HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորը «լայքել է» իր եղբոր մասին Վահե Գրիգորյանի գրառումը. Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով չփոխարինելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա չէր. դատավորը հայտնեց՝ ուղեկցող գումարտակից փոխանցել են, որ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Վերջինս օրեր առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանը դիմում է հասցեագրել դատարանին, որում ասվում է, որ ինքը տեղյակ է այսօրվա դատական նիստի մասին, չի ցանկանում մասնակցել, խնդրում է այն անցկացնել առանց իր ներկայության:

Դատավոր Լուսինե Աբգարյանը հետաքրքրվեց կողմերից՝ արդյոք ունե՞ն իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր: Մեղադրող և տուժող կողմերը նման հիմքեր չնշեցին, իսկ պաշտպանական կողմը նախքան դիրքորոշում հայտնելը միջնորդեց նիստը դարձնել դռնփակ, որպեսզի կարողանան ինքնաբացարկի հետ կապված հարցեր ուղղել ու դիրքորոշում հայտնել:

«Անհրաժեշտ է, որ Դուք բացահայտեք մի քանի հանգամանք՝ կապված որոշ շահագրգիռ անձերի հետ»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը:

Դատարանը որոշեց նիստի այս փուլը դարձնել դռնփակ: Քիչ անց դատական նիստերի դահլիճից դուրս եկավ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, գեներալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Վերջինս հայտնեց, որ ինքը ծանուցված է եղել նիստի մասին և ներկայացել է դատարան: Դռնփակ դատական նիստի ընթացքում Պողոսյանը հայտարարել է, որ այս գործին պետք է մասնակցի անձը, ում ազատությունը սահմանափակվել է, և մեղադրանքի կողմը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ անգամ եթե ինքը դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքեր ունենար, չէր կարող այս գործի շրջանակներում ներկայացնել դա:

Քիչ անց նիստը նորից դարձավ դռնբաց, և Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լուսինե Աբգարյանին:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, տարածել է Սերժ Թանկյանի գրառումը, որում նա գոհունակություն է հայտնել այն առիթով, որ Ռոբերտ Քոչարյանը վերջապես կալանքի տակ է: Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ Դավիթ Աբգարյանն, ըստ մամուլի հրապարակումների, մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, որը նախկինում ներկայացրել է «Մարտի 1-ի գործով» տուժողների շահերը, իսկ այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է:

Ըստ Վարդևանյանի՝ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Աբգարյանը մեկ այլ գործով ներկայացուցչություն են իրականացրել ՄԻԵԴ-ում: Բացի այդ, Վարդևանյանը նշեց, որ դատավոր Լուսինե Աբգարյանը «Ֆեյսբուքում» հավանել է՝ լայք է դրել Դավիթ Աբգարյանի աշխատանքային գործունեության ընթացքում հաջողության հասնելու մասին Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը:

Պաշտպանը նաև նշեց, որ ըստ court.am կայքում առկա տեղեկատվության՝ դատավորը դեկտեմբերի 17-ից, այսինքն՝ վաղվանից պետք է արձակուրդ մեկնի, իսկ նրա արձակուրդի ժամանակահատվածը փոխելու վերաբերյալ որևէ տեղեկություն կայքում առկա չէ: Դատավոր Լուսինե Աբգարյանը տեղեկացրեց, որ իր արձակուրդի ժամանակը փոփոխվել է:

Միջնորդության քննությունը շարունակվում է:

Լուսանկարում՝ դատավոր Լուսինե Աբգարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter