
«Մտածում էինք, որ հայրենիքում ավելի լավ կլինի»
ՀՀ Արտաքին գործերի նախարարության տվյալներով' Լիբանանում սկսված պատերազմի արդյունքում այս ամառվա ընթացքում Լիբանանի 774 քաղաքացի ժամանել է Հայաստան' ապաստան գտնելու նպատակով: Նրանց մեծ մասն ազգությամբ հայ է: Եկածների որոշ մասն արդեն վերադարձել է Լիբանան, մյուսները դեռեւս անորոշության մեջ են:
«Դեռ չեմ որոշել, թե ի՞նչ պետք է անեմ: Լիբանանում ոսկերիչ եմ աշխատել, բայց հիմա այնտեղ անգործություն է: Պատերազմն ամեն ինչ տակնուվրա արեց»,- պատմում է լիբանանահայ Աբրահամ Չափարյանը: Չափարյանների ընտանիքը Հայաստան է եկել օգօստոսի 3-ին: ՀՀ Միգրացիոն գործակալությունը նրանց տվել է ժամանակավոր կացության իրավունք եւ ապաստան' երեք ամիս ժամկետով: Հիմա Աբրահամը, նրա կինը եւ երկու փոքրիկ երեխաները (5 տարեկան եւ 9 ամսեկան) ապրում են Մասիվի հանրակացարանի առաջին մասնաշենքի սենյակներից մեկում:
«Լիբանանում ողնաշարս բուժելու նպատակով դիմել էի բժիշկի, բայց հաջորդ առավորտյան սկսվում է պատերազմը, եւ ինձ դուրս են գրում հիվանդանոցից, որպեսզի վիրավորների համար տեղ ազատվի: Փոքր տղաս սրտի արատ ունի, սարսափելի վախենում էր այդ ձայներից: Ստիպված' հապճեպ հավաքեցինք ինչ կարող էինք տանել եւ Հալեպով եկանք Հայաստան»,- պատմում է Աբրահամը:
Հայաստանում Աբրահամը որեւէ բժշկական օգնություն չի ստացել: Միգրացիոն գործակալությունում նրան խորհուրդ են տվել դիմել «Կարմիր Խաչ»' օգնություն ստանալու համար:
Նույն անորոշ վիճակում են նաեւ Չափարյանների հարեւանները' Լիբանանից եկած Գույումջյանների ընտանիքը, որը տասնհինգ տարի ապրել է Լիբանանում:
«Կուզեի այստեղ մնալ, բայց դրա համար աշխատանք է պետք գտնել: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց երկար տարիներ չեմ աշխատել, հիմա այդ հաշվարկային մեխանիզմներն այնքան են փոխվել, որ վստահ չեմ, թե կկարողանամ աշխատել»,- ասում է Անահիտ Գույումջյանը:
Լիբանանում Անահիտի ամուսինը քարի մշակմամբ էր զբաղվում, տուն եւ մեքենա ունեին, հիմա միակ մտավախությունն այն է, որ Լիբանանի տունը կբնակեցնեն փախստականներն ու գաղթականները, հետո չեն կարողանա այնտեղից հանել նրանց:
«Հիմա չենք կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ անել: Խնայողությունները վերջանում են, աշխատանք չենք կարողանում գտնել»:
Լիբանանահայերին հատկացված կացարանը բաղկացած է մեկ սենյակից, որը ծառայում է որպես հյուրասենյակ, ննջարան եւ ճամպրուկների պահեստ: Խոհանոցը, լողասենյակը եւ զուգարանը ընդհանուր է: Նրանց տրվում է միանվագ նպաստ' տասներեք հազար դրամ ամսեկան, անկախ ընտանիքի անդամների քանակից:
Այն հարցին, թե ինչու՞ են Հայաստան եկել, այլ ոչ թե մեկ ուրիշ երկիր, ասացին. «Մտածում էինք, որ հայրենիքում ավելի լավ կլինի»:
ՀՀ Միգրացիոն գործակալության տվյալներով' իսրայելա-լիբանանյան հակամարտության ժամանակ Հայաստան ժամանածներից միայն 300-ն է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար' 51 իսրայելցի, 250 լիբանանցի (230-ը' հայ, 15-ը' արաբ կամ ասորի): Հայտնի չէ, թե նրանց որ մասն է արդեն հեռացել, որովհետեւ շատ դեպքերում նրանք իրենց մեկնելու մասին չեն տեղեկացնում:
«Իրենց պատմելով' այդ պահին ճանապարհը բաց էր միայն Հայաստան: Բոլորը հույս ունեն, որ այս ամենը շուտով կվերջանա, եւ նրանք կվերադառնան իրենց երկիր: Իհարկե, դա ցանկալի կլինի, որովհետեւ այստեղ ոչ բոլորն են համակերպվում: Բնիկ լիբանանցիների համար այստեղ ամեն ինչ խորթ է, իսկ հայերն արդեն սովորել են այնտեղի կյանքին եւ, չենք զարմանում, որ ուզում են վերադառնալ»,- ասում է Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը:
Լիբանանահայ Անահիտ Գույումջյանն ասում է, որ ուրիշ ճանապարհ չունեին, բացի Հայաստան գալուց: Հիմնական ճանապարհները փակ են եղել: ԱՄՆ, Կանադա եւ եվրոպական երկրներ գնալու հնարավորություն են ունեցել միայն բնիկ լիբանանցիները:
«Չգիտես ինչու այդ մարդիկ Հայաստանը դիտում են որպես տարանցիկ երկիր: Նույնիսկ մեկ լիբանանցի կար, որ հատուկ եկել էր այստեղ, որպեսզի հետո Հոլանդիա գնա: Ասում են, որ իրենց երկրից դա ավելի թանկ է եւ դժվար: Բայց չգիտեմ, թե ինչու՞ են որոշել, թե այստեղից ավելի հեշտ է կամ էժան»,- ասում է Ռուզաննա Պետրոսյանը:
Եկածների մեծ մասը բնակվում է բարեկամի կամ ընկերոջ տանը, մի մասը բնակարան է վարձել, իսկ երեք ընտանիք ապրում է հանրակացարանում: Տիկին Պետրոսյանի խոսքերով' նրանք կարող են ընդմիշտ մնալ: «Եթե որոշեն մնալ, ապա պիտի նկատի ունենան, որ այդ կացարանը տրված է երեք ամիս ժամկետով, եւ նրանք պետք է այդ ընթացքում կարողանան բնակարան գտնել»:
Մարդու կյանքին վտանգ սպառնացող երկրից ժամանածներին ժամանակավոր ապաստանի իրավունք տրվում է մեկ տարի ժամկետով: Եթե տվյալ երկրում զինված հակամարտությունները դեռ շարունակվում են, ապա այդ ժամկետը երկարաձգվում է: Բայց, անկախ բոլոր հանգամանքներից, կացարան տրվում է միայն երեք ամսով: Համաձայն ընթացակարգի' սկզբում յուրաքանչյուր ապաստան հայցողի տրվում է ժամանակավոր վկայական, որն ուժի մեջ է երեք ամիս: Եթե տվյալ մարդու հայրենիքում իր կյանքին դեռեւս վտանգ է սպառնում, նա կարող է երկարացնել վկայականի ժամկետը մինչեւ մեկ տարի:
Կա նաեւ հատուկ կացության կարգավիճակ, որի ժամկետը տասը տարի է: Այն տրվում է հայ ազգի օտարերկրյա քաղաքացիներին, եթե նրանք Հայաստանում երկար մնալու ցանկություն ունեն: Նրանց տրվում է անձնագիր հատուկ կարգավիճակի նշումով: Այս փաստաթղթի գրանցումն արժե երեք հարյուր ԱՄՆ դոլար:
Միգրացիոն գործակալության տվյալներով' վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով դիմած մարդկանց թիվն անհամեմատ շատացել է: Առաջին զանգվածային հոսքը սկսվեց Իրաքի պատերազմի ժամանակաշրջանում: 2000-2006թթ. ընթացքում Հայաստան է եկել 399 Իրաքի քաղաքացի, որոնց մեծ մասը, դարձյալ, հայեր էին:
Մեկնաբանել