HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանի նախկին վարորդին և օգնականին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին  հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. կրթության և գիտության նախարարի (Արմեն Աշոտյանի, խմբ.) վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով  օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, վերջինս, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է «նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, համապատասխան փաստաթղթերում կազմակերպությունների տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հակառակի վերաբերյալ կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և աշխատավարձի, այլ վճարումների ձևով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված և դուրսգրված ընդհանուր 9․6մլն ՀՀ դրամ գումարը: 

Քրեական գործը ԱԲ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ, 38-179-ի 2-մասի 1-ին և 3-րդ կետեր (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) և ԳԳ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։ 

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի հափշտակության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցավոր արարքներ կատարելու կապակցությամբ որոշումներ են կայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի, «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի նախկին պարետի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով նախկին տեղակալի, կադրերի նախկին տեսուչի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի, կադրերի տեսուչի և կարիերայի ուղղորդման պատասխանատուի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրենի տեղակալի, նույն ՊՈԱԿ-ի վարորդի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter