HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ականներն առաջարկում են պարտադիր պահանջ դարձնել համայնքին արված 100 հազար դրամը գերազանցող նվիրատվությունները հրապարակելը

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են պարտադիր պահանջ սահմանել առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով հրապարակեն տեղեկատվություն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքի նախագծում:

Ըստ առաջարկի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը (1000x100=100.000) գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն այս հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը և խթանել դրանց նկատմամբ հասարակական վերահսկողությունը:

«Բազմաթիվ են դեպքերը, երբ մասնավոր հատվածի կողմից համայնքներին կատարվում են օրենքով չարգելված նվիրատվություններ՝ ամենայն հավանականությամբ ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որևէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում։ Այս օրինագիծը մասնավոր ընկերությունների և համայնքների՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձանց միջև նմանօրինակ կասկածելի գործարքների բացառման նպատակ է հետապնդում»,- ասված է նախագծում:

Տեղեկացնենք, որ «ՏԻՄ մասին» օրենքի համաձայն՝ համայնքի սեփականությունը գոյանում է`

  • պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց,
  • համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից,
  • համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից,
  • համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից,
  • բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպությունների նվիրատվություններից,
  • օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հավելենք, որ նախագիծը դեռևս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը չի ստացել, հետևաբար դեռ չի կարող ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter