժումն ու գալ Հայաստան։

-Բացառված է, որ Վահագն Հարությունյանը չվերադառնա Հայաստան։ Ուղղակի անձնական, առողջական խնդիրների հետ կապված՝ որոշակի գործողություններ են իրականացվում, որոնք ավելի կարևոր են, քան նրա նկատմամբ խափանման միջոց լինել-չլինելու, նրա վերադառնալ-չվերադառնալու հարցը։ Տվյալ պահին առկա էր հնարավորություն բուժման կուրսը ընդհատելու, իրավապահ մարմինները նպատակահարմար չգտան մեր միջնորդությունը բավարարել։ Վահագն Հարությունյանը նորից զբաղվում է առողջական խնդիրներով։

-Հայտնի՞ է, թե երբ է ավարտվելու բուժումը։

-Ո՛չ։ Այս պահին հայտնի չէ։ Բուժման մի փուլն ավարտվել էր, նորը պետք է սկսվեր, և մենք փորձում էինք այդ ժամանակահատվածն օգտագործել՝ վարույթն իրականացնող մարմնի հարցերին պատասխանելու համար, բայց չցանկացան։

Լուսանկարում՝ Վահագն Հարությունյանը / © Ֆոտոլուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter