
Արման Բաբաջանյանն առաջարկում է օրենքով արգելել ՊՈԱԿ/ՀՈԱԿ ղեկավարներին աշխատանքի ընդունել մերձավոր անձանց
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում՝ նպատակ ունենալով բացառել պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (ՀՈԱԿ, ՊՈԱԿ) շահերի բախման և հնարավոր հովանավորչությունների դեպքերը: Պատգամավորն առաջարկում է օրենքով ամրագրել, որ պետական կազմակերպության գործադիր մարմինը չի կարող աշխատանքի նշանակել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե նրանց աշխատանքը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում: Իսկ գործող կարգավորումները չեն արգելում կազմակերպությունների ղեկավարներին իրենց անմիջական ենթակայությամբ պաշտոնի նշանակել մերձավոր ազգականին:
«Օրենսդրական բացի պատճառով այժմ բազմաթիվ կազմակերպություններում կան նշանակված կազմակերպության տնօրենների հետ անմիջական ենթակայությամբ աշխատող մերձավոր ազգականներ` մասնավորապես դպրոցներում` ուսմասվարներ, գանձապետեր, մանկապարտեզներում` մեթոդիստներ, տնտեսվարներ և այլք: Այդպիսի նշանակումները հենց նշանակման ակտից սկսած առաջացնում են իրավիճակ, երբ կազմակերպության ղեկավարի գործողությունները ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»,- ասված է նախագծում:
Տեղեկացնենք, որ նախագիծը դեռևս չի ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, հետևաբար չի կարող ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել