Ջրամատակարարում. կենսաթոշակառուները վճարում են ունեւորների փոխարեն
«Ջրային» անակնկալները բնակչությանը մատուցվում են յուրաքանչյուր ամառ: Ամռանը ջրամատակարարմամբ ենք պայմանավորում մեր առօրյան եւ օրվա անցուդարձը, իսկ ոչ աշխատանքային օրերին պարզապես նյարդերի կծիկ ենք դառնում՝ ամեն րոպե սպասելով ջրի գալուն կամ ջրի կտրվելուն:
Ջրամատակարարում իրականացնող կազմակերպություններն իրենց իրավունքներն ու պարտականություններն ունեն, բաժանորդներն՝ իրենցը: Սակայն դրանք երկկողմանի խախտվում եւ անտեսվում են՝ ստեղծելով մի իրավիճակ, որը տարիներ շարունակ դարձել է դժվար վերահսկելի եւ դժվար կարգավորվող: Ջրի ոչ բավարար որակական հատկանիշները, տրված ջրի դիմաց վճարների հաշվառման եւ գանձման անբավարար վիճակը, ջրի կորուստների բարձր տոկոսը, մատուցված ծառայությունների ցածր որակը, ինքնահոս ջրամատակարարման հնարավորությունների անբավարար օգտագործումը հանգեցնում են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեխնիկական եւ ֆինանսական գրեթե ճգնաժամային վիճակի:
Մեր հանրապետությունում ջրամատակարարում իրագործվում է 867 կենտրոնացված եւ գերատեսչական ջրմուղների միջոցով: Դրանց շահագործումն իրականացնում են՝
1. Երեւան քաղաքում՝ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն,
2. մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերում՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:
Հարկ է նշել, որ 630 գյուղական համայնքներում ջրամատակարարում չի իրականացվում որեւէ ջրմուղի կողմից , քանի որ ժամանակին այս գյուղական համայնքները որոշել են ինքնուրույն լուծել իրենց ջրամատակարարման խնդիրները՝ հետագայում կանգնելով բազում խնդիրների առաջ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն գործունեություն է իրականացնում մասնաճյուղերի, գրասենյակների եւ ենթագրասենյակների միջոցով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 4 մասնաճյուղերից մեկը՝ Հյուսիս-Արեւելյան տարածքային մասնաճյուղը, գործունեություն է իրականացնում Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Մասնաճյուղն ունի 6 տեղամաս եւ 7 ենթատեղամաս եւ ջրամատակարարում իրականացնում է Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից 5 քաղաքներում եւ շուրջ 17 գյուղերում:
Երբ 2003թ. հանրապետությունում սկսվեց ջրաչափերի տեղադրման գործընթացը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 9 մլրդ հանրապետական պարտքի դիմաց Գեղարքունիքի մարզում պարտքը կազմում էր 5,3 % կամ 480 մլն դրամ: Պարտքերի մարումն ու ջրաչափերի տեղադրումն իրականացվեց համապատասխան իրավական ակտերով, քարոզարշավով եւ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի բարելավման հեռանկարով, որի արդյունքում տարեցտարի պիտի ավելանար ջրաչափ տեղադրած բաժանորդների թիվը, իսկ ջրամատակարարումը դառնար շուրջօրյա: Պետք է բարելավվեր ջրամատակարարման, մատուցվող ծառայությունների, ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակը, պետք է կայունանար պետական ստանդարտներին համապատասխանող որակյալ եւ անվտանգ խմելու ջրով բնակչությանն ապահովելու գործընթացը, կրճատվեր ծախսվող էլեկտրաէներգիան եւ այլն, եւ այլն: Սակայն, մեծ հաշվով, ջրամատակարարման ոլորտի փոփոխությունները տեսանելի չեն սպառողների գերակշիռ մասի համար, եւ դրա վկայությունը մեր առօրյա ջրամատակարարումն է: Իսկ ամռանը ջրամատակարարման համակարգի թերացումներն ի հայտ են գալիս ամբողջ ծավալով եւ բոլոր ուղղություններով:
Գեղարքունիքի մարզի տարածքում աշխատող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղը պոմպերի միջոցով ջրի մղման աշխատանքներ է իրականացնում Գավառ, Սեւան քաղաքներում եւ այդ տարածքների որոշ գյուղերում, իսկ Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում իրականացվում է ինքնահոս ջրամատակարարում: Մարտունի քաղաքում եւ տարածքի 4 գյուղերում նույնպես ջուրն ինքնահոս է, սակայն Մարտունի քաղաքում ջրամատակարարման այլընտրանքային եղանակ են ընտրել գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերը: Շենքերի առջեւ բնակիչները 2-ական ջրհորներ են փորել եւ օգտվում են այդ ջրհորներից՝ հրաժարվելով խմելու ջրի մատակարարման ծառայություններից եւ վարձերի վճարումից: Իսկ ջրամատակարար կազմակերպությունը զոդման միջոցով արգելափակել է ջրատար խողովակների աշխատանքը: Կայացած փոխհամաձայնության արդյունքում Մարտունու բազմաբնակարան շենքերի բնակիչներն օգտագործում են չստուգված որակով խմելու ջուր եւ շահագործում են մեր երկրի ընդերքը՝ առայժմ առանց իրավական կարգավորման եւ հետեւանքների:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-Արեւելյան տարածքային մասնաճյուղի փոխտնօրեն Սասուն Գալոյանը հավաստում է, որ Վարդենիս քաղաքում ջրային պաշարները մեծ են, եւ այստեղ իրականացվում է 24-ժամյա ջրամատակարարում: Իսկ ամենաթանկ ջրամատակարարումն իրականացվում է Սեւան եւ Գավառ քաղաքներում, որտեղ ջրի մղման աշխատանքների նպատակով ծախսված էլեկտրաէներգիան ամսական կազմում է, համապատասխանաբար, 13 միլիոն եւ 8 միլիոն դրամ:
Գեղարքունիքի մարզում ընկերությունն ունի 27397 բաժանորդ, որոնցից ծառայություն ստացած բաժանորդների թիվը հուլիս ամսվա դրությամբ կազմում է 17666: Այս 17666 բաժանորդից ջրաչափական սարք տեղադրած բաժանորդները 8599-ն են, որը կազմում է բաժանորդների թվի 31,4%-ը եւ ծառայություն ստացած բաժանորդների թվի 48.7%-ը:
Մարզում ջրամատակարարման միջին տեւողությունը արտահայտող թվական տվյալ ոլորտի պատասխանատուները դժվարանում են նշել: Մասնաճյուղի «Սեւան» տեղամասի տնօրեն Հայկ Ղուկասյանը նշում է, որ Սեւան քաղաքի ջրամատակարարման միջին տեւողությունը ներկայումս 1 ժամ է, սակայն մինչեւ տարեվերջ քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրի արդյունքում սպասվում է ջրամատակարարման տեւողության ավելացում մինչեւ 18-ժամյա գրաֆիկով:
Գեղարքունիքի մարզում մատակարարված ջրի դիմաց կորուստները միջին հաշվով կազմում են 95%, որից 40%-ը գոյանում է ապօրինի ջրօգտագործողների մեղքով եւ շնորհիվ: Ընկերության դեբիտորական պարտքերի մեծ մասը գոյանում է բնակչության պարտքերից: Ամենաբարեխիղճ սպառողները մեզանում կենսաթոշակառուներն են եւ սոցիալապես ոչ բարվոք պայմաններում ապրող բնակիչները: Ինչպես բոլոր ոլորտներում, այս շերտի սպառողները վճարում են նաեւ առավել ունեւոր ջուր սպառողի փոխարեն:
Բաժանորդ-մատակարար պայմանագիրն ունի առեւտրային հիմք, սակայն տպավորությունն այնպիսին է, որ երկու կողմն էլ գործում են միմյանց դեմ: Մարքեթինգային դաշտի ձեւավորումն ու կատարելագործումը, ապօրինի ջրօգտագործողների եւ չվճարողների հետ իրավական հարաբերությունների կարգավորումը, ջրային կորուստների հայտնաբերումն ու նվազեցումը, ջրամատակարարման ռեժիմների սահմանումն ու բնակչության իրազեկումը եւ բազում այլ հարցերի կարգավորումն, անշուշտ, ջրամատակարար կազմակերպությունների խնդիրն է: Սակայն ականատես ենք լինում ամենօրյա թերացումների եւ բացթողումների հարաճուն ընթացքին:
Գեղարքունիքի մարզի քաղաքներում բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերում դեռեւս ընդհանուր ջրաչափեր չեն տեղադրվել: Սա պետք է իրականացվի ջրամատակարար կազմակերպությունների միջոցների հաշվին եւ, թվում է, թե վերջիններս առաջնահերթ պետք է շահագրգռված լինեն կանոնակարգելու այն ոլորտը, որտեղ գործում են: Բազմաբնակարան շենքերում ընդհանուր ջրաչափերի բացակայությունն ապօրինի ջրօգտագործողների օգտագործած ջուրը տեղափոխում է հաշվարկային մեկ այլ՝ մատակարարված ջրի դիմաց ջրային կորուստների 95 %-ի դաշտ: Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ ինչու՞: Մի՞թե ջրմուղների ամենօրյա հոգսը չպետք է լինի կորուստների նվազեցումն ու կանխումը: Մինչդեռ օրինավոր հարկատուի վճարած սակագինը ներառում է մատակարարված 5 % ջուրն ու 95 % ջրային կորուստները, ինչը սոցիալական արդարության տեսանկյունից, մեղմ ասած, անթույլատրելի է:
Ջրային պաշարների կորուստները պայմանավորված են խմելու ջրամբարների ոչ բարվոք վիճակով, ջրատար խողովակների ֆիզիկական ծայրահեղ մաշվածությամբ: Նրանց գերակշիռ մասը խորհրդային ժառանգություն են, հիմնականում քայքայված են, դարձել են թափանցիկ: Բնակիչներն էլ իրենց հերթին արոտավայրերով եւ վարելահողերով անցնող ջրագծերը ենթարկում են «տեռորիստական» հատումների: Սեփական բոստանը ջրելու փիլիսոփայությամբ տարված' նրանք մեծ գումարների վնաս են հասցնում ջրամատակարար կազմակերպություններին, իսկ մեծ հաշվով՝ երկրին:
Հայաստանի առանձնահատկություններից է այն, որ հանրապետության ջրմուղների 95 %-ը սնվում է ջրամատակարարման ստորերկրյա աղբյուրներից՝ կայուն որակի ջրով: Չնայած ջրառի տեղերում ջրի բավարար քանակին՝ գործնականում բոլոր քաղաքներում եւ գյուղերում բնակչությունը ջուր ստանում է օրական 2-6 ժամ, եւ ներքին ցանցում առկա հոսակորուստների պատճառով իրականում սպառողին միայն օրը 200լ ջուր է հասնում: Ջրամատակարարման համակարգերի մոտ 50 %-ն աշխատում է պոմպերի միջոցով: Ջրատար խողովակների քայքայվածության պատճառով կենտրոնական ցանցով մատակարարվող ջուրն իր ցուցանիշներով հաճախակի չի համապատասխանում սահմանված նորմերին, ինչը վկայում է, այսպես կոչված, ջրի «երկրորդային» աղտոտման մասին՝ ջրաղբյուրից մինչեւ սպառողը ջրի տեղափոխման ընթացքում:
Առանձնակի բարդություններ եւ անվերահսկելի իրավիճակներ կան այն 630 գյուղական համայնքներում, որտեղ որեւէ ջրմուղի կողմից ջրամատակարարում չի իրականացվում: Այստեղ լուծված չեն անվտանգ ջրամատակարարման հարցերը, քանի որ տարիներ շարունակ տեղական մարմինների ենթակայության տակ գտնվող գյուղական ջրատարները հայտնվել են ծայրահեղ բարձիթողի վիճակում: Ջրագծերի քայքայվածության պարագայում անձրեւներից հետո խմելու ջրի բաղադրությունը փոխվում է, ջուրը չի մաքրվում, չի զտվում եւ որոշակի ժամանակահատվածում դառնում է անօգտագործելի: Ջրի որակը ստուգումների չի ենթարկվում: Զգալի թվով գյուղերում որպես խմելու ջուր օգտագործվում են արտեզյան ջրերը, խմելու ջրի անբավարարության կամ վատ մատակարարման պատճառով շատ տնտեսություններ օգտվում են ինքնաշեն ջրհորներից: Գյուղական համայնքների առանձին թաղամասեր զրկված են խմելու ջրից, սակավաթիվ տնտեսություններ խմելու ջուր ունեն տների բակերում, ուստի կանայք օրվա զգալի մասը զբաղված են ջուր կրելով:
![]() |
![]() |
Այսպես' Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի Ջաղացաձոր գյուղի բնակիչները, որոնք հիմնականում Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներն են, մեկ տարուց ավելի զրկված են խմելու ջրից: Համայնքի բնակիչները նշում են, որ հարեւան համայնքների բնակիչներն են արգելափակել Ջաղացաձոր եկող ջրի ճանապարհը: Այդ պատճառով նրանք օգտվում են համայնքի միջով հոսող Մասրիկ գետից եւ համայնքում դեռեւս խորհրդային ժամանակներում փորված 2 արտեզյան ջրհորներից: Գետի ջուրն օգտագործում են կենցաղային կարիքները հոգալու նպատակով (լվացք, լոգանք), իսկ խմելու նպատակով օգտագործվում է ջրհորների ջուրը: Բնակիչներն ամեն օր զբաղված են ջուր կրելու, տեղափոխելու դժվարին եւ ծանր աշխատանքով: Գետի ջուրն օգտագործելու համար այն լցնում են տարաների մեջ, 1 օր թողնում են, որպեսզի նստվածքն իջնի ամանների հատակին, ապա օգտագործում են: Ջրհորների ջրի որակը խիստ կասկածելի է: Բնակիչները հավաստում են, որ խոշորացույցով նայելիս ջրի մեջ բազում մանրէներ են նկատում, սակայն հաճախ միջատները եւ մորեխները նկատելի են նաեւ անզեն աչքով: Այդ ջուրն օգտագործելու համար տեղափոխելուց հետո մառլյայով քամում են, ապա եռացնում, որը պիտանի է դառնում սառելուց հետո, սակայն ունի տհաճ համ, ուստի մարդիկ այն օգտագործում են ճարահատյալ: Եվ սա՝ 21-րդ դարում...
Ջաղացաձորի պես շատ գյուղական համայնքներ ունեն խմելու ջրի հետ կապված բազում խնդիրներ: Վարդենիսի վարչատարածքի Գեղաքար գյուղում խմելու ջրի ներքին ցանցը չի գործում, բնակիչներն օգտվում են գյուղում հոսող միակ աղբյուրից: Կուտական գյուղի խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցերը գտնվում են խիստ անմխիթար վիճակում: Գյուղի 1/3-ը չունի խմելու ջուր եւ օգտվում է Մասրիկ գետի վտակից, որը հոսում է գյուղի միջով: Հեղեղների օրերին ողջ գյուղն է օգտվում այդ վտակի ջրից, քանի որ խմելու ջուրը դառնում է անօգտագործելի: Փոքր Մասրիկի բնակիչները մեծ ճանապարհ են անցնում եւ հասնում են հարեւան Նորակերտ գյուղը' ջուր բերելու համար: Այստեղ նույնպես արտեզյան ջրեր են օգտագործում: Համայնքի ջրատար խողովակները քայքայված են, դարձել են թափանցիկ, ուստի հնարավոր չէ կանխել ջրի կորուստները, իսկ անձրեւների ժամանակ' պղտորումը: Տրետուք գյուղի խմելու ջրագիծը կառուցվել է նախորդ հարյուրամյակի 50-ական թվականներին: 7,5 կմ երկարություն ունեցող ջրագծի 4,5 կմ հատվածը կառուցված է ազբեստյա խողովակներով, ինչը հակացուցված է առողջապահական առումներով, քանի որ այդպիսի խողովակներով հոսող ջուրը քաղցկեղածին է համարվում: Մնացած 3 կմ-անոց հատվածը կառուցված է երկաթյա խողովակներով, որոնք ենթարկվել են կոռոզիայի եւ շարքից դուրս են եկել:
Պարզագույն ձեւով կառուցված համայնքի ջրահավաք ամբարները բացօթյա են: Այս պատճառով միջատները եւ մանր կենդանիները հաճախ լցվում են ջուրը: Ի դեպ, խորհրդային տարիներին կառուցված ջրագիծը, որը ներկայումս գտնվում է խիստ անմխիթար վիճակում, կառուցվել է անասնապահական նպատակներով, սակայն տարիներ շարունակ մարդիկ օգտվում են դրանից, քանի որ այլընտրանք չունեն: Սոթք գյուղի խմելու ջրագծերը նույնպես ազբեստյա են, իսկ այս խողովակների վերանորոգման հարցում դոնորներն աջակցություն չեն տրամադրում: Հետեւապես, խմելու ջրի կարգավորման համար անհրաժեշտություն է խողովակների փոխարինումը, սակայն համայնքը չի կարողանում ապահովել սովորաբար 10-15 % պահանջվող ներդրումը: Խմելու ջրի վատ մատակարարման պատճառով շատ տնտեսություններ օգտվում են ինքնաշեն ջրհորներից:
Խնդիրների թվարկումը կարելի է դեռ շարունակել: Սակայն, մեր կյանքում կուտակված տարաբնույթ խնդիրները չեն պակասում, քանի որ խնդիրների լուծման համակարգված մոտեցումներն են ուշանում: Եվ ուշանում են այնքան, որ նորանոր խնդիրներ են ի հայտ գալիս ու ծնվում՝ ոչ պակաս ցավոտ եւ ոչ պակաս դժվար լուծելի:
Խմելու ջրի մաքրման, վարակազերծման եւ սանիտարահամաճարակային անվտանգության հարցերը ներկայումս նույնպես լիարժեք կարգավորված չեն: Անբավարար է ՀՀ պետական հիգիենիկ եւ համաճարակային ծառայության լաբորատոր ծառայությունների ապահովումը հետազոտությունների ժամանակակից մեթոդներով, այդ թվում՝ արագընթաց:
Իրենց իրավունքներին անտեղյակ ջուր սպառողներից շատ քչերը կարող են իմանալ, որ ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են բաժանորդի պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ներկայացնել խմելու ջրի որակը հավաստող փաստաթուղթ, իսկ պետական ստանդարտներին չհամապատասխանող խմելու ջրի մատակարարման դեպքում իրենց մեղքով պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն ջրի սակագնի քառապատիկի չափով: Ա՛յ թե խառնաշփոթ հաշվարկներ կտիրեն ջրմուղներում, եթե հանկարծ մենք՝ ջուր սպառողներս, որոշենք իրացնել մեր իրավունքները: Բայց քանի դեռ չենք որոշել պաշտպանել մեր իրավունքները, քանի դեռ մեր գանգատները կենցաղային մակարդակից չենք տեղափոխել որակական նոր հարթություն, չենք մասնակցել մեր կյանքին առնչվող որոշումների ընդունմանը, ապա պիտի վայելենք այն, ինչ ունենք: Իսկ մ ինչ այդ պիտի ապավինենք մեր ամենաբարեխիղճ սպառող կենսաթոշակառուներին, թե չէ կմնանք ջրին սպասող...
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել