HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սարգիս Գրիգորյան. «Ֆրանսիա եմ հասել զարտուղի ճանապարհով, բայց դա այնտեղ բուժում ստանալու միակ հնարավորությունն էր»

Անցել է 8 տարի, սակայն Ֆրանսիայում միգրանտի կարգավիճակում անցկացրած յուրաքանչյուր ժամն ու րոպեն գյումրեցի Սարգիս Գրիգորյանը հստակ է հիշում: Ասում է, ով մեկ անգամ անցել է այդ ճանապարհով, դժվար է մոռանում: «Դա ինչ-որ տեղ համակերպվելու, լռելու, հուսահատության, ակնկալիքների, հուսախաբության, հաղթանակների ճանապարհ է՝ նայած, թե ինչի համար ես գնում Եվրոպա, ինչ կարգավիճակի հետ ես համաձայնում,- նկատում է Սարգիսը,- կոնկրետ ես գնացել էի բուժման նպատակով, ու հենց վիճակս լավացավ, հետ եմ եկել: Ես երբեք չեմ ցանկացել այնտեղ հաստատվել փախստականի կարգավիճակով, թեպետ իմ Ֆրանիսա հասնելու ճանապարհը կրկնում էր էն ուղին, որին ծանոթ են շատերը»:

Բժիշկները 2011թ.-ին Սարգիսի մոտ ախտորոշել էին լիմֆատիկ հանգույցների քաղցկեղ: Հայաստանում առաջարկել էին վիրահատական միջամտություն՝ չէր համաձայնել, հիվանդության հաղթահարման նման եղանակը վստահելի չէր թվացել: Շատ ավելի վաղ Ֆրանսիա տեղափոխված հարազատները, տեղեկանալով Սարգիսի առողջական վիճակի մասին, խորհուրդ են տվել դիմել եվրոպացի բժիշկներին: «Ասին՝ արի, շատերն են գալիս, շատերին են բուժում, կարող է քո բախտն էլ բերի: Գնացի տուրիստական ուղեգրով, ուրիշ տարբերակ չկար, կարելի է ասել` զարտուղի ճանապարհով, բայց դա Ֆրանսիայում բուժում ստանալու միակ հնարավորությունն էր,- անկեղծանում է զրուցակիցս,- ուղեւորությանս մեկնակետը Իտալիան էր, առաջին երկիրը, որ պիտի մուտք գործեի՝ Չեխիան: Ես Իտալիա չհասա, մեկ կանգառ շուտ իջա»:

Ֆրանսիայում փախստականների համար նախատեսված ճամբարներ չկան՝ անօթեւանների կացարաններ են՝ առանձնացված ընտանիքների եւ միայնակ տղամարդկանց համար: Դրանցից յուրաքանչյուրը տեղավորում է 100-ից 200 մարդ: Այնտեղ ոչ անկողին են տրամադրում, ոչ էլ որեւէ այլ հարմարություն կա: Մարդիկ սեփական հագուստով պիտի քնեն, արթնանան, առավոտյան կոնկրետ նշված ժամին լքեն կացարանը, ողջ օրն անցկացնեն դրսում եւ վերադառնան դարձյալ կոնկրետ նշված ժամին: Սարգսին հարազատները թույլ չեն տվել մնալ ապաստան հայցողների համար նախատեսված կացարանում:

«Ինձ ասին, դու էդ հիվանդությամբ մի շաբաթ մնաս էդտեղ՝ կմեռնես: Դու իրավունք ունեիր կացարան մուտք գործելու գիշերը ժամը 22:00-ին եւ հեռանայիր առավոտյան ժամը 7-ին: Քեզ տալիս են քարտեզ էն վայրերի, որտեղ կան անվճար ճաշարաններ, ու որտեղ դու կարող էիր նախաճաշել, ճաշել ու ընթրել: Դրանք ցրված են քաղաքով մեկ, այնպես որ ողջ օրդ կորչում էր տեղից տեղ գնալով: Շաբաթը մեկ փախստականի կարգավիճակ ունեցողներին տալիս էին չոր սնունդ, որը հիմնականում հիպերմարկետների՝ ժամկետն ավարտվելուն մոտ սնունդն էր: Ես նայել եմ տուփերի ժամկետները, որ ասենք 5 օր է մնացել պիտանելիությանը, լինում էր նաեւ ժամկետանց սնունդ: Բայց մարդիկ գոհ էին՝ ասում են, մի քիչ էլ դիմանանք, հետո լավ է լինելու: Մնում էր հասկանալ, թե էդ լավը որն էր՝ խանութներից գողություն անելով ապրե՞լը, չնայած իմ ասածը բոլորին չի վերաբերում»,- նկատում է զրուցակիցս:

Սարգսին խորհուրդ են տվել միանգամից տեղյակ չպահել, որ ունի առողջական խնդիրներ, չթվարկել հիվանդությունները, այլ խնդրել բուժզննում անցկացնել: Բացատրել են, որ դա կարող է կասկած առաջացնել հանձնաժողովի անդամների մոտ, թե փախստականը ստում է: Առաջին իսկ բուժզննման ժամանակ, երբ Սարգիսը հազացել է ու արյուն է եկել բերանից, բժիշկները կասկածել են տուբերկուլոզ, արագ կազմակերպել են բոլոր տեսակի անալիզների հանձնումը, հետագայում հաստատել են հայ մասնագետների ախտորոշումը:

«Ես երեւի բախտավոր աստղի տակ էի ծնվել՝ գործերս շատ արագ կեղնեին,- անկեղծանում է Սարգիսը,- մեկ շաբաթվա մեջ ստացա 100 տոկոսանոց ապահովագրություն, որ միայն փախստականներին են տալիս: Եթե դու մահամերձ հիվանդ չես, ուրեմն պիտի սպասես, մինչեւ քո հետ կապված բոլոր անալիզներն անեն: Ինձ 2 ամիս ժամանակ էին տվել, տոմոգրաֆ արեցին, ասին պիտի 20 օր սպասես, բայց ես չէի կարող սպասել ու էլի ստիպված եղանք զարտուղի ճանապարհով գնալ՝ շտապօգնություն կանչեցինք, իբրեւ թե շնչահեղձ կեղնիմ,- անկեղծանում է զրուցակիցս,- սպասելն իմ հիվանդության դեպքում լավ չէր, քանի որ ուռուցքը կարող էր սեղմել թոքիս ու ասենք գիշերը չլուսացնեի»:

Սարգիսը Ֆրանսիայում մնացել է ընդամենը 8 ամիս (2011թ-ի դեկտեմբերից մինչեւ 2012թ-ի օգոստոս): Պատմում է, որ բուժումը նշանակելու պահից սկսած բժշկից հետաքրքրվել է, թե երբ կարող է վերադառնալ հայրենիք: Հարցից զարմացել են, հորդորել են չմտածել այդ մասին, այլ կենտրոնանալ բուժման վրա: «Ես որ շատ կվռազնայի հետ գալու համար, ընձի աննորմալի տեղ էին դրել, ասում էին՝ երեխեքիդ մասին մտածե, ես էլ կպատասխանեի, թե՝ կակռազ երեխեքիս մասին կմտածեմ, կին, երկու տղա թողել եկել եմ, ես պիտի անպայման հետ գնամ, որովհետեւ հայը իր հայրենիքում պիտի ապրի»

Զրուցակիցս խոստովանում է, որ գործընթացները հեշտացնելու համար ինքը ներկայացել է կեղծ անձնագրով: «Փախստականների մեծ մասը ուրիշ անուն ազգանուն ունեն, ես ինքս էլ որպես հայ չեմ ներկայացել, այլ որպես հայի ու ադրբեջանցու ամուսնությունից ծնված: Թերեւս իմ արած ամենաամոթալի քայլը դա էր, բայց ուրիշ ճանապարհ չկար ավելի արագ գործերս կարգավորելու համար»: Սարգսի պատմելով, նույն գործընթացին վերաբերող օրենքները Ֆրանսիայում փախստականի կարգավիճակում գտնվողների համար տարբեր կերպ են գործում:

«Ասենք գողության համար մի քանի անգամ բռնված փախստականն ավելի հեշտությամբ կարող էր կեցության արտոնագիր ստանալ, քան թե օրենքով, կարգով ապրողը: Իմ կարծիքով, իրանք գիտեին, որ էս օրը գալու է, որ միգրանտներին հետ են ուղարկելու իրենց երկրներ: Իրենց պետք էր մաղով մի հատ անցկացնել եւ պետքական կադրերին պահել, նրանց, որ օրինապաշտ քաղաքացիներ են: Ես հիմա բարեկամներ ունեմ Ֆրանսիայում, իրենք այլ անուն, ազգանունով են, մտածում եմ՝ ի՞նչ կլինի իրենց հետ, եթե վտարեն: Շատ վաղուց են այնտեղ, որ հետ գան, ի՞նչ են անելու՝ էստեղ ոչինչ չունեն, բացի դրանից էլ հիմա Հայաստանն օտար է իրենց»,- Սարգիսը ուսերն է թոթվում:

Եվրոպական երկրներից հայ միգրանտների արտաքսումը Հայաստան, Սարգսին ոչ այնքան տխրեցնում է, որքան՝ անհանգստացնում: «Ես ոչ ուրախանում եմ, ոչ տխրում այդ փաստից, բայց շատ անհանգստանում եմ: Էդ մարդկանց ես տեսել եմ օդանավակայանում, երբ թողել են հայրենիքը՝ անեծքը շուրթերին, նույն ձեւով էլ հետ են վերադառնում: Էդ տեսակ մարդկանցից կարելի՞ է երբեւէ դրական բան սպասել` չգիտեմ: Չեմ ասի, թե բոլորն են դժգոհ հեռացել, բայց հաստատ մեծ մասը»: Սարգիսը մասնագիտությամբ մանկավարժ է, ունի երեք զավակ: Ֆրանսիա մեկնելիս Գյումրիում էր թողել կնոջն ու երկու մանկահասակ տղաներին: Վերադարձից հետո ծնվել է աղջիկը: Ասում է՝ հայի զավակը պիտի իր հայրենիքում ապրի, որ ազգային արժեքները կարողանա պահել:

«Օտարության մեջ գողություն անելով ապրելով ո՞ր մի արժեքն են պահում իմ ազգակիցներն, ինձ համար անհասկանալի է, որ ամուսինը պատժի կնոջը դատարկաձեռն վերադառնալու համար, որ մայրն ուրախանա որդու թռցրած օծանելիքի համար: Ասենք գետինը մտնելու բան է, երբ սեւամորթ ոստիկանը բռնում է գողության պահին, իմանալով, որ հայ է, ամոթանք տալով բաց է թողնում, որովհետեւ մեծանուն Շառլ Ազնավուրի ազգակիցն է: Սա թերեւս ողբերգություն է,- նկատում է Սարգիսը,- ես շատ բան եմ տեսել ու Ֆրանսիայում եղածս ժամանակ միակ նպատակս հետ գալս էր: Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որ կարողացա եւ հիվանդությունը հաղթահարել, եւ վերադառնալ, եւ 3-րդ զավակի տեր դառնալ: Իմ հիվանդությամբ բացառում էին սերունդի շարունակությունը, բայց ի հեճուկս բոլորի՝ ծնվեց աղջիկս: Մի՞թե սա չէ իրական երջանկությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter