HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է դեղերի շուկան վերահսկելու մեխանիզմ ներդնել

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է դեղերի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով «Հարկային օրենսգրքում» կատարել լրացումներ՝ ապրանքների դրոշմապիտակների վերաբերյալ կարգավորումներում։ Մասնավորապես՝ «Tax Stamp» հավելվածով հնարավոր կլինի սկանավորել դեղը և ցանկացած դեղի հավաստագրված, անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու։ Վարչապետի աշխատակազմը կարծում է՝ այս մեխանիզմն ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

Նման նախագիծ է վարչապետի աշխատակազմը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

«Որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու, ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել և ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է հիմա»,- նախագծում նշել է վարչապետի աշխատակազմը։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող,  չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

«Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից որևէ տեսակի փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից տեղափոխվում են սեփական պահեստներ կամ ուղղակի դրոշմապիտակավորվելով անհայտ պայմաններում և հասցեներում, հաշիվ-ապրանքագրերով իրացվում են»։

Վարչապետի աշխատակազմի գնահատմամբ՝ բացի նախատեսված պետական տուրքերի և փորձաքննության համար նախատեսված գումարները չվճարվելուց, վտանգի տակ է դրվում նաև բնակչության առողջության պահպանումը, պետության կողմից սահմանված դեղի գրանցման և ներմուծման ընթացակարգերի ամբողջ ինստիտուտը:

Տեսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ և կանխարգելիչ վերահսկողություն, հետևաբար չի կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա, քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը, թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին օգտվել առկա հնարավորություններից և առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter