HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարության բողոքարկման արդյունքում բեկանվել է Բուզանդի փողոցի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու մասին վճիռը

Երեւանի Բուզանդի փողոցում գտնվող իրենց բնակարանից 2005 թվականին պետության կարիքների համար վտարված քաղաքացիներ Էմմա Թունյանը, վերջինիս ամուսինը՝ Սաշիկ Սաֆյանը, որդիներ Գևորգ և Միհրան Սաֆյանները 14 տարի անց՝ 2019-ի փետրվարին, հասել էին առաջին ատյանի դատարանի մի վճռի, համաձայն որի՝ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել էր վճարել իրենց բնակարանի, ինչպես նաև 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումարները։

Կառավարությունը, սակայն, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է: Վերաքննիչ դատարանը Կառավարության բողոքը բավարարել է, և Թունյանի ու ընտանիքի անդամների՝ իրենց բնակարանի համար օրենքով նախատեսված համարժեք հատուցում վճարելու հայցապահանջն՝ ամբողջությամբ մերժել: Ներկայում գործը վճռաբեկության փուլում է՝ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Առաջին ատյանի դատարանը Թունյանի և մյուսների արդարացի փոխհատուցման վերաբերյալ դատական ակտը կայացրել էր այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ն արձանագրել է նրանց սեփականության իրավունքի խախտման փաստը։ Այդ ժամանակ նրանց նյութական վնասի դիմաց տրամադրվել է 30.000 եվրո գումար, որը Թունյանի և մյուսների ներկայացուցիչ, փաստաբան Կարապետ Բադալյանի խոսքով՝ բնակարանի դիմաց հատուցման ենթակա գումարի 1/10-րդն անգամ չի կազմում:

Թունյանի և նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանը «Հետք»-ին ներկայացրել է ընտանիքի՝ բնակարանից զրկվելուց մինչև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները։

Այսպես՝ Էմմա Թունյանին սեփականության իրավունքով պատկանել է Երևանի Բուզանդի փողոց 9 թիվ 6 հասցեում գտնվող 89. 25քմ մակերեսով բնակելի տունը, որը գտնվել է 240 քմ մակերեսով հողամասի վրա։

2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որով կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով հաստատվել են Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:

Բուզանդի փողոցը ներառված է եղել այդ օտարման գոտիների ցանկում:

2004 թվականի հունիսի 17-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որով թույլատրվում էր Բուզանդի փողոցի մի հատվածի կառուցապատումն իրականացնելու նպատակով պայմանագիր կնքել մասնավոր ընկերության` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ:

Մոտ մեկ ամիս անց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է համաձայնագիր, որով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին թույլատրվում էր ուղղակիորեն բանակցել օտարման ենթակա գույքի սեփականատերերի հետ, իսկ բանակցությունների ձախողման դեպքում` պետության անունից հայց ներկայացնել դատարան` գույքի հարկադիր օտարման պահանջով:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն տեղեկացրել է Թունյանին և ընտանիքի անդամներին, որ բնակարանը և վարձակալված հողակտորը լիցենզավորված գնահատման կազմակերպության կողմից գնահատվել են 34.200 ԱՄՆ դոլար, և Էմմա Թունյանին, որպես սեփականատիրոջ, առաջարկվել է ազգային արժույթով համարժեք գումար` որպես փոխհատուցում: Նրան առաջարկվել է հավելյալ 28.600 ԱՄՆ դոլարի չափով գումար` որպես ֆինանսական խրախուսանք, եթե նա համաձայնություն տա կնքելու համաձայնագիր և հանձնելու անշարժ գույքը հաջորդ հինգ օրվա ընթացքում: Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյաններին յուրաքանչյուրին առաջարկվել էր 2000 ԱՄՆ դոլար գումար՝ որպես փոխհատուցում և 1500 ԱՄՆ դոլար՝ որպես ֆինանսական խրախուսանք, սակայն նրանցից որևէ մեկն առաջարկը չի ընդունել։

2004 թվականի սեպտեմբերի 23-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության անունից հայցվորի դեմ վարույթ է հարուցել` նպատակ ունենալով ստիպել նրանց կնքելու գույքը պետության կարիքների համար հանձնելու մասին պայմանագիրը և վտարել նրանց։

Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցադիմումը, իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները՝ Էմմա Թունյանի ու մյուսների բողոքները մերժել են:

2005 թվականի մայիսի 12-ին Էմմա Թունյանին ու Սաֆյաններին վտարել են իրենց բնակարանից ու հողամասից, անշարժ գույքը վերցվել է նրանից, սակայն Էմմա Թունյանի ու մյուսների հետ պայմանագիր չի կնքվել և անշարժ գույքի դիմաց որևէ փոխհատուցում չի տրամադրվել կամ դեպոզիտ արվել ԴԱՀԿ-ում:

Վտարումից 7 տարի անց արձանագրվել է Թունյանի և ընտանիքի իրավունքների խախտման փաստը

Թունյանը և ընտանիքի անդամները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, և 7 տարի անց՝ 2012 թվականին, ՄԻԵԴ-ն արձանագրել է նրանց սեփականության իրավունքի խախտման փաստը։

Արձանագրելով  սեփականության իրավունքի խախտումը՝ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին միասին 30 000 եվրո գումար վճարել՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, և յուրաքանչյուրին ևս 1500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

ՄԻԵԴ վճռից հետո՝ Վճռաբեկ դատարանը նոր հանգամանքի հիման վրա 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ բեկանել է այն դատական ակտը, որի հիման վրա Թունյաններին վտարել են իրենց բնակարանից և օտարել նրանց հողամասը։ Վճռվել է Թունյանի ու ընտանիքի անդամների դեմ ներկայացված հայցը մերժել, սակայն բնակարանն արդեն իսկ քանդված է եղել ու, քանի որ բնակարանն այլևս հնարավոր չէր սեփականատիրոջը վերադարձնել, Թունյանը և ընտանիքի անդամները դիմել են առաջին ատյանի դատարան՝ պետության կարիքների համար վերցված գույքի դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջով:

Գործի քննության արդյունքում 2019 թվականի փետրվարի 13-ին առաջին ատյանի դատարանը վճռել է՝ «Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի, Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի, Միհրան Սաֆյանի բռնագանձել 46.533.173.9 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար հարյուր յոթանասուներեք դրամ իննսուն լումա) ՀՀ դրամ` որպես Բուզանդի փողոցում գտնվող նրանց բնակարանի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էմմա Թունյանի բռնագանձել 114 843 600 (հարյուր տասնչորս միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ` որպես 240 քմ մակերեսով հողամասի օտարման դիմաց չվճարված համարժեք փոխհատուցման գումար:

Առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Հայաստանի Հանրապետության անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել: 2019 թվականի հոկտեմբերի 4-ին բողոքը բավարարվել է՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է, փոփոխվել և Էմմա Թունյանի և մյուսների հայցն ամբողջությամբ մերժվել։

Թունյանի եւ ընտանիքի իրավունքների խախտումները շարունակվում են առ այսօր

Կարապետ Բադալյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց Թունյանի սեփականության իրավունքի խախտումները, որոնք, ըստ փաստաբանի, սկսել են 2005 թվականից և շարունակվում են առ այսօր։

Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է պատճառաբանություն, թե «Թունյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռից հետևում է, որ դրանով փոխհատուցման ենթակա գումարները սահմանվել են ոչ միայն սեփականության իրավունքի խախտման դիմաց, այլ նաև որպես դիմումատուների գույքի օտարման դիմաց արդարացի փոխհատուցում, այսինքն՝ ՄԻԵԴ-ի գործով սահմանել է հայցվորների վնասի հատուցում ամբողջ ծավալով, ինչը կատարվել է։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի վճռով արդեն իսկ լուծվել է Էմմա Թունյանի և մյուսների՝ օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի հարցը, առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ, և քաղաքացիական գործով անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննությունը:

Կարապետ Բադալյանը, սակայն, Վերաքննիչ դատարանի վերլուծությունն ու եզրահանգումն անհիմն է համարում:

«Այն վճիռը, որի հիման վրա Էմմա Թունյանին և մյուսներին զրկել են սեփականությունից, բեկանվել է, վերանայվել ու մերժվել: Այսինքն, Էմմա Թունյանին և մյուսներին սեփականությունից վտարած ու զրկած դատական ակտ այլևս գոյություն չունի, հետևաբար այն չի կարող հիմք ծառայել իրավական նշանակություն ունեցող որևէ դատողություն կամ եզրահանգում կատարելու համար: Իսկ ինչ վերաբերում է ՄԻԵԴ վճռին, ապա Եվրադատարանը ոչ մի առնչություն չունի Թունյանին սեփականությունից զրկելու հետ, այդ դատարանի վճռով չի ունեզրկվել ՀՀ քաղաքացին, այլ Եվրադատարանը արձանագրել է, որ Թունյանի ու ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ՀՀ-ն խախտել է»,- ասում է Կարապետ Բադալյանը:

Փաստաբանի խոսքով՝ Էմմա Թունյանը և մյուսները Հայաստանի Հանրապետությունից պահանջել են «հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված համարժեք փոխհատուցում՝ այսինքն՝ անշարժ գույքի՝ շուկայական արժեքից 15 %-ից ավելի գումարը, ինչը նրանց չի տրամադրվել նախկինում:

Այս պահանջն, ըստ Կարապետ Բադալյանի, հայցվորները չէին կարող ներկայացնել ՄԻԵԴ-ին, քանի որ ՄԻԵԴ իրավազորությունը չի տարածվում ներպետական օրենքների վրա և ՄԻԵԴ-ը չի կարող կիրառել ու առաջնորդվել ներպետական օրենքով անգամ այն պարագայում, երբ ներպետական օրենքն առավել բարենպաստ իրավական ռեժիմ է սահմանում, քան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերը:

Փաստաբանն ընդգծեց, որ ՄԻԵԿ-ով նախատեսված «արդարացի փոխհատուցում» և ներպետական օրենսդրությամբ նախատեսված «համարժեք փոխհատուցում» հասկացությունները տարբեր նյութաիրավական բովանդակություն ունեն, սակայն Վերաքննիչ դատարանը սխալմամբ նույնացրել է ՄԻԵԿ 41-րդ հոդվածով նախատեսված՝ «արդարացի փոխհատուցում» և «հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ «համարժեք փոխհատուցում» հասկացությունների նյութաիրավական բովանդակությունը, որի հետևանքով հանգել է գործի սխալ լուծման:

Փաստաբանը վճռաբեկ բողոքում նաև բերել է նմանտիպ այլ գործերով օրինակներ, երբ օտարված իրավունքի դիմաց ներպետական փոխհատուցման ստացված գումարին գումարվել է նաև իրավունքի խախտման համար ՄԻԵԴ սահմանած արդարացի փոխհատուցման գումարը։ Խոսքը ՄԻԵԴ «Մինասյանն ու Սեմիրջյանն ընդդեմ Հայաստանի», «Դանիելյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործերի մասին է։

Այսպիսով, ըստ Կարապետ Բադալյանի, արդեն 15-րդ տարին շարունակ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է Թունյանի և մյուսների սեփականության իրավունքը:

«Այսինքն՝ իրավունքի փաստացի խախտումը չի վերացվել և շարունակվում է, քանի դեռ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նախնական համարժեք փոխհատուցում՝ շուկայական գնից 15 % ավելի գումար որպես հատուցում չի տրամադրվել: Գույքի ոչնչացված լինելու և հողամասի զբաղեցված լինելու պարագայում այս գործով առաջին ատյանի դատարանը արդարացիորեն հիմք է ընդունել Կադաստրի կոմիտեի համանման գույքերի համար միջին շուկայական գները, որն էլ պետք է սույն գործով կիրառվի՝ իրավունքի խախտման դիմաց հատուցման չափը որոշելիս»,- ասաց Կարապետ Բադալյանը։

Եթե Վճռաբեկ դատարանը չբավարարի Թունյանի և ընտանիքի բողոքը, բնակարանից և հողամասից զրկված ընտանիքը ոչ միայն փոխհատուցում չի ստանա, այլ ՄԻԵԴ վճռով ստացած ստիպված կլինի ետ վճարել պետությանը, քանի որ դատական պաշտպանության համար պետական տուրքի գումարը գործը պարտվելու դեպքում կկազմի շուրջ 11 միլիոն դրամ:

«15 տարի է՝ պայքարում ենք Թունյանի ու ընտանիքի իրավունքների պաշտպանության համար և կշարունակենք այնքան, մինչև ոչ միայն Եվրադատարանը պաշտպանի Հայաստանի քաղաքացիներին, այլև հենց Հայաստանի Հանրապետությունը կատարի իր պարտականությունը և պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները»,- ասում է Կարապետ Բադալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter