HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Ըստ տարածված հաղորդագրության՝ նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter