HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղական բիզնեսի վարկավորում՝ անհամեմատ ցածր տոկոսադրույքներով եւ անհամեմատ երկար ժամանակով

Նկատի ունենալով մարզային բնակչության մեծ հետաքրքրությունը գյուղատնտեսական վարկերի նկատմամբ՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակի գյուղատնտեսության եւ բնապահպանության ծրագրերի վերլուծաբան Արտավազդ Հակոբյանին խնդրեցինք մանրամասնել ՀԲ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով 2005թ. ՀՀ-ին հատկացված 20 մլն դոլար վարկի էությունը:

- Ո՞րն է այս վարկի առանձնահատկությունը:

- Ծրագիրն իր մեջ ներառում է բանկերի միջոցով վարկերի տրամադրում գյուղական բիզնեսին եւ մի այլ բաղադրիչ՝ դրամաշնորհների տրամադրում համայնքներին եւ ագրոբիզնեսին: Խոսքը գյուղատնտեսության զարգացման երեք հիմնական ուղղությունների մասին է: Վարկի հիմնական նպատակը փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելն է՝ բարելավելով գյուղացիական տնտեսությունների մուտքը շուկաներ եւ խթանելով պետական ու մասնավոր ներդրումներն այս ոլորտում: Վարկն առաջին հերթին նպատակաուղղված է գյուղացիական տնտեսություններին եւ իր մեջ ներառում է հետեւյալ ծրագրերը՝

1.խորհրդատվական համակարգի բարելավում. գյուղատնտեսությունը վարելու տարբեր գործողությունների հետ կապված անվճար խորհրդատվություն է տրամադրվելու տնտեսություններին, որպեսզի վարկավորումն ավելի նպատակային լինի:

2. Սերմերի շուկայի բարեփոխում. սերմերի վերաբերյալ օրենսդրությունը 180 աստիճանով փոխվել է, համապատասխանեցվել միջազգային չափանիշներին: Միջազգային ամենաբարձր չափանիշներին են համապատասխանեցվելու նաեւ Հայաստանում սերմերի արտադրության, փորձարկման եւ այլ կարողությունները:

- Ի՞նչ կտա այս վարկային ծրագիրը գյուղացուն, եւ ո՞վ կարող է օգտվել վարկից:

- Ծրագիրը կավելացնի ֆերմերների գիտելիքները տնտեսությունը վարելու ուղղությամբ, հնարավորություն կտա գնել բարձրորակ արտադրության սերմեր ու տնկանյութ: Հավաստագրման ընթացակարգ կլինի, որը գյուղացուն հնարավորություն կտա տարբերակել, թե որն է ամենաբարձր որակի սերմը կամ տնկանյութը: Նախկինում գյուղացիները քիչ տեղեկացված կամ ուղղակի խաբված էին այս հարցում:

Վարկ ստանալու համար կարող են դիմել եւ՛ ձեռնարկությունները, եւ՛ անհատ ֆերմերները, եւ՛ անհատ գյուղացիական տնտեսությունները: Պոտենցիալ դիմորդները գյուղատնտեսությամբ զբաղվողներն են. մշակում, իրացում, փաթեթավորում, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված է գյուղատնտեսության հետ: Բիզնես ծրագրերի հիման վրա բանկերը կտրամադրեն մինչեւ 150 հազար դոլարի վարկ: Վարկը տրամադրվելու է տեղական բանկերի միջոցով: Ըստ իրենց հնարավորությունների, աշխատանքի արդյունքների եւ պատրաստակամության՝ ընտրվել է 5 բանկ՝ Հայգյուղփոխբանկը, Արդշինինվեստբանկը, Կոնվերսբանկը, Ինեկոբանկը եւ Անելիքը: Նրանց միջոցով Հայաստանի տարածքում գտնվող բոլոր գյուղատնտեսական ձեռնարկությունները եւ գյուղատնտեսական վերամշակումով զբաղվող ձեռնարկությունները կարող են դիմել երկարաժամկետ վարկային միջոցներ ստանալու համար: Մինչեւ այսօր Հայաստանում վարկային միջոցները, հատկապես գյուղատնտեսությունում, տրամադրվել են 2-3 տարով, եւ շատ հազվադեպ՝ 4-5 տարի ժամկետով: Բացի այդ, վարկերը եղել են բարձր տոկոսադրույքներով:

Այս ծրագրի շնորհիվ երկարաժամկետության խնդիրն է լուծվում, վարկերը կտրամադրվեն մինչեւ 7 տարի ժամանակով: ՀԲ-ն նաեւ բանկերին օժանդակություն կցուցաբերի, որպեսզի նրանք կարողանան ավելի ճշգրիտ գնահատել բիզնես ծրագրերը, ավելի լավ պատկերացնել գյուղատնտեսությունը: Վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու պատճառներից մեկն այն է, որ բանկերը թյուր կարծիք ունեն գյուղատնտեսության մասին, ոլորտի ռիսկայնությունը գերագնահատված է: Բանկերը, երբ այդ գիտելիքները ձեռք բերեն, կկարողանան վարկավորման վերաբերյալ ավելի հստակ որոշումներ ընդունել, եւ տոկոսադրույքները կիջնեն:

Այս վարկը կառավարությունը բանկերին տրամադրելու է ավելի ցածր տոկոսով, քան բանկերը սովորաբար ներգրավում են, դա էլ հնարավորություն կտա վերջիններիս այս ծրագրով նվազեցնելու վարկային տոկոսները: Մենք գյուղական ֆինանսավորման բաղադրիչի շրջանակում համագործակցում ենք Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD-ի հետ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գյուղատնտեսության ֆինանսավորման կառույցը, որը ՀԲ-ից ստացած միջոցները տրամադրելու է բանկերին, վերջիններս էլ իրենց տոկոսադրույքներով կտրամադրեն գյուղացուն: Վարկն առայժմ չի տրամադրվում, որովհետեւ ֆիննախարարությանն առաջարկել ենք այս կառույցի կանոնադրությունը փոփոխել եւ համապատասխանեցնել մեր պահանջներին: Փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ է եւ պետք է հաստատվի կառավարության որոշումով: Հաստատվելուց անմիջապես հետո կառավարությունը պայմանագրեր կկնքի բանկերի հետ, եւ բանկերը կսկսեն վարկը տրամադրել:

- Դրամաշնորհի համար ո՞վ կարող է դիմել:

- Ծրագրով կտրամադրվեն նաեւ մրցակցային դրամաշնորհներ գյուղատնտեսության բիզնեսի զարգացման համար: Անհրաժեշտ է, որպեսզի դրամաշնորհի համար դիմած ձեռնարկությունների առաջարկի հիմքում լինեն նորարարություններ, որը նոր մոտեցում, նոր շուկայական կապիտալի հաստատում կխթանի եւ, որ ամենակարեւորն է, այդ նորարարությունը կընդօրինակեն մյուսները: Այդ նորարարությունը պետք է լինի տնտեսապես արդյունավետ եւ շուկա ունենա: Սրա միջոցով նախատեսվում է գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացում, նոր արտադրական տեխնոլոգիաների, մեթոդների ներդրում գյուղատնտեսությունում, նոր արտադրատեսակների փաթեթավորում, շուկայական կապեր, մարկետինգի բարելավում եւ այլն:

Դրամաշնորհի համար կարող են դիմել գրանցված եւ չգրանցված ֆերմերային խմբեր: Կարող են լինել գրանցված ֆերմերային կոոպերատիվներ, արտադրական ձեռնարկություններ, որոնք զբաղված են գյուղատնտեսության ոլորտում կամ զբաղվում են գյուղմթերքի վերամշակումով՝ ՍՊԸ, ՓԲԸ եւ այլն: Նրանք պետք է ցույց տան կապը գյուղմթերք արտադրողի հետ: Եթե, ենթադրենք, կաթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն է, նա պետք է ցույց տա, որ կաթը գնում է այդ տարածքի ֆերմերներից՝ գյուղատնտեսական ձեռնարկություններից եւ սերտ կապեր ունի նրանց հետ: Նպատակներից մեկն էլ ֆերմերների միջեւ կապերի հաստատումն է:

- Ծրագիրը ներառո՞ւմ է իրավական խորհրդատվություն ֆերմերային խմբերի մենեջմենթը կազմակերպելու համար:

- Ծրագրով նաեւ կառավարման ծառայություններ են նախատեսված, որով խորհրդատվություն կտրամադրվի, թե ինչպես դիմել դրամաշնորհի, ինչպես դիմել վարկի համար: Յուրաքանչյուր մարզում գոյություն ունի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն (ԳԱՄԿ), որն ունի խորհրդատուների ցանկ եւ կարող է անվճար ծառայություն տրամադրել: Մրցակցային դրամաշնորհների համար պարտադիր պայման է, որ շահառուն կապ հաստատի որեւէ խորհրդատուի հետ, որը կաջակցի իրեն ծրագիրն իրականացնելիս:

Այս կենտրոններն ունեն այդ հնարավորությունը, միգուցե նրանց մոտ իրավախորհրդատու չլինի աշխատակազմում, սակայն նրանք կարող են մասնագետ հրավիրել, որն անվճար սեմինար կանցկացնի: Եթե ֆերմերների ու ձեռնարկությունների խումբ է դիմում միանգամից, եւ թեման հետաքրքիր է շատերի համար, այդ դեպքում դա անվճար է իրականացվում: Իսկ եթե բարձրացված հարցը 1-2 ֆերմերի է միայն հետաքրքում, շատ մատչելի գներով նրանք կարող են դիմել տարբեր տեսակի խորհրդատվություն ստանալու համար:

- Դրամաշնորհը ո՞վ է տրամադրում:

- Մրցակցային դրամաշնորհների առաջին փուլն արդեն իրականացվել է, եւ դրանք տրամադրում է Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծված Գյուղբարեփոխումների աջակցման ծրագրի իրականացման գրասենյակը, որն այս ծրագրի պատասխանատուն է: Դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ հայտարարություն է տրվում: Մարզերում կլինեն կոնտակտային անձինք, ովքեր դիմողներին ուղղություն ցույց կտան հայտերը ներկայացնելու վերաբերյալ: Ստեղծվել է մրցակցային դրամաշնորհային հանձնաժողով, որում ընդգրկվել են ներկայացուցիչներ ԱԺ-ից, ՀԿ-ներից, ֆերմերային խմբերից, այսինքն՝ բավականին ներկայացուցչական հանձնաժողով է, որը վերջնական որոշում է ընդունում հաղթող հայտերի մասին:

Դրամաշնորհային մրցույթի առաջին փուլն իրականացվել է 3 մարզում՝ Լոռի, Արագածոտն, Շիրակ, որտեղ 9 հայտ արդեն ընտրվել է: Երկրորդ փուլը տեղի կունենա 4 մարզում՝ Սյունիք, Արարատ, Գեղարքունիք, Տավուշ:

- Վարկավորման աշխատանքները միայն նշված մարզերո՞ւմ են կատարվելու, թե՞ նաեւ այլ մարզերում:

- Համայնքային դրամաշնորհները տրամադրվելու են միայն վեց մարզերում' Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն, Շիրակ: Մրցակցային դրամաշնորհներն էլ տրամադրվելու են փուլերով, ըստ մարզային խմբերի: Սկզբնական շրջանում ցանկանում ենք բարելավել դրամաշնորհների տրամադրման գործընթացը, որպեսզի մոնիտորինգը ավելի դյուրին լինի: Միգուցե երրորդ-չորրորդ փուլից մյուս մարզերում եւս նմանատիպ մրցույթներ հայտարարվեն:

- Բացի անհատ ֆերմերներից, գյուղական համայնքն ինքը կարո՞ղ է դիմել վարկ ստանալու համար:

- Մարզերի ընտրության հարցում հիմնականում դեր են խաղացել աղքատության, ենթակառուցվածքների մակարդակները եւ Երեւանից հեռու գտնվելը: Ընտրվել է 6 մարզ՝ Լոռի, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ: Մարզերում ընտրվել են համայնքներ, այսինքն՝ 830 համայնքները գնահատվել են ըստ օբյեկտիվ չափանիշների՝ բնակչությունը, գյուղատնտեսական պոտենցիալը, աղքատության մակարդակը, Երեւանից կամ մարզկենտրոնից հեռու գտնվելը, բարձրությունը ծովի մակարդակից եւ այլն: Նշված մարզերից ներդրումների ծրագրին մասնակցելու համար ընտրվել են այն համայնքները, որոնք ունեն գնահատականների բարձր ցուցանիշ, այսինքն՝ գյուղատնտեսական բարձր պոտենցիալ, կարիք ունեն ներդրումների, ունեն համապատասխան ներուժ, որը կկարողանա զարգացման ծրագրերին մասնակցել: Համայնքի 1 մարդու հաշվարկով նախատեսվում է կատարել 80 դոլարի ներդրում, միջինում սա կկազմի 60 հազարի ներդրում մեկ համայնքի հաշվով:

Կիրականացվեն եւ՛ ենթակառուցվածքների, եւ՛ բիզնես-ծրագրեր: Ենթակառուցվածքի մեջ կմտնի խմելու եւ ոռոգման ցանցի բարելավում կամ ճանապարհների նորոգում, որոնք համայնքը կապում են մայրուղու հետ կամ համայնքի արտադրական դաշտերն են իրար կապում: Բիզնես-ծրագրերը ենթադրում են արտադրական ձեռնարկությունների, արտադրական կապերի ստեղծում: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզի 11 համայնքներում փորձնական ծրագրեր են իրականացվել, որով ցանկացել ենք պարզել, թե ինչպես է աշխատում այս մոտեցումը: Համայնքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք դասակարգվում են ըստ առաջնահերթությունների: Կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք բյուջեում կտեղավորվեն:

Համայնքների մեծ մասն ընտրել է խմելաջրի ցանցավորում, մեքենատրակտորային պարկի նորացում, որը կդառնա համայնքի սեփականությունը: Վերջինիս պարագայում պահանջ կդրվի, որպեսզի մեքենատրակտորային պարկի շահագործումն ապահովվի համայնքի կողմից: Այսինքն, եթե մոնիտորինգը ցույց տա, որ համայնքին ծառայելու փոխարեն մեքենան հարեւան գյուղերում է աշխատում՝ գործարքը չեղյալ կհամարվի: Հեռավոր գուղերից մեկը, որը կտրված է նաեւ շրջակա գյուղերից, ցանկանում է ավտոբուս ձեռք բերել, որպեսզի կարողանա ապրանքը տանել մոտակա շուկա ու վաճառել: Կան 3 գյուղեր, որոնք միավորվում են եւ ստեղծում կաթի հավաքման կետ, այս բոլոր առաջարկները ներկայումս ուսումնասիրվում են եւ հավանության են արժանացել: Աշխատանքը տարվում է այլ վայրերում, եւ համայնքները ակտիվ քննարկում են իրենց առաջնահերթությունները, որը կհաստատվի համայնքի քվեով:

- Ի՞նչ կարող են ակնկալել համայնքները վարկավորման ծրագրից:

-120 համայնք գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն կստանա: Բացի դրանից, կստանան համայնքային զարգացման ծրագրեր, որոնք իրատեսական են, եւ որոնք կկարողանան լավագույնս ծառայել համայնքային զարգացման նպատակին, ասպարեզ կբերի այլ դոնոր կազմակերպությունների: Այսինքն՝ սա մի փոքր ներդրում է համայնքում, որպեսզի նրանք կարողանան ֆինանսական միջոցներ հայթայթել եւ զարգացման ծրագրեր իրագործել: Այս ծրագիրը կարեւոր է նրանով, որ կարող է լինել մոդել, որն ուշադրության կենտրոնում է պահում ոչ թե անհատին, այլ՝ համայնքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter