HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Հափշտակություն սեփական գրպանից

«... Գործով ք ննիչ Մաղաքյանն ակնհայտ հայտարարեց, որ Սերգոն անպայման պետք է նստի: Ինձ ձեռք չեն տա, ուղղակի պայմանական 1-2 տարի կտան, բայց պետք է ցուցմունք գրեմ, որ խոշոր գումար յուրացնելու նպատակով հանցավոր համաձայնության եմ եկել Սերգոյի հետ: Բայց դա ի՞նչ հափշտակություն է, որ սեփական գրպանից այդքան գումար ենք ներդրել բազայի շինարարության համար: Ի վերջո, եթե միասին ենք իրականացրել, ինչպե՞ս են իմ մասը գործից անջատում ու մենակ Սերգոյին նստեցնում: Հետո հասկացա, թե ինչու էր հենց Սերգոյին պետք կալանավորել: Նրանց առեւտրական բազան էր հարկավոր ...»,- պատմում է «Աջիկլլեան» ՍՊԸ տնօրեն Արամայիս Եղիազարյանը:

1988-ի երկրաշարժից հետո Շիրակում առեւտուրը քիչ թե շատ զարգացնելու ու գյումրեցու հոգսը թեթեւացնելու նպատակով Ախուրյանի միջշրջանային բազայի տնօրեն Սերգո Սերգոյանը եւ «Աջիկլլեան» ՍՊԸ տնօրեն Արամայիս Եղիազարյանը 1996-ի սեպտեմբերին սկսում են մեծածախ առեւտրով զբաղվել: «Աջիկլլեան»-ը արտերկրից ներմուծված ու Հայաստանից արտահանված ապրանքների մեծածախ եւ մանրածախ առեւտուր իրականացնելու նպատակով Սերգոյանի տնօրինած առեւտրական բազայում վարձակալում է երկու պահեստ եւ մեկ աշխատասենյակ: Այդ պահեստներ է տեղափոխում 80 տոննա մոդուլի դետալներ: Սակայն կիսաքանդ ու կեղտոտ բազայում դժվար էր ապրանքները պահել, ուստի Եղիազարյանը եւ Սերգոյանը որոշում են ամբողջ բազան, այդ թվում եւ վարձակալած պահեստները, վերանորոգել: «Պահեստը սառնարաններ ուներ, ինչն էլ թույլ էր տալիս տոննաներով սննդամթերք պահել, բացի այդ, կայարանին էր մոտ, ուներ նորմալ աշխատող երկու շոգեքարշ եւ այլն: Մի խոսքով, մեր նպատակն էր գյումրեցիներին հնարավորություն տալ քաղաքակիրթ պայմաններում ապրանքներ պահեստավորել եւ առեւտուր կազմակերպել»,- ասում է Արամայիս Եղիազարյանը:

Սերգոյանը դիմում է առեւտրական բազայի կենտրոնական գրասենյակ' Հայկոոպի վարչություն, եւ խնդրում մասնագետներ ուղարկել շինարարական նախահաշիվները կազմելու համար: 1997թ.-ի աշնանը ՀՀ սպառողական կոոպերացիայի վարչությունից ժամանում են Երեմյան եւ Ղափանցյան ազգանուններով մասնագետները, ովքեր «Աջիկլլեանի» մասնագետ Պապիկ Հարությունյանի եւ շինարարական աշխատանքներն իրականացնող «Ռաֆայել» արտադրական կոոպերատիվի նախագահ Գագիկ Դրամբյանի հետ զննում են տեղամասը, կազմում թերությունների սեւագիր ակտ, այնուհետեւ մեկնում Երեւան' նախահաշիվները կազմելու եւ նախաշինարարական փաստաթղթերն օրինական տեսքի բերելու համար: 1998-ի հունվար-փետրվար ամիսներին Ախուրյանի միջշրջանային բազա են ուղարկվում Հայկոոպի կողմից շինարարական նորմերը հաստատող փաստաթղթերը, նախահաշիվներն ու թերությունների ակտը: Սակայն բոլոր շինարարական ակտերը ֆինանսավորելու համար բազաների կենտրոնական գրասենյակը պետք է նիստ գումարեր եւ հարցը դներ քննարկման: Մինչ Հայկոոպը պաշտոնապես կքննարկեր ֆինանսավորման հարցը, ներքին կարգով հանձնարարում է սկսել շինարարությունը' ներկայացված ակտերի հիման վրա հետագայում ֆինանսավորելու երաշխիքով: 1998-ի ապրիլին «Ռաֆայել» ԱԿ-ն սկսում է շինարարական աշխատանքները: Շինանյութեր, վառելիք կամ տեխնիկա ձեռք բերելու համար Դրամբյանը բազմիցս դիմում է Սերգոյանին եւ Եղիազարյանին: Եվ քանի դեռ Երեւանից ֆինանսավորում չկար, Սերգոյանն իր անձնական միջոցներից «Ռաֆայելին» կանխավճար է տալիս 1 միլիոն 200 հազար դրամ եւ 1 միլիոն 410 հազար դրամի էլ ապրանք (կետչուպ, տոմատ), ընդհանուր առմամբ' 2 միլիոն 610 հազար դրամ: Շինարարական աշխատանքները շարունակվում են մինչեւ 98-ի սեպտեմբերը: Այդ ընթացքում կազմվում են ստուգման, ընդունման եւ հանձնման ակտեր, ինչպես նաեւ' վճարման տեղեկանք, որտեղ պատվիրատուն' Ախուրյանի բազան, համարվում է վճարող կողմ, իսկ «Ռաֆայելը»' ստացող: Կարգի համաձայն' պատվիրատուն երրորդ կողմ հանդիսացող ընկերությանը' «Աջիկլլեանին», որպես միջնորդ ( ենթակապալառու ) պետք է վճարեր շինարարական աշխատանքների վրա ծախսված գումարի 3 %-ը: Սակայն ֆինանսավորման ձգձգման պատճառով բոլոր 3 կազմակերպությունները կնքում են պայմանագիր, դրան կից հավելված եւ ֆինանսական պարտավորություն, որով պատվիրատուն' Հայկոոպը, պարտավորվում է կոնկրետ ժամկետում վճարել գումարի մյուս մասը, իսկ ուշացնելու դեպքում' նաեւ տույժ: Ըստ պայմանագրի' «Աջիկլլեան»-ը պարտավորվում էր հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո «Ռաֆայել»-ի տնօրենը բազայի տնօրենից պահանջում է գումարի մնացած մասը' 9.693.496 դրամ: «Աջիկլլեանի» տնօրեն Եղիազարյանը Սերգոյանի խնդրանքով վճարում է Դրամբյանին' որոշ մասը դրամով, որոշն էլ' բազայի վարձակալած պահեստում պահվող մոդուլի դետալներով: Այսպիսով' Եղիազարյանը «Ռաֆայելին» վճարած գումարը պետք է ստանար Հայկոոպից: Որոշ ժամանակ անց Եղիազարյանին ու Սերգոյանին կանչում են Հայկոոպ, զննում բոլոր փաստաթղթերը եւ հայտարարում, որ շինարարության համար վճարումները, տույժերի հետ միասին, կլինեն միայն բազայի սեփականաշնորհման ավարտից հետո: Ընդհանուր գումարը կազմում էր 12 միլիոն 303 հազար 496 դրամ: Բայց, որպեսզի Հայկոոպի վարչությունն առավել սեղմ ժամկետներում փոխանցեր գումարը, Սերգոյանն ու Եղիազարյանը փաստաթուղթ են ստորագրում, թե իբր Սերգոյանն իր սեփական գումարից արդեն վճարել է Եղիազարյանին, եւ Հայկոոպն այդ գումարը պետք է վճարեր Սերգոյանին: Թեեւ բազայի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին 1998-ի վերջին, մինչեւ 2002թ. Հայկոոպը վճարումը չի կատարում:

2002-ին Շիրակի մարզի դատախազությունը որոշում է ստուգումներ ( կոնտրոլ չափումներ ) անցկացնել բազայում: Արդյունքում հարուցվում է քրեական գործ, որով Արամայիս Եղիազարյանը եւ Սերգո Սերգոյանը մեղադրվում են առանձնապես խոշոր գումար (9 միլիոն դրամ) հափշտակելու մեջ: Դատախազության ստուգումներով պարզվում է, որ բազայում «ընդամենը 3 միլիոնի աշխատանք է կատարվել, բայց 12 միլիոնի ակտ է լրացվել»: Քրեական գործում առկա են շինարարական աշխատանքների կ ատարման մասին ստուգումների երեք իրարամերժ եւ միակողմանի ակտեր. առաջին ակտը կազմվել է Հայկոոպի վարչության հսկիչներ Կառլեն Ադամյանի եւ Ռուբիկ Հայրապետյանի կողմից շինարարությունը կատարելուց 2 տարի անց, որտեղ նշվում է, որ շինարարությունը կատարված է: Երկրորդ ակտը, դատախազության դիմումի հիման վրա, կազմել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, այսպես կոչված, «մասնագիտական հանձնաժողովը», որը բաղկացած է եղել մեկ ռեւիզորից' Խորեն Ասատրյանից: Ակտով արձանագրված է, որ «աշխատանք ընդհանրապես չի կատարվել»: Իսկ երրորդ ակտը, գ րված նույն Խորեն Ասատրյանի կողմից, հաստատում է, որ բազայում կատարվել են 3 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: «Քննիչին ասացի, որ տարածքի նորմալ զննում չի կատարվել, որ սխալ ակտեր են կազմված, որ իսկապես ահռելի աշխատանք ենք իրականացրել, վկայող բոլոր փաստաթղթերը կան, նա էլ պատասխանում է, թե ինչ այդ պահին տեսել է արված, այն էլ գրել է: Բայց որ արդեն ավարտել ենք, ի՞նչը պետք է տեսներ: Հենց դրա համար են փաստաթղթերը, ակտերն ու փորձաքննությունները: Միայն աչքի տեսածով կամ կարծիքով քրեական գո՞րծ են հարուցում: Ասում է, թե նախկինում կատարված աշխատանքները նոր արածի տեղ ենք ներկայացնում: Մի խոսքով, հասկացա, որ փող են ուզում, ես էլ ասացի, որ Սերգոն չի կարող վճարել, բայց ես կարող եմ: Քննիչն էլ, դատախազն էլ խոսքները մեկ արած հայտարարեցին, որ անկախ ամեն բանից' Սերգոն նստելու է, այդպես է պետք... »,- ասում է պրն Եղիազարյանը:

Միայն ռեւիզորի գրած ակտի հիման վրա, առանց մասնագիտական զննման կամ հետաքննության, 2002թ.-ի օգոստոսի 22-ին Սերգոյանին կալանավորում են: «Ինձ ասացին, որ իրենց բազան է պետք, որ ես չեմ կարող ապացուցել իմ անմեղությունը, որ, այսպես թե այնպես, պետք է նստեմ: Ես հասկացա, որ էլ ելք չունեմ, որ նստելու եմ, բայց Արամն էլ է տուժելու ինձ հետ: Դրա համար էլ «մեղքս խոստովանեցի», որպեսզի պատժաչափը փոքր լինի, եւ հայտարարեցի, որ Արամը ոչինչ չգիտեր»,- ասում է Սերգո Սերգոյանը: Այդպիսով' Եղիազարյանին վերաբերող մասը գործից անջատում են, եւ նրա նկատմամբ «կեղծ փաստաթուղթ» կազմելու մեղադրանք են ներկայացնում ( խոսքն այն փաստաթղթի մասին էր, թե Սերգոյանն իր սեփական գումարից Եղիազարյանին վճարել է «Ռաֆայելին տված 9.693.496 դրամը )' դատապարտելով մեկ տարի պայմանական ազատազրկման: Սակայն Եղիազարյանը դիմում է վերաքննիչ դատարան, եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնն ապացուցում է, որ, իրոք, նշված գումարի շինարարություն է կատարվել: Արամայիս Եղիազարյանն արդարացվում է:

Սերգոյանին կալանավորելուց անմիջապես հետո բազայի տնօրեն է նշանակվում բազայի հացի գործարանի տնօրեն Հրաչ Հովհաննիսյանը: Վերջինս Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Մարտին Սուքիասյանի ալյուրի գործարանից պարտքով ալյուր է վերցնում, աշխատեցնում բազայի հացի գործարանը, դրանից ստացված գումարը յուրացնում, իսկ Մարտին Սուքիասյանին պարտքի դիմաց «աճուրդով» (Սուքիասյանից բացի այլ մասնակից չի եղել ) հանձնում ողջ բազան: « Մարտին Սուքիասյանն էլ կոպեկներով ձեռք բերած ահռելի բազա ն իսկական ավերակի է վերածում: Դեռ դատաքննությունը չավարտված' գնացինք բազա չափումներ անելու, ու ի՞նչ տեսնենք. այն ամենը, ինչը բազայի բալանսում չկա, քանդել ու վաճառում է, նույնիսկ շենքերը, գնացքի գծերը, շոգեքարշերը, մի խոսքով' ամեն հնարավոր բան: Բազմաթիվ միջնորդագրեր ենք գրել, Հայկոոպի վարչությունն էլ ուր ասես, որ չի դիմել, որ բազան չավիրի, բայց ի՞նչ օգուտ, իր սեփականությունն է: Վաճառել է նույնիսկ «Ռաֆայել» ԱԿ-ի վաղամեռիկ տնօրեն Գագիկ Դրամբյանին աշխատանքի դիմաց հանձնված մոդուլի դետալները: Դրամբյանի հայրը դատարանին ինչքան էլ միջնորդագիր ներկայացրեց, դատավորը չլսեց' պատճառաբանելով, որ դա գործին չի վերաբերում»,- պատմում է Արամայիս Եղիազարյանը:

2003թ.-ի մայիսի 15-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Սերգո Սերգոյանին ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասե րով (Գույքի հափշտակումը յուրացնելու, վատնելու կամ պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով) դատապարտում է 2 տարի ազատազրկման' անձնական գույքի մասի բռնագրավմամբ: Սերգոյանը պատիժը կրել է ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային քրեակատարողական հիմնարկում: Իսկ դատարանի վճիռը չի բողոքարկել, որովհետեւ «իրեն մեղավոր էր ճանաչել»: Մինչ այժմ Սերգո Սերգոյանի ամբողջ գույքը կալանքի տակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter