Զովասար. անտեսված գյուղերից մեկը
«Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է...»: Ակսել Բակունցի այս տողերն այսօր էլ խիստ արդիական են Հայաստանի բարձրադիր շատ բնակավայրերի համար: Բացառություն չէ Արագածոտնի մարզի Զովասար (նախկինում` Ահակչի) գյուղը: Ինչպես վկայում են տեղաբնակները, այստեղ տարվա յոթ ամիսը ձմեռ է լինում, արտաքին աշխարհի հետ կապն ընդհատվում է շաբաթներով, երբեմն էլ՝ ամիսներով: Արագածի փեշերին ծվարած մյուս գյուղերի նման, Զովասարի համար եւս փրկություն չէ նույնիսկ ճանապարհը ժամանակին մաքրելը, քանի որ ձմռան ոռնացող քամին ու բուքը րոպեների ընթացքում այն կրկին փակում են (գյուղը1300մ բարձրության վրա է գտնվում): Այդ, ինպես նաեւ նյութական սուղ միջոցների պատճառով, կանայք հաճախ տանն են ծննդաբերում: Տարվա մյուս եղանակներին էլ ճանապարհն առանձնապես բարվոք վիճակում չէ: Մի քանի գյուղեր սպասարկող եւ վաղուց արդեն նորոգում չտեսած ճանապարհը քանդվել է, ասֆալտը՝ քայքայվել, իսկ այս տարվա գարնանային հեղեղումները վերջնականապես ավերել են այն ու դարձրել դժվարանցանելի: Մի քանի գյուղեր սպասարկող ավտոբուսն առավոտյան ուղեւորներին հասցնում է Թալին-Երեւան, երեկոյան՝ վերադարձնում, իսկ եթե փչացավ, կապը կրկին կընդհատվի շաբաթներով, գուցեեւ՝ ամսով, մինչեւ վարորդը կարողանա այն վերանորոգել:
Զովասարցիներն ասում են, որ իրենց կյանքն ու կենցաղը մեծապես պայմանավորված են բնության բարեհաճությամբ ու տարերքներով: Ինչպես նշում է համայնքապետարանի հաշվապահ Վարդգես Ղազարյանը. «Անձրեւ թե եկավ՝ մի բան կլինի, թե չէ՝ չէ, - եւ շարունակում մեծ բանաստեղծի հայտնի խոսքերով,-մեր ապրուստն ի՞նչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված»:
Ապրուստի հիմնական միջոցը Զովասարում անասնապահությունն ու հողագործությունն են: Ցորեն ու գարի են ցանում, կարտոֆիլ աճեցնում: Հողերը, սակայն, անջրդի են: Դեռեւս խորհրդային տարիներին սարերի աղբյուրներից մոտ 6 կմ խողովակներով ոռոգման ջուր է բերվել, սակայն այսօր այն օգտագործվում է հիմնականում կենցաղային կարիքները հոգալու համար ու որպես խմելաջուր: Քանի որ նախատեսված է եղել ոռոգման համար, աղբյուրներից հավաքված ջուրը, մինչեւ հիմնական խողովակաշարին միանալը, բերվել է բաց խողովակներով, հետեւաբար, անձրեւաջրերը, հեղեղատները, փոշին եւ սարերում արածող ու աղբյուրի ակունքից ջրվող անասունների կեղտը միախառնվում են ջրին:
Ըստ հաշվապահի՝ գյուղը թե՛ ոռոգման, թե՛ խմելաջրի անհրաժեշտ պաշար ունի, եւ լուծման տարբերակ էլ կա: Գյուղի վերեւում գտնվող լճից ինքնահոս եկող ջուրը, որը ներկայումս օգտագործվում է ոռոգման նպատակով, բազում խորխորատների ու ձորերի միջով անցնելով, կորուստներով է տեղ հասնում եւ բոլորին չէ, որ հասանելի է: Մինչդեռ, ինչպես վկայում է Վ. Ղազարյանը, դեռեւս տարիներ առաջ գյուղացիները սեփական ուժերով մի փոքրիկ ջրամբար են կառուցել՝ նպատակ ունենալով միատեղել այդ ջրերը ոռոգման խնդիրը կարգավորելու համար. «Ընդամենը 3կմ խողովակի հարց է, որպեսզի լճի ջուրը հասցվի ջրամբար, որտեղ կուտակվելով` հնարավոր կլինի լիովին բավարարել ոռոգման պահանջը, իսկ աղբյուրների բաց խողովակները եթե փակվեն, այն կդառնա միանգամայն անվնաս ու մաքուր»: Նա հավաստեց, որ այս խնդրով բազմիցս դիմել են հնարավոր բոլոր ատյաններին, սակայն ուշադրություն դարձնող չկա, եւ Զովասարի համար չափազանց կենսական այս հարցը այդպես էլ լուծում չի ստանում:
Գյուղի մյուս կարեւորագույն խնդիրը դպրոցի օրհասական վիճակն է: Զովասարի միջնակարգ դպրոցը երկու մասնաշենքից բաղկացած ընդարձակ շինություն է, որը կառուցվել է շուրջ 30 տարի առաջ, սակայն ոչ մի անգամ ո՛չ նորոգվել է, ո՛չ էլ գույքն է թարմացվել: Մուտքից ներս մտնողին առաջին հերթին հաճելիորեն զարմացնում է Պարույր Սեւակի հազվագյուտ մեծության դիմանկարը, այնուհետեւ միջանցքներն ու դասասենյակները զարդարող հայ եւ ռուս դասականների գեղանկար դիմանկարները, հայ թատրոնի մեծերի (Ազնիվ Հրաչյայից մինչեւ մեր օրերը), Երկրորդ համաշխարհային պատերազմին ու Արցախյան ազատամարտին մասնակցած զովասարցի մարտիկների մասին պատմող ստենդները: Այս բոլորը կրթական ու մանկավարժական լավ աշխատանքի մասին են վկայում:
Այսօր դպրոց հաճախողների թիվը եռակի նվազել է` վերջին տասը տարիների ընթացքում 300-ից հասնելով 110-ի: Պետական ուշադրությունից դուրս մնացած դպրոցը վերջնականապես քայքայվել է. հատակի տախտակները ոտքը դնելուն պես ճռճռում են ու ճաքեր տալիս, բազմաթիվ տեղերում ուղղակի կոտրված են ու փոսեր են առաջացել: Դասասենյակների դռներն ու պատուհանները «ներդաշնակ» են հատակի հետ, ապակիները կոտրտված են կամ բազում կտորտանքներով մի կերպ հավաքված, իսկ փեղկերի միջեւ եղած տարածության միջով հանգիստ կարող ես ձեռքդ անցկացնել: «Մեր փոքրիկ աղջիկները վաղը չեն կարող մայր դառնալ ձմռան ամիսներին դասասենյակներով սուրող քամու ու սառնամանիքի պատճառով: Բքի ոռնոցից դասարանում նույնիսկ ձայնդ է կորչում դաս բացատրելիս: Ես հանցագործ եմ համարում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին այս պայմաններում դպրոց են ուղարկում»,- ասում է դպրոցի նկատմամբ իշխանությունների անտարբերությունից վրդովված երկարամյա մանկավարժ Համլետ Մինասյանը:
Նա նշում է, որ դպրոցը ներկայիս վիճակով բացարձակապես պատրաստ չէ 12-ամյա նոր կրթական համակարգին, ըստ որի՝ երեխան առանց մանկապարտեզ հաճախելու չպետք է մուտք գործի դպրոց, քանի որ ի վիճակի չէ ինքնակառավարման: Ուստիեւ մանկապարտեզը անհրաժեշտություն է յուրաքանչյուր բնակավայրում: Պրն Մինասյանը հայտնեց, որ Երկրորդ համաշխարհայինի դժնդակ տարիներին գյուղն ունեցել է մսուր-մանկապարտեզ, որը գործել է մինչեւ 60-ական թթ., սակայն հետագայում մանկապարտեզի հին շենքը փլվել է, իսկ նորի կառուցումը մնացել է առկախ: Միաժամանակ պետք է նշել, որ Զովասարը շրջակա գյուղերից միակն է, որտեղ մեծ թվով մանկահասակ երեխաներ կան: Հայ օգնության միության Հայաստանի կազմակերպությունը Կանադայի քույր մասնաճյուղի հետ այս գյուղում երեխաների խնամակալական ծրագիր է իրականացնում:
Չափազանց մեծ է Համլետ Մինասյանի դժգոհությունը իշխանության թե՛ տեղական, եւ թե՛ վերին օղակներից: Նա պատմում է, որ ինքն ու կինը դպրոցի երկարամյա մանկավարժներ են, շուրջ 35 տարի ապրում ու աշխատում են այս գյուղում, այդքան էլ սերունդ են կրթել ու դաստիարակել, որոնց թվում` նաեւ իրենց երեք որդիներին: Նրանք արդեն վաղուց չափահաս մարդիկ են, ծառայել են հայոց բանակում, իրենց պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ: Դպրոցն ավարտել են բարձր առաջադիմությամբ, սակայն տնտեսական դժվարին վիճակը հնարավորություն չի տվել կրթությունը շարունակել: Երեքն էլ վաղուց պետք է ընտանիք կազմեին (կրտսերը 28 տարեկան է), բայց առայսօր ամուրի են, որովհետեւ տնամերձ հողամասեր չունեն, որպեսզի իրենց տունը կառուցեն: «Եթե կրկին պատերազմ սկսվի, ես իմ տղաներին թույլ չեմ տա գնան կռվելու, փոշմանել եմ, որ իմ երեք որդիներին թույլ եմ տվել ծառայել հայոց բանակում: Եթե նրանք հայրենիքին պարտք են, ուրեմն հայրենիքն էլ նրանց է պարտք»,- ասաց նա:
Երկարամյա մանկավարժի՝ դպրոցի նկատմամբ արտահայտած սրտացավ վերաբերմունքից հետո այսպիսի անակնկալ ու կտրուկ շրջադարձը հուշեց մեզ պարզել նրա մասնագիտությունն ու դասավանդած առարկան: «Ես հայրենասիրություն եմ դասավանդում, զինղեկ եմ»,- ասաց պրն Մինասյանը: Նա ավելացրեց, որ միայն իրենց թաղում նույն իրավիճակում հայտնված յոթ երիտասարդ կա, ովքեր շուտով քառասունը կբոլորեն:
Չնայած վրդովմունքին` դպրոցի զինղեկը հպարտությամբ պատմեց համագյուղացի Մորուք Կարոյի մասին եւ առաջնորդեց այն տունը, որտեղ ժամանակին ապրել է անվանի հայդուկը: Գյուղը բավական թվով ուսյալ մարդիկ է տվել, ովքեր այսօր աշխատում են Երեւանում, ամենատարբեր ոլորտներում: Ասում էին, որ իրենց գյուղացիները կրթության նկատմամբ առանձնակի ձգտում ունեն, շատ ընթերցասեր են փոքր ու մեծով: Գյուղի մշակույթի տանը 3000 կտոր գրականությամբ գրադարան ունեն, որից օգտվում են հատկապես աշնանից մինչեւ գարուն ընկած ժամանակահատվածում, երբ հողի ու անասունների հետ կապված աշխատանքները փոքր-ինչ թեթեւանում են:
Մշակույթի տունը կառուցել են հետպատերազմյան դժվարին տարիներին՝ 1949թ., սեփական միջոցներով: Այսօր, սակայն, կամարակապ, գեղեցիկ խոյակներով այս շինությունը եւս քայքայված ու վթարային վիճակում է: Հաշվապահի ասելով` որեւէ միջոցառման կամ կինոդիտման մասին հուշերը հեռավոր անցյալում են մնացել: Մոտ 20 տարեկան մի սերունդ է մեծացել, որը պատկերացում չունի նման բաների մասին: Մանկությունն անցկացնում են աթարի դեզերի կողքին, հողի ու փոշու հետ խաղալով, դպրոցն ավարտելուց հետո էլ հայտնվում անորոշության մեջ, թե ու՞ր գնա, կամ` ո՞րն է իր անելիքն այս կյանքում: Չնայած այդ ամենին, շրջակա գյուղերի համեմատությամբ, Զովասարը բավականին «առաջադեմ» կարող է համարվել. գյուղը խանութ ունի, ուր առաջին անհրաժեշտության ապրանքներ են վաճառվում, եւ վագոն տնակում տեղավորված մի բուժկետ, որը վաղուց փտել է: «Մեր գյուղից շատ հայտնի մարդիկ կան Երեւանում, բայց ի՞նչ է այս գյուղի վիճակն այսօր, ամենափոքր խնդիրն անգամ լուծելիս աջակիցներ չկան»,- ասում են զովասարցիները:
Զովասարցիները մեծ ջանք գործադրեցին՝ հիշելու իրենց պատգամավորին, բայց միայն նախկին պատգամավոր Կամո Արեյանին հիշեցին, որը նրանց սպասելիքները չէր արդարացրել: Ներկա պատգամավորի անունն այդպես էլ չհաջողվեց հիշել, գիտեին միայն, որ նա գործարար է: «Ասում էր՝ գրասենյակ ունենք Թալինում, եկեք, ներկայացրեք ձեր խնդիրները, կլուծենք, բայց ոչ մենք իրենց տեսանք, ոչ իրենք՝ մեզ»,-ասացին գյուղացիները: «Ժողովրդական մի խոսք կա՝ ում քրիստոնյա ենք կարծում, Մուհամեդի ղուրանը ծոցից է դուրս գալիս»,- ասում է Վարդգես Ղազարյանը:
Գյուղի միակ նորամուծությունը ԱրմենՏելի տեղակայած հեռախոսախցիկն էր գյուղամիջում, որի ներկայությունը, սակայն, ավելի վրդովեցնում էր մարդկանց, քան ուրախացնում: Խորհրդային միության վերջին տարիներին գյուղում հեռախոսացանց է անցկացվել, սակայն տներում հեռախոսի ձայնը վաղուց է լռել: Յուրաքանչյուր ընտրության նախօրյակին թեկնածուները գալիս են գյուղ, խոստումներ տալիս, թե կօգնեն, կլուծեն այս կամ այն խնդիրը, կվերականգնեն կապը, սակայն ընտրվելուց հետո մոռանում են: Վարդգես Ղազարյանը տեղեկացրեց, որ, այդուհանդերձ, հասել են նրան, որ հեռախոսալարերն անցկացվել ու նորոգվել են, իսկ համակարգի նախկին աշխատակիցները վստահեցնում են, թե էլեկտրացանցին միացվելու դեպքում գյուղի 40%-ը կարող է կրկին հեռախոս ունենալ, սակայն արդեն 7-8 տարի է համապատասխան ծառայությունը «վերջին վրձնահարվածը համառորեն չի տալիս»: Զրուցասեր հաշվապահը հիշեց անցյալի գյուղական ԱՏԵՍ-ը, երբ հրատապ խնդրով մեկի հետ կապվելու համար խնդրում էին կապի աշխատակցին. «Փնջո ջան, մի հատ կմիացնե՞ս այսինչ տեղը, իսկ նա էլ կամ կմիացներ, կամ էլ՝ ոչ: Գրեթե նույն իրավիճակում էլ հիմա ենք»,- ասում էր նա:
Գյուղի բազմաբնույթ խնդիրների շարքում զովասարցիները չմոռացան անդրադառնալ նաեւ հանրային հեռուստատեսության աշխատանքին: Ասում էին, որ իրենք շատ փոքրաթիվ ալիքներ դիտելու հնարավորություն ունեն՝ Հ1, Հ2 եւ ռուսական հանրայինի թողարկումները: Սակայն, այդ փոքրիկ հաճույքն էլ նրանց համար յուրովի նյարդքայքայիչ միջոցի է վերածվել: «Հանրային հեռուստատեսությունը ոչ թե ժողովրդի համար մի բան է անում, այլ գովազդային գործակալության է վերածվել: Ուղղակի զզվում ես, թե մի ֆիլմ նայես, կամ էլ` հանկարծ պատահի՝ մի հետաքրիր հաղորդում, այնքան են ընդմիջում գովազդներով ու այնքան երկարատեւ, որ մոռանում ես արդեն, թե ինչ էիր նայում կամ ինչի մասին էր: Ռուսական հեռուստատեսությամբ վաղուց արդեն հաղորդումը շարունակվում է, իսկ իրենց գովազդը դեռ չի վերջացել: Ինչքա՞ն կարելի է, էնպիսի մի հաղթական տոնով էլ ցուցադրում են, կասես Ղարաբաղը տվել են մեզ, Արեւմտյան Հայաստանն էլ հիմա կգրավեն»,- միաբերան բողոքում էին նրանք:
Զովասարը գարնանային կարկտահարումներից մարզի առավել տուժած գյուղերից մեկն է, սակայն որքա~ն մեծ էր նրանց զարմանքը, երբ հեռուստատեսությամբ հայտարարել էին, որ կառավարությունը 1մլրդ 118մլն դրամ է հատկացրել երաշտից ու կարկտահարությունից տուժած մի քանի մարզերի, բայց իրենց գյուղն ընդգրկված չէր փոխհատուցման ցանկում: Այն դեպքում, երբ հեղեղումները քանդել են բոլոր ճանապարհները, խոտհարքները կարկուտից վնասվել են, անասնակերի խիստ պակաս կա: «Տարածքային կառավարման նախարարն ասում է՝ խոտը Արարատյան դաշտավայրից բերել կտանք, բայց նրանք ֆերմերներին կտան, անհատ մարդկանց ոչինչ էլ չի հասնի»,- ասում են գյուղացիները:
Մետաքսե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել