Մանանեխի փաթեթը` պիտանելիության երկու տարբեր ժամկետներով
«Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքը հսատկորեն սահմանում է` սննդի անվտանգությունը երաշխիք է, որ այն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասկար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա: Հետևաբար ոչ մի սննդամթերք շուկայում հայտնվելու իրավունք չունի, եթե չի համապատասխանում ՀՀ կողմից սահմանաված անվտանգ սննդի նորմերին (ապրանքի հայերեն մակնշում, պիտանելիության ժամկետի առկայություն, սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվություն և այլն):
Սակայն նման օրենքի առկայությունը դեռևս չի երաշխավորում, որ շուկաներից կամ խանութներից գնումներ կատարելիս մենք ձեռք ենք բերում բացարձակապես անվտանգ սնունդ: Այժմ էլ առևտրի շուկայում առկա է օրենսդրական նորմերին չհամապատասխանող սննդամթերք, որի պատճառելիք հնարավոր վնասից ոչ ոք ապահովագրված չէ:
Վանաձորի «Արտբար» ՍՊԸ-ի կողմից արտադրվող մանանեխը սոսկ մեկն է ոչ անվտանգ սննդամթերքի այն տասնյակ օրինակներից: Մասնավորապես` ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով»: Մինչդեռ տուփի վրա հստակորեն երևում է, որ հայերենով տեղեկատվությունը զգալիորեն զիջում է ռուսերենին: Վերջինիս գերակշռման հանգամանքը գուցեև կարդարացվեր, եթե ապրանքը շրջանառության մեջ չմտներ հայաստանյան շուկայում:
Այս խախտումից ուղղակիորեն բխում է նույն հոդվածի 3-րդ կետի խախտումը, որը վերաբերում է «ՀՀ-ում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդաին հավելումների» հայերեն մակնշման բովանդակությանը: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ հայերենով մակնշումը պարտադիր պետք է ներառի անվանումը, զտաքաշը կամ ծավալը, սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը, արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնակի ցուցումներ պահպանման մասին (եթե այդպիսիք կան) և պահպանման ժամկետը: Վերը թվարկվածներից մանանեխի փաթեթի վրա հայերենով էր միայն ծավալը` 50գ. (նկ. 1):
Բացի պիտանելիության ժամկետի վնասված`մասնակի ջնջված լինելուց, (որով խախտվում է 8-րդ հոդվածի արդեն 9-րդ կետը), փաթեթի վրա առկա է պիտանելիության ժամկետի կրկնակի մակնշում (նկ, 2): Ռուսերենով գրված հատվածում պահպանման ժամկետը 7 ամիս է, իսկ հայերենում` 1 տարի ժամկետ:
Մեկնաբանելով սա` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյան փաստեց, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը այս դեպքում կոպտորեն խախտվում է: Նրա խոսքերով` արտադրող և վաճառող կողմերը, իհարկե, ենթկա են պատասխանատվության, բայց այդ պտասխանատվությունը բավականին բազմաբնույթ և բազմազան կարող է լինել.
«Սննդի ոլորտում առկա խախտումների համար քաղաքացիաիրավական, վարչաիրավական և ընդհուպ մինչև քրեաիրավական պատասխանատվություն է նախատեսված.-ասում է Ա. Հովհաննիսյանը.- կոնկրետ այս իրավիճակի հետ կապված` թերևս ավելի շատ պատասխանատվությունը տեղափոխվում է դեպի վաճառողի դաշտ կամ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, պաշտոնատար անձի կողմից սահմանված պահանջների խախտում»:
Վարչաիրավական տեսակետից` Վարչաիրավական խախտումնրի մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է, որ առանց պիտանելիության ժամկետի, պիտանելիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով, պիտանելիության ժամկետի կրկնակի մակնշմամբ և նույն օրենքով սահմանված այլ դեպքերում ապրանքները իրացնելու համար վրա է հասնում պատասխանատվություն և տուգանք է նշանակվում:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1088-րդ հոդվածը նախատեսում է դրույթներ, որոնց դեպքում պետք է հատուցվի «ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը»: « Օրինակ, եթե տվյալ դեպքում սխալ մակնշման հետևանքով վնաս պատճառվեր քաղաքացու առողջությանը, կյանքին կամ գույքին, պատճառված վնասը ենթակա կլիներ հատուցման ապրանք արտադրողի կամ վաճառողի կողմից` անկախ նրանց մեղքից և կոնկրետ ինչ-որ տուժողի հետ պայամանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքից»: Քաղաքացիաիրավական տեսանկյունից` օրենքը, ամեն դեպքում, պաշտպանում է տուժողի շահերը` անկախ այն հանգամանքից, թե որ կողմն է մեղավոր:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով`այս խախտումները քրեաիրավական դաշտ էլ կարելի է տանել, ասենք` սպառողներին խաբելու հոդվածով, բայց կոնկրետ այս դեպքում ապացուցելը այնքան էլ հեշտ չէ:
Եթե ձեռք բերված սնունդը չի համապատասխանում օրենքով սահմանված անվտանգության նորմերին, բայց մարդու առողջությանը, կյանքին կամ գույքին վնասի չի պատճառել, ապա հատուցում ակնկալել պետք չէ: «Լավագույն դեպքում կարելի է միայն ապացուցել, որ սպառողներին լայնածավալ վնաս է հասցվել, բայց այս դեպքում էլ գումարի հետվերադարձի խնդիր չկա»: Մյուս կողմից էլ, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, այնպես էլ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն են ընձեռում գնորդին (սպառողին) պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինում, որոշ դեպքերում անգամ ապրանքը հետ վերադարձնելու հնարավորություն: Նույն օրենքը սահմանում է, որ սննդամթերքի, օծանելիքի կոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: «Այսինքն` եթե այդ ապրանքը գտնվում է այնպիսի վիճակում, որ ենթակա չէ օգտագործման, անորակ է,-պարզաբանում է իրավաբանը,- ապա սպառողը կարող է ներկայացնել վերոնշյալ պահանջները»:
Օրենսդրական նորմերին չհամապատասխանող վտանգավոր սնունդը ենթակա է հետկանչման և ոչնչացման: Բայց միշտ չէ, որ մարդիկ տեղյակ են լինում այդ նորմերից կամ ուսումնասիրում են սննդամթերքի փաթեթավորումը` իմանալու, թե չեն վնասում արդյոք սեփական առողջությանը:
Հ.Գ. Վաճառող կողմից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ խանութը, որտեղից ձեռք էր բերվել մանանեխը, ներկա պահին չի գործում:
Տաթև Խաչատրյան
ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել