HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Օրենքի առաջ հավասար ենք անհավասարապես

Նկատել, որ դու էլ կարող ես սխալվել, արձանագրել՝ որտե՞ղ ես սխալվել ու փորձել շտկել սխալը, կարևոր է: Հակառակ դեպքում՝ տեղի կունենա այն, ինչ պատահեց Կառավարության վերջին նիստին, երբ, վարչապետի գլխավորությամբ, Կառավարության անդամները շարունակում են կկոցել աչքերը՝ իբր իրականությունն այնքան էլ պարզ չեն տեսնում, լավ չի երևում՝ ի՞նչը կամ ովքե՞ր են ձախողումների պատճառները.

«Մեր տնտեսության ընդհանուր իրավիճակի մասին հնարավո՞ր է նորմալ տեղեկատվություն ստանալ էսօր Հայաստանում։ Հնարավոր չի՛։ Ես, օրինակ, չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ․․․»,- ձեռքը ճակատին դրած՝ խորհում է վարչապետը, Կառավարության նիստին:

Նման ինտոնացիան ծանոթ է աշակերտներին, երբ արդարանում են՝ դասը չեն սովորել, քանի որ (ներեցեք) տատիկն էր մահացել:

«Այս տարվա բոլոր տնտեսական ցուցանիշները և, ընդհանրապես, ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Ես ուղիղ ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ: Ինչ հաջողություն ու ձեռքբերում մենք այսօր ունենք՝ մի քիչ, ամբողջը, 100%, ի հեճուկս բոլոր նախարարությունների։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ …Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»։

Բարձրաստիճան պետական գործիչների ելույթները, գնահատականները հասարակության հետ շփման, ուղերձներ փոխանցելու կարեւոր գործիքներ են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է հիշեցնեն Կառլոս Մեծի սուրը, որը թեև հատու էր, բայցև՝ երկար ու տափակ:

Անարդար է և անգամ վտանգավոր Կառավարության ղեկավարի կողմից պետական համակարգի աշխատակիցների՝ անաշխատունակության կանխավարկածը պնդելը: Պետական ապարատը վատ, շատ վատ, երբեմն՝ սարսափելի վատ է աշխատում, քանի որ ցածր, շատ ցածր, երբեմն՝ սարսափելի ցածր է պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը:

Գործող օրենսդրությոնը մի շարք սահմանափակումներ է դնում պետական ծառայողների առաջ՝ ծառայողական գաղտնիքի պահպանում, պետական ծառայության կոմերցիոն գործունեության հետ անհամատեղիություն և այլն: Իսկ երբ վարչապետը, նկատենք՝ օրենքի խախտումով և խտրական վեաբերմունքով, պետական համակարգի ծառայողների աշխատանքը ստորադասում է քաղաքական իր թիմի՝ նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների աշխատանքին՝ վերջիններիս գաղտնի, լրացուցիչ աշխատավարձ տալով, ինքն էլ իր հերթին նպաստում է պետական համակարգի աշխատանքի անարդյունավետությանը:

Ի՞նչ է ստացվում. Կառավարությունը պատերազմ է հայտարարում բոլորին. գիտնականները գնում են գիտահետազոտական հիմնարկ՝ սուրճ խմելու,  պետական ծառայողները չեն աշխատում, խոչընդոտում են կոռուպցիայի դեմ պայքարելու՝ Կառավարության ջանքերին, ուսուցիչները դպրոցներում զբաղված են աշակերտներին աթոռներին կանգնեցնելով և նախագահին, վարչապետին նվիրված ոտանավոր արտասանել սովորեցնելով:

Ի դեպ, երբ վարչապետը դեկտեմբերի 3-ին Արարատի մարզի Ռանչպար գյուղ էր գնացել՝ մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու, մանկապարտեզի երեխաները վարչապետի առաջ ամառային զգեստով պարում էին, իսկ շուրջբոլորը՝ մանկապարտեզի վարիչ, Կառավարության չափազանց հարգարժան ներկայացուցիչները տաք վերարկուներով էին: Սառնամանիքին ամառային հագուստով պարելն, ի միջի այլոց, առողջության համար կրկնակի վտանգավոր է, քան աթոռին կանգնելն ու նախագահին կամ վարչապետին նվիրված ոտանավոր արտասանելը:

Մեղքը բարդել բոլորի վրա՝ չնկատելով սեփական բացթողումները, չափազանց հում վարքագիծ է:

Պետական համակարգը վատ է աշխատում, որովհետև Կառավարությունը հստակ չի պատկերացնում՝ հասարակական հարաբերությունների ո՞ր ոլորտներն ունեն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն, նորմատիվային ո՞ր ակտերով է հնարավոր կարգավորել այս կամ այն խնդիրը:

Մեկ էլ հանկարծ օրենսդրական այնպիսի նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվում, որ տարբեր ոլորտների մասնագետներ, փորձագետներ ապշած՝ ձեռքերն են տարածում: Ոլորտների կարգավորման հետ բացարձակ կապ չունեցող նախագծեր՝ առողջապահության,  շրջակա միջավայրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներ…Կարճ ասած՝ օրենսդրական փոփոխություններ են անում այնտեղ, որտեղ դրամաշնորհ պոկելու հնարավորություն կա՝ առանց հասարակական քննարկման, առանց լուրջ փորձագիտական ուսումնասիրության:

Հասարակության բոլոր շերտերի հասցեին արդեն վարչապետի մակարդակով մեղադրանքներ են հնչել՝ ծույլ են, պրոֆեսիոնալ չեն, սաբոտաժ են անում, ուզում են կասեցնել հեղափոխության ընթացքը: Ու, ինչպես նախկինում էր, այժմ էլ ակնհայտ են նույն խմորումները՝ հասարակության տարբեր՝ իրարամերժ շերտերին սկսում է միավորել իշխանությունների վարքի հանդեպ տարակուսանքը, հիասթափությունը, զանազան համեմատություններ են արվում նախկինների հետ: Այս դժգոհությունը իշխանությունը նկատում է, սակայն հետևություններ անելու փոխարեն՝ մեղավորներ է փնտրում Կառավարության շենքից դուրս:

Ովքե՞ր են նախկինները, ովքե՞ր են նորերը, նախկինները նույն նորե՞րն են, թե՞ նորերն են հին նախկինները: Սա շատ նման է Ֆազիլ Իսկանդերի «Ճագարներն ու վիշապները» ֆանտաստիկ հեքիաթին:

Վիշապներն ու ճագարները՝ բացարձակ հակադրությամբ հանդերձ, մեկ ամբողջություն են: Դատեք ինքներդ. ճագարը, որը մշակվում էր վիշապի որովայնում, ինքն էլ, փաստորեն, դառնում էր վիշապի մի մասը: «Մենք,- մտածում էին վիշապները,- փաստորեն, ճագարներ ենք՝ նախկինում, երբ նրանք դեռ ողջ են, ճագարներն էլ՝ ապագա վիշապներ են, քանի որ մեր որովայնում նույնանում են մեզ հետ»: Վիշապների ու ճագարների երկրում ևս հեղափոխություն է, բայց, միևնույն է, թե՛ ճագարները, թե՛ վիշապները ափսոսանքով ու կարոտով են հիշում հին ժամանակները: Ճագարներն իդեալականացնում էին նախահեղափոխական՝ հիպնոսի դարաշրջանը, քանի որ այդ ժամանակ վիշապները նրանց կուլ էին տալիս՝ նախապես հիպնոսացնելով, և ճագարները մեռնում էին՝ առանց ցավի ու դիմադրելու, ոչ թե խեղդամահ լինելով, ինչպես հիմա էր: Վիշապների համար ևս հիպնոսի շրջանը երանելի էր՝ որսն անհամեմատ հեշտ էր. «Ապրո՜ւմ էինք»,- երազկոտ հոգոց էին հանում ճագարները: «Կարգուկանոն կար»,- հիշում էին վիշապները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter