Ազատությունից զրկելու հիմքերը. ինչո՞ւ միայն կալանք (վիդեո)
2008թ. ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի ընդունած «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթները Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում նշվում է, որ Հայաստանի դատարանները հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) 3-րդ կետով։
Բանաձեւում տեղ գտած այս միտքը հաստատվում է նաեւ վիճակագրական տվյալներով եւ տարբեր հետազոտություններով: Մասնավորապես, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության 2010թ. իրականացրած Ազատությունից զրկելու ընթացակարգերի գնահատումը փաստում է, որ գործերի մեծամասնությամբ՝ բոլոր փուլերում անձն ազատությունից զրկվում է, այդ թվում արգելանքի վերցնելիս, պաշտոնական ձերբակալման, մինչդատական կալանքի եւ պատժի նշանակման ժամանակ, իսկ բողոքարկելու դեպքում կալանք կիրառելու մասին որոշումները հաստատվում են:
Տարածված տեսակետն այն է, որ գործնականում մինչդատական վարույթում կալանավորում կիրառվում է գործերի ճնշող մեծամասնության դեպքում, իսկ ազատությունից զրկելու վերաբերյալ կայացված որոշումները հազվադեպ են հիմնավորված եւ անհատականացված: Օրենսդրության մեջ գրավը եւ ազատությունից չզրկելու հետ կապված մյուս խափանման միջոցներն առկա են, սակայն հազվադեպ են կիրառվում:
«Ո՞րն է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելուց խուսափելու պատճառը, ինչո՞ւ միայն կալանք». այս հարցի պատասխանն ստանալու համար Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը փետրվարի 22-ին կլոր սեղանի շուրջ քննարկման էր հրավիրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների:
Քննարկմանը մասնակցում էին փաստաբան Հայկ Ալումյանը, ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի աշխատակից Արթուր Ղամբարյանը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի իրավաբան Տաթեւիկ Ղարիբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել